HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակակարկտային կայաններ են տեղադրվում իսկ կարկուտը շարունակում է ծեծել ծեծած տեղը

Մոտավոր հաշվարկներով` գյուղացիական տնտեսություններին կարկտի հասցրած վնասի չափը տարեկան կազմում է 16-20 մլրդ դրամ, սակայն Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանի ասելով` ներկայացված վնասի չափն իրականում ավելի շատ է, քանի որ համայնքապետերի մի մասը մտածելով, որ Կառավարությունից ամեն դեպքում օգնություն չեն ստանալու, ընդհանրապես ակտ չեն կազմում, թե կարկուտն ինչ չափի վնաս է հասցրել իրենց համայնքներին: Այժմ հանրապետության տարածքում հակակարկտային կայաններ տեղադրում են «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը եւ «Բարվա» ՍՊԸ-ն: ՊՈԱԿ-ը Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում ունի 15-ական հակակարկտային կայան, իսկ Արարատի մարզում՝ 40: Մինչեւ տարեվերջ եւս 40 կայան կկառուցվի Արմավիրի մարզում: 80 հակակարկտային կայան էլ տեղադրել է «Բարվա»-ն, որից 30-ը` Ղարաբաղի Ասկերանի ու Մարտունու շրջաններում: Տարբեր են նաեւ ՊՈԱԿ-ի եւ ՍՊԸ-ի կառուցած հակակարկտային կայանների արժեքները: ՊՈԱԿ-ի տնօրենի ասելով` իրենց կայանները պատրաստում է հայկական «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ն: Կայանները կառուցվում են պետբյուջեի միջոցներով՝ մեկ կայանը 8.5-9 մլն դրամով, իսկ «Բարվա»-ն կառուցում է 5 մլն դրամով (առանց ԱԱՀ-ի): ՀՀ պետբյուջեի եւ «Ճապոնական գործընկերային հիմնադրամ»-ի հատկացրած 240 մլն դրամի շրջանակներում մինչեւ տարեվերջ Արարատի եւ Արմավիրի բնական տարերքներից առավել խոցելի համայնքներում կտեղադրվի եւս 28 հակակարկտային կայան: Ինչպես հայտնի է, աշխատանքներն իրականացնելու է շինմրցույթում հաղթած «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերությունը: Մեկ հա տարածք կարկտից պաշտպանելու համար ՊՈԱԿ-ը տարեկան ծախսում է մոտ 30 000 դրամ, մեկ կայանը ծածկում է 80 հա տարածք, իսկ «Բարվա»-ինը՝ 100 հա: «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե մեկ կայանը շահագործելու համար ինչքա՞ն գումար է ծախսվում պետական բյուջեից, եւ այս տարի ՊՈԱԿ-ին որքա՞ն գումար է հատկացվել: Հարցը նրան դուր չեկավ եւ, տեղից վեր կենալով, սկսեց գոռգոռալ ու սենյակով մեկ պտտվել: «Բայց ձեր ինչի՞ն է պետք, թե մեզ ինչքան գումար է հատկացվել: Գաղտնիք չէ, բայց դուք ի՞նչ կապ ունեք կայանների աշխատանքի հետ: Ես ինչի՞ պետք է ասեմ, թե իմ ֆինանսական միջոցներն ինչքան են: 143 մլն դրամ է, այդ թիվը ձեզ ի՞նչ տվեց, ի՞նչ եք ուզում դրանով ասել: Ամիսը 500 հազ. դրամ միայն տարածքի վարձակալության գումար ենք տալիս: Ես կարող եմ ձեր ոչ մի հարցին էլ չպատասխանել, իզուր էլ համաձայնվեցի ձեզ հետ զրուցել: Գումարը ձեզ չպիտի հետաքրքրի, ոնց որ եկել ստուգում եք անում, Վերահսկիչ պալատի գործառույթներ եք հիմա իրականացնում»,- բարկացած պատասխանեց Ռ. Հովսեփյանը: Նա ասաց, որ լրագրողների հետ աշխատելու փորձ շատ չունի, սակայն հարցազրույցներ տվել է դեռեւս 1975 թ.-ից «Պրավդա» եւ այլ թերթերի, եւ ոչ ոք նրան այդ կարգի հարցեր չի տվել: Որպես «ապացույց» նա դարակից հանեց արդեն խունացած թերթերի մի կապոց, որտեղ իր հարցազրույցներն էին տպագրվել: Պրն Հովսեփյանը զգայուն էր հատկապես ֆինանսներին վերաբերող հարցերին պատասխանելիս: Մոտավորապես 20 րոպե նա վիճում էր, մինչեւ գումարի կամ ծառայության արժեք էր ասում: Փոխարենը սկսեց «դիվանագիտորեն» քննադատել «Բարվա» ՍՊԸ-ին` վերջում հավելելով. «Աստված իրենց հետ, ես Վարդանյանի դեմ ոչինչ չունեմ (նկատի ունի «Բարվա»-ի նախագահ Արամ Վարդանյանին): Հետո ցույց տվեց Կառավարության եւ պաշտոնատար անձանց այն գրությունները, որով քննադատվում էր «Բարվա»-ի գործունեությունը: «Ոչ լիցենզիա ունեն, ոչ մի բան, ինքն իրեն է կառուցում: Իմ նախարարն ինձ կանչել է ու խիստ հրահանգել, թե այլ ընկերություններն ինչպե՞ս են հակակարկտային կայաններ կառուցում, մեզ էլ տեղյակ չեն պահում եւ այլն: Փոխվարչապետը հանձնարարական է տվել, որ նրանց գործունեությունն արգելվի, բայց այդ հանձնարարականը մինչեւ օրս չի կատարվել»,- ավելացրեց Ռ. Հովսեփյանը եւ սեղանին դրեց մի շարք պաշտոնյաների հանձնարարականներ: 2009 թ. վարչապետը հանձնարարական է տվել, որ կայաններ տեղադրողներն անցնեն միջազգային սերտիֆիկացման գործընթաց եւ համապատասխանեն ԻՍՕ չափորոշիչներին: Իսկ 15.07.2009 թ. ստորագրված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ, որտեղ ուսումնասիրություններ են կատարվել «Բարվա» ՍՊԸ-ի կողմից Շիրակի մարզում տեղադրված կայաններում, պարզվել է, որ մի շարք գյուղական համայնքներում տեղակայված 6 հակակարկտային կայանների շահագործումը եւ սպասարկումը Փրկարար ծառայության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից անհնարին է՝ դրանց թերությունների պատճառով: Ռոբերտ Հովսեփյանն ասաց, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նույնպես մի քանի անգամ քննադատել է «Բարվա»-ի գործունեությունը: «Եթե քննադատել է, այդ դեպքում Արմեն Գեւորգյանն ինչո՞ւ է այս տարվա մայիսի 28-ին մասնակցել Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում «Բարվա» ՍՊԸ-ի կառուցած հակակարկտային կայանի փորձարկման արարողությանը» հարցին ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանեց. «Ես չգիտեմ, տեղյակ էլ չեմ, թե Քարակերտում ինչ է կառուցվել»: Ռ. Հովսեփյանի մոտ կային նաեւ Արագածոտնի մարզի Կարբիի եւ Օհանավանի համայնքապետերի 24.05.2010 թ. նամակների պատճենները` ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին: Դրանք գրված էին նույն օրը եւ նույն ձեւաչափով, տպավորությունն այնպիսին էր, կարծես նամակները նույն մարդն է գրել: «Մայիսի 17-ին տեղացած կարկուտը վնասել է Օհանավանի 800 հա պտղատու այգիների բերքի 80-90 տոկոսը: Օհանավան գյուղի տարածքում տեղադրված է 3 հակակարկտային կայան, որը կարող է պաշտպանել 240 հա այգի, մնացածը մնում է անպաշտպան: Եւս 7 հակակարկտային կայանի կարիք ունենք»,- գրված է Օհանավանի գյուղապետ Նշան Միսակյանի նամակում: Կարբիի գյուղապետն էլ պահանջել է եւս 4 նոր կայանի տեղադրում: Այստեղ պարզ է Ռոբերտ Հովսեփյանի` նամակները մեզ ցույց տալու շահագրգռվածությունը: Քանի որ արդեն տեղադրված կայանները շահագործում է ՊՈԱԿ-ը, պարզ է, որ գյուղապետերի պահանջած նոր կայանները պետբյուջեի հաշվին պետք է տեղադրի եւ շահագործի դարձյալ ՊՈԱԿ-ը, ինչը ենթադրում է հավելյալ ֆինանսական միջոցների շրջանառություն: ՊՈԱԿ-ի կայանների արդյունավետության մասին խոսեցինք նաեւ Օհանավանի գյուղապետ Նշան Միսակյանի հետ: Մեզ հետ զրույցում Ն. Միսակյանը նշեց, որ կարկուտ եկել է նույնիսկ հակակարկտային կայանների տարածքում: «Սուտ կլինի, որ ասեմ, թե այդ կայանները օգուտ չեն տալիս, բայց այդքան էլ արդյունավետ չեն: Նախ` ուշ են կրակում, ամպերն արդեն հավաքվում են, կարկուտը գալիս է, նոր կրակում են, ու դա օգուտ չի տալիս: Անցյալ տարի էլի կարկտահարված խնձոր ունեցանք, բայց այս տարի ընդհանրապես բերք չունենք, նույնիսկ հակակարկտային կայանների տարածքում»,- ասաց Ն. Միսակյանը: «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանն էլ չցանկացավ մեկնաբանել Ռոբերտ Հովսեփյանի մեղադրանքները ՍՊԸ-ի հասցեին: Ինչ վերաբերում է Կառավարության գերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը, ապա ՍՊԸ-ի տնօրենի ասելով`դրան ծանոթ չէ: Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին «Բարվա»-ի ներկայացուցիչը ներկա է եղել ընդամենը մեկ անգամ: Ա. Վարդանյանն ասաց, որ իր արտադրած կայաններն ու սարքավորումները լիցենզավորման ենթակա ապրանքների ցանկում չկան, հետեւաբար լիցենզավորում չի կարող լինել: «Իսկ ինչո՞ւ պիտի ինչ-որ մեկը մեզ թույլ տա, որ կայանները տեղադրենք: Ենթադրենք դուք բան եք արտադրում ու վաճառում եք, ո՞ւմ թույլտվությունը պիտի լինի, հո Սովետական Միությունը չի՞»,- ասում է ՍՊԸ-ի տնօրենը: Նրա խոսքերով, իրենց կայանները չափորոշիչներով գերազանցում են արտասահմանյան ընկերությունների բոլոր անալոգները: «Մշակել ենք հատուկ մեթոդիկա, որով չափում ենք հարվածային ալիքի ուժգնությունը եւ տարածման ծածկույթի տիրույթը: Ուրիշներն այդպես չեն անում եւ չգիտեմ` նախանձից ինչ են լինում»: «Բարվա»-ի հակակարկտային կայաններն արտահանվում են Վրաստան, Իրան, շուտով` նաեւ Հունգարիա: «Շիրակի մարզում 27 կայան է տեղադրված, եւ բոլոր համայնքները ցնծության մեջ են: Ասելը մի բան է, հետո էլ, երբ դա ասում է մի մարդ, ով պետք է զբաղվի միայն կառավարման հարցերով, դա բոլորովին այլ է: Եթե ուզում են կայաններ արտադրել եւ առողջ մրցակցության մեջ մտնել, թող այդպես էլ անեն, ոչ թե 9 մլն-ով տենդեր հաղթեն կամ եսիմ ինչեր անեն: Մի խոսքով, ես ուրիշների հետ գործ չունեմ, մենք անում ենք մեր գործը, իսկ ով էլ մեր մասին խոսում է, Աստված իրենց հետ»,- եզրափակեց Արամ Վարդանյանը: «Բարվան» հակակարկտային կայաններ է տեղադրել նաեւ Արմավիրի մարզի Շենավան գյուղում: Գյուղապետ Արթուր Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ տեղադրված 3 կայաններն այնքան էլ արդյունավետ չեն: «Այս տարի հենց թարսի պես կարկուտը եկավ կայանների տարածքում, ճիշտ է, վնասը քիչ էր, բայց ամեն դեպքում գյուղացիները տուժեցին: Եթե կարկուտը մի քիչ ուժեղ լինի, այդ կայանները չեն կարող դեմն առնել»,- նշեց գյուղապետը: Փաստորեն, երկու արտադրողների հակակարկտային կայաններից էլ գյուղացիները դժգոհ են: Ու կարկուտը շարունակում է ծեծած տեղը նորից ծեծել: ------------------------------------------------------------------------- Մինչեւ 1992 թվականը Հայաստանում հակակարկտային ծառայությունը եղել է բավականին հզոր, եւ երկրի 16 շրջաններում մենք ունեցել ենք 60 հրթիռահրետանային մարտկոցներ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են եղել 4-5 զենիթային հրանոթներ եւ մեկ հրթիռային կայան, որոնց միջոցով էլ պաշտպանվել է 1 մլն հա ընդհանուր հողատարածք: Այդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ կայանների գործարկումը տվել է 90-95 տոկոս արդյունավետություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter