HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչո՞ւ չեն գտնում «կորածի» դիակը

Գագիկ Նիկողոսյանի որդին` 29-ամյա Էդիկը, 2004 թ. հոկտեմբերի 5-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Ծնողները վստահ են, որ իրենց որդուն սպանել են: Ավելին` հայրը պնդում է, որ գիտի որդու «գերեզմանի» տեղը, սակայն իրավապահները «չեն ուզում դիակը հայտնաբերել»: Որդու անհետանալուց շուրջ երկու տարի անց` 2006 թ. սեպտեմբերին, Գ. Նիկողոսյանի բջջային հեռախոսին զանգահարել է մի անծանոթ եւ վստահեցրել, որ Էդիկի դիակը գտնվում է Աշոտ Վարդանյանի (նա սպանվել էր դրանից մոտ 6 ամիս առաջ - Ա. Դ.) ամառանոցում: Զանգողը պատմել է, որ դիակը սկզբում ծածկվել է բետոնով, այնուհետեւ՝ հողով: Գագիկ Նիկողոսյանն այս մասին պատմել է բարձրաստիճան իրավապահներին, այդ թվում` գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին եւ որդու անհետացման գործը քննող Հայկ Էյրամջյանին: Ի վերջո, մոտ երկու ամիս անց իրավապահներն ուղեւորվել են Ապարանի Քուչակ գյուղի մոտ գտնվող հիշյալ ամառանոց: «Նախօրոք պայմանավորվել էինք, որ պիտի տեխնիկա տանեինք ու ամբողջ հողամասը քանդեինք: Բոլոր ծախսերը ես վերցրել էի ինձ վրա: Բայց հետո թույլ չտվեցին ու խոսքները փոխեցին»,- պատմում է որդուն գտնելու համար տուն ու տեղ ծախած Գ. Նիկողոսյանը: Ըստ նրա՝ 1400 քմ տարածք ունեցող ամառանոցում 2-3 ոստիկաններ խորովածի շիշը մի քանի տեղ խրել են հողի մեջ ու հայտարարել, թե տեղեկությունը սուտ է: Մինչդեռ հայրը վստահ է, որ որդու դիակը գտնվում է հենց այդ ամառանոցում: Նա անծանոթի հետ ունեցած հեռախոսազրույցից այնպիսի տպավորություն է ստացել, որ վերջինս անձամբ մասնակցել է Էդիկի «թաղման արարողությանը»: Էդիկի անհետանալուց հետո վրեժխնդրության հողի վրա մեկը մյուսին հաջորդեցին աղմկահարույց սպանություններ: Այն ժամանակ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը բառացիորեն հայտարարեց. «Սրանք շարունակական սպանություններ են: Առաջինը Էդիկն է, որ չկա: Երկրորդը՝ «Քաղցրիկի» Աշոտը, ում զավակների ձեռքով անհետացել է Էդիկը: Երրորդը՝ Ստեփան Վարդանյանի ընկերոջ վրա կատարված մահափորձը: Չորրորդը՝ Աշոտ Վարդանյանի տղայի ընկերների կողմից սպանված Ստեփանն է... Էլի են սպանություններ լինելու, եթե բարձրաստիճան ոստիկանները սրա առաջը չառնեն ու էս սպանությունների շարանը չբացեն»: Ոստիկանները, ըստ էության, ոչինչ չարեցին, եւ Թամամյանի «մարգարեությունը» իրականացավ. 2007-ի հուլիսին Աշոտ Վարդանյանի գերեզմանի մոտ հնչեցին կրակոցներ` խլելով Արտավազդ (Արտյոմ) Վարդանյանի եւ նրա երկու ուղեկիցների կյանքը: Արտավազդը նույնիսկ չէր հասցրել իր հետ հոր գերեզման տարած խունկը ծխեցնել եւ ծաղիկները դնել տապանաքարին: Իսկ մարդասպան(ներ)ը դեպքի վայրում թողել էր(էին) ռետինե արյունոտ ձեռնոցներ: «Հետքն» այս պատմությանն անդրադարձել է դեռեւս 2007 թվականին: Այն ժամանակ մենք գրել էինք, որ հիշյալ սպանություններն ուղղակի հետեւանքն են Էդիկի անհետացման գործը քննող ավագ քննիչ Հայկ Էյրամջյանի անգործության, եթե այն կարելի է անգործություն անվանել: Էյրամջյանի գործունեությունն այդպես էլ իրավական գնահատականի չարժանացավ: Գագիկ Նիկողոսյանն իր կապերի միջոցով պարզել է, թե իր բջջայինին զանգող անծանոթն ինչ հեռախոսով է իրեն զանգել, որ համարի քարտով եւ բացի իրենից տվյալ քարտով ուրիշ ինչ համարների են զանգահարել: Այս տվյալները նա փոխանցել է քննիչ Հայկ Էյրամջյանին, սակայն վերջինս անծանոթին գտնելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկել: «Տղայիս հագուստը` երկու տոպրակով, տնային հողաթափերը, երկու զույգ կոշիկները քննիչի մոտ էին: Դրանք որդիս հագել էր դեպքի նախորդող օրերին եւ չէին լվացվել: Իսկ երբ հեռախոսազանգը ստացա, որ դիակը գտնվում է Վարդանյանների ամառանոցում, այդ ամենը քննիչ Էյրամջյանի աշխատասենյակից անհետացավ, որ հանկարծ շուն չպահանջեի: Որովհետեւ հատուկ վարժեցված շունը կարող էր այդ իրերի հոտով ամառանոցում տղայիս հետքը գտնել»,- ասում է Էդիկի հայրը: Նախապատմությունը Հորեղբորորդիներ Գագիկ եւ Աշոտ Վարդանյանները 1980-ականների վերջին հիմնադրել են համատեղ բիզնես, որը հետագա տարիներին հաջողությամբ զարգացել է: Սակայն 1997 թ. համատեղ բիզնեսը կիսելուց հետո վերջիններիս մոտ առաջացել է թշնամանք, որը փոխանցվել է նաեւ նրանց որդիներին: Հակառակ ճամբարներում են հայտնվել մի կողմից Գագիկ Վարդանյանի որդին՝ «Բոլերո» շոգեբաղնիքի սեփականատեր Ստեփանը, մյուս կողմից՝ «Քաղցրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանի երկու տղաները՝ Արտավազդը (Արտյոմը) եւ Արթուրը: Գագիկ Նիկողոսյանը պատմում է, որ այս երկու ընտանիքների միջեւ սկիզբ առած վեճ ու կռիվների ժամանակ իր որդին՝ Էդիկը, միշտ «կանգնել է ընկերոջ՝ Ստեփանի թիկունքին»: Արդյունքում 2004 թ. հոկտեմբերի 5-ի գիշերը Էդիկին զանգել է իր մի քանի օրվա ծանոթ Կարեն Գեւորգյանը, ու նրանք Էդիկի տան մոտից՝ Բուզանդի 22 հասցեից, տաքսիով գնացել են 15-րդ թաղամաս: Հետագայում տաքսու վարորդը ցուցմունք է տվել, որ վերջիններս մեքենայից իջել ու հանգիստ զրուցելով հեռացել են: 29-ամյա Էդիկին այլեւս ոչ ոք չի տեսել, իսկ Կարենը հաջորդ օրը երեկոյան Երեւան-Մոսկվա չվերթով Հայաստանը լքել է: Օրեր անց Արտավազդ եւ Արթուր Վարդանյանները ու նրանց վարորդ Հմայակ Սահակյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Վարդանյան եղբայրները խոստովանել են, որ Կարեն Գեւորգյանին իրենք են ուղարկել Մոսկվա: Սակայն Կենտրոնի ոստիկանները հարցաքննության ժամանակ դիմել են բիրտ միջոցների, ինչի պատճառով էլ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի միջամտությամբ կասկածյալներն ազատ են արձակվել: Իսկ գործի քննությունը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին` ավագ քննիչ Հայկ Էյրամջյանի վարույթ, ու մտել փակուղի: «Քննիչ Էյրամջյանն այնքան էր նագլիացել, որ միչեւ 2007 թ. ինձ խաբում էր, թե Կարենը միջազգային հետախուզման մեջ է, իսկ նրա մտերիմ հարազատները հսկողության տակ են, ու հենց նա կապ հաստատի ընտանիքի հետ, անմիջապես կգտնեն: Բայց իրականում Կարենի կինն ու երկու երեխաները դեռ 2005 թ. փետրվարին կեղծ փաստաթղթերով մեկնել էին Կարենի մոտ: Էս մասով հետո գործ հարուցվեց ու մտավ դատարան: Բայց մեղավորներին նույնիսկ 50 դրամ չտուգանեցին»,- պատմում է Գագիկ Նիկողոսյանը: Երեք տարի առաջ քննիչ Հայկ Էյրամջյանը «Հետքին» նույնպես վստահեցրեց, թե Կարեն Գեւորգյանը հետախուզվում է Ինտերպոլով եւ համոզվելու համար խորհուրդ տվեց նրա անուն-ազգանունը փնտրել Ինտերպոլի կայքէջում: Սակայն վերջինիս տվյալները գտնել մեզ այդպես էլ չհաջողվեց. դրանք ուղղակի հիշյալ կայքէջում զետեղված չէին: «Երբ ես գնացի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մնաց Սարգսյանի մոտ, պատմեցի քննիչ Էյրամջյանի խաբեության մասին, դատախազի տեղակալն ասաց` «որովհետեւ դու անընդհատ բողոքում էիր` խի ռոզիսկ չեք տալիս, ինքն էլ այդ ձեւով փորձում էր ցույց տալ, թե իբր աշխատում է: Բա պիտի խաբեր, ի՞նչ աներ»: Էս պատասխանից հետո էլ ի՞նչ ասեի»,- հարցնում է Գագիկ Նիկողոսյանը: Էդիկի ընկերոջ` Ստեփանի հայրն ավելի ուշ ոստիկանությունում տված իր ցուցմունքում գրել է. «...2004 թ. հոկտեմբերի 5-ին իմ տղան` Ստեփան Վարդանյանն ասաց, որ ընկերներից Էդուարդ Նիկողոսյանը տանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Ստեփանը ողջ օրը փնտրել, սակայն չի կարողացել գտնել ընկերոջը: Ստեփանը ձեռք է բերել Արտավազդ Վարդանյանի բջջային հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումները եւ դրանցով պարզել, որ Էդուարդ Նիկողոսյանի անհետանալու նախորդող եւ հաջորդող ժամերին Աշոտ Վարդանյանը, Արտավազդ Վարդանյանն ու Կարեն Գեւորգյանն անընդհատ հեռախոսազրույցներ են ունեցել իրար հետ, ինչից հասկացել է, ավելին` ոչ թե կասկածել, այլ համոզվել է, որ Կարեն Գեւորգյանը, Արտավազդ Վարդանյանն ու Աշոտ Վարդանյանը կապ ունեն Էդուարդ Նիկողոսյանի անհետ կորելու հետ: Քանի որ Էդուարդ Նիկողոսյանն անհետացել է Կարեն Գեւորգյանի հետ հանդիպելուց հետո: Այդ ամենը հասկանալուց հետո Ստեփանն ինձ ասաց, որ այլեւս Էդուարդ Նիկողոսյանը չկա, նրան հաստատ վերացրել են»: Էդիկի անհետանալուց շուրջ 1,5 տարի անց Երեւանի կենտրոնում հրազենային կրակոցից սպանվեց Աշոտ Վարդանյանը: Մոտ մեկ տարի անց` 2007-ի մայիսի 7-ին, սպանվեց Ստեփան Վարդանյանը (ինչպես Հովհաննես Թամամյանն էր ասել` Աշոտ Վարդանյանի տղայի ընկերների կողմից): Չանցած մեկ ամիս` Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը սպանվեցին Աշոտ Վարդանյանի որդին` 33-ամյա Արտավազդը, վերջինիս աներորդին՝ 30-ամյա Վարդան Մելիքյանը, եւ վարորդը՝ 43- ամյա Գրիգոր Ստեփանյանը: Միայն այս սպանություններից հետո գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի մոտ տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որի արդյունքում որոշվեց նշված սպանությունների համար հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում: Նախաքննության իրականացումը հանձնարարվեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչությանը: Սակայն Գագիկ Նիկողոսյանը նշում է, որ անցած 3 տարիների ընթացքում քննությունն իրականացվել է միակողմանի: Նա իր ասածը հիմնավորելու համար առաջ է քաշում տարբեր փաստարկներ եւ տարակուսում, որ իր որդու գործով որեւէ առաջընթաց չի գրանցվել, անգամ այն բանից հետո, երբ Ֆրանսիայում ձերբակալվել է Կարեն Գեւորգյանը: շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter