HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մոնթե. « ...մեր երբեւէ ունեցած լավագույն Աստվածը»

«Հարավային Կովկասի լեռնաբնակները նրան սուրբ էին հայտարարել` կոչելով «մեր սուրբ տղա»: Իսկ New York Times-ի լրագրողը հիշատակել էր մի հայի, որը նրան անվանել էր «մեր երբեւէ ունեցած լավագույն Աստվածը»... »: Սա հատված է «Ավո» գրքի նախաբանից: 1993 թ. հունիսի 12-ին Արցախում ընկավ Մոնթե Մելքոնյանը: Այսօր նրա ընկերը` «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը, եւ արցախյան գոյամարտի ժամանակ հատուկ նշանակության` հետախուզական դիվերսիոն խմբի հրամանատար Վովա Վարդանովը «Արմատ» ակումբում խոսում էին մեր ազգային հերոսի` Ավոյի մասին: «Սամվել Շահինյանից եւ Վազգեն Մանուկյանից հետո ընդհանուր ռազմական ղեկավարը դարձավ Վազգեն Սարգսյանը (նկատի ունեմ` ֆիդայական շարժման ղեկավար)։ Նրա՝ սկզբում խնդրանքով, հետո հրամանով ես ծանոթացա մի սփյուռքահայ տղայի հետ, որի անունը Մոնթե էր: Դա 90 թ. հունվարի վերջն էր, փետրվարի սկիզբը: Ես կտրականապես դեմ էի, որ սփյուռքահայն ընդգրկվեր ջոկատում: Բայց երբ զրուցեցի, ոնց ասեմ` ինքը շատերիցս ավելի հայ էր: Ու եթե էդ տղեն չմասնակցի էդ գործին, բա ո՞վ,- պատմում է Վարդանովը:- Երբ ես հիմնադիր անդամների` հետախույզների հետ զրուցեցի, ասացի` էսպիսի բան կա, ես արդեն կարծիքս փոխել եմ, իմ տեղակալը` Արտակ Բագրատյանը, խիստ նեղացավ ինձանից: Բայց Մոնթեի հետ շփվելուց հետո նույնպես կարծիքը փոխեց: Իսկ Արշակն ուղղակի սիրահարված էր Մոնթեին: ...Ուղղակի Վազգենը մի պայման էր դրել, որ իրան թիկունք չտանենք, բայց մեր բոլոր օպերացիաները կապված էին թիկունք մտնելու հետ: Նույնիսկ Մոնթեն զբաղված էր զուտ մեր մտնելու եւ դուրս գալու անվտանգությունն ապահովելով... Խումբը 13 անգամ եղել է թիկունքում ու ոչ մի անգամ չի հայտնաբերվել: Եղել է` մեր դիրքերում հայտնաբերել են մեր տղաները, ուրիշ ջոկատներից մեզ վրա կրակել են, բայց թուրքերի կողմից, փառք Աստծո, չենք հայտնաբերվել»: Վովա Վարդանովը հիշում է, որ թեեւ սովետական եւ արեւմտյան քարտեզագրության մեջ կա տարբերություն, այնուամենայնիվ, Ավոն շատ շուտ ըմբռնել է տարբերությունը եւ նույնիսկ սկսել քարտեզագրության հարցում խորհուրդներ տալ մյուսներին: Վարդանովը հիշում է նաեւ 1-2 լուրջ օպերացիաներ, որոնք իրականացրել են Մոնթեի հետ միասին: Օրինակ` մի անգամ մոտ 24 կմ խորացել են թշնամու թիկունքը, որպեսզի գերեվարեն Քեդաբեկի քաղաքապետին ու վերջինիս փոխանակեն Կամո Դանիելյանի (Չուգուն Կամոյի) հետ: Մի ուրիշ անգամ էլ  ադրբեջանցիների հետ պայմանավորվել են, որ նրանք` մեր, մերոնք էլ նրանց անասնապահներին ձեռք չեն տա: «Բայց Քեդաբեկի շրջանի Ղարալար եւ Ղարավելար գյուղերը մեկ-մեկ իրենց շատ ստոր էին պահում` անսպասելի հարձակվելով ու գերեվարելով մեր անասնապահներին: Մենք պատասխան գործողություն կազմակերպեցինք, որից հետո իրանք շատ լուրջ ձեւով մտածում էին` մյուս անգամ ոտնձգություն անե՞ն հայ աշխատավորի նկատմամբ, թե՞ ոչ: Ինչը եթե արվեր, ասենք, Ղազախի նկատմամբ, երեւի մինչեւ հիմա էլ չէին կրակի Չինարիի կամ Այգեպարի վրա»,- ասում է Վովա Վարդանովը: Նա պատմում է, որ իրենց ջոկատում գործել է շատ կարեւոր մի սկզբունք. լինել պրոֆեսիոնալ, իսկ քաղաքականությունը պահել` տանը խոսելու համար: Սակայն Ավոն, այնուամենայնիվ, այս սկզբունքը խախտել է` քաղաքականության մասին զրույցի բռնվելով զինակիցների հետ: «Մոտավորապես 1,5-2 ամիս հետո դադարեցի դրա դեմ պայքարել, որովհետեւ հասկացա, որ նրա քաղաքական զրույցներն այնքան քաղաքական չէին, ինչքան ազգայնական»: Վարդանովի խոսքերով` Մոնթեն այն երեւույթն է, որ իր կյանքը կամովի զոհաբերեց հանուն ազգի, եւ նա պետք է օրինակ դառնա ողջ հայության համար: Իսկ Ալեք Ենիգոմշյանը, ամփոփ ներկայացնելով Մոնթեի կենսագրությունն ու նրան բնութագելով իբրեւ «հայ ժողովրդի շատ սուղ եւ թանկ զավակ», անդրադարձավ նրա մարդկային հատկանիշներին. «Այնքան բան կարելի է ասել Մոնթեի էության եւ կերպարի մասին, բայց այսօր փորձում եմ ընդամենը կարճ ձեւով 3 որակների անդրադառնալ: Մեկը Մոնթեի գաղափարական եւ բարոյական կերպարն էր: Նա մասնակցեց Արցախի ազատագրական պայքարին ոչ պարզապես որպես զինվոր: Նա արցախյան ազատամարտն ընկալում էր ընդհանրապես հայկական ազատագրական պայքարի ծիրից ներս եւ շատ լավ գիտակցում էր, թե Արցախն ինչ նշանակություն ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի համար... Մյուսը նրա բարոյական կերպարն էր: Բոլորս գիտենք` ինչքան մաքուր, անբիծ անձնավորություն էր Մոնթեն: Նա ոչ մի ձեւով իր հրամանատարի առավելությունը չի օգտագործել անձնական նպատակների համար: Ընդհակառակը, եղել է այնպիսի մի կերպար, հրամանատար, որն ինքն իրեն պահել է զինվորից էլ ստորադաս վիճակում` իրավունքների առումով: Եվ նրա այս հատկանիշն անցնող 20 տարիներին եւ նաեւ այսօր այնքան անհրաժեշտ է մեզ համար` եւ ղեկավարության, եւ, ընդհանրապես, ժողովրդի առումով: Եվ շատ կարեւոր հատկանիշ, որ ուներ Մոնթեն, իր կամքի ուժն էր: Նրա համար հուսահատություն ասվածը գոյություն չուներ: Ամենադժվար պայմաններում նա հավատացել է հաղթանակին եւ այդ հաղթանակի կամքով կարողացել է ձեռք բերել իսկապես մեծ հաղթանակներ»: Ավարտելով խոսքը` Ենիգոմշյանը նշում է, որ Ավոն ուղղակի ցույց տվեց, թե կյանքի իմաստը որն է: Իսկ մյուս բանախոսը` Վարդանովը, հիշում է, որ երբ Մոնթեն զոհվեց, նրա համար մեծ գլխագին նշանակած ադրբեջանցիները խնջույքներ էին կազմակերպում նույնիսկ Ռուսաստանում: «Տյումենից մի քիչ հյուսիս թուրքերը նույնիսկ շատ մեծ բանկետ էին արել` Մոնթեի զոհվելու կապակցությամբ: Ճիշտ է` իրենք նույնիսկ չկարողացան այդ հացն ուտել. բանկետը հանկարծակի հրկիզվեց: Կարճ ասած` նորմալ հայեր ամեն տեղ կան: Բայց Մոնթեի երեւույթը նկարագրում է թեկուզ հենց դա»,- ասում է Վովա Վարդանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter