HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Համերգը հետաձգվում է «Մաքրություն» ծառայության հետ պայմանագիր չկնքելու պատճառով

«Եթե դուք նույնիսկ 500 հզ. դրամ վճարեք, մենք չենք տրամադրելու այդ թուղթը»,- ասել է «Մաքրություն» ծառայության աշխատակիցը Վաղը` ժամը 19:00-ին, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը նախատեսել էր համերգ անցկացնել Մոսկվա կինոթատրոնի հարակից հրապարակում: Սակայն քաղաքապետի ներկայացուցիչը նախաձեռնությունից պահանջել է ներկայացնել փաստաթուղթ այն մասին, որ համերգից հետո կիրականացվեն մաքրման աշխատանքներ: Իսկ Կենտրոն թաղապետարանի «Մաքրություն» ծառայությունն այսօր հրաժարվել է նախաձեռնությանը տրամադրել այդ փաստաթուղթը: «Երեկ այդ թուղթը մեզ չտրամադրվեց: Նախ, շատ մեծ գումար պահանջվեց այդ թուղթը տրամադրելու համար: Այսօր առավոտյան համաձայնեցինք 50 հզ. դրամ վճարել, բայց թաղապետի տեղակալի հետ հանդիպումից հետո, երբ նա տեղեկացավ միջոցառման բովանդակությանը, սկսվեցին խոչընդոտները, այսինքն` մի քանի ժամ հետո այդ սանկազմակերպության ներկայացուցիչը մեզ հայտնում է. «Եթե դուք նույնիսկ 500 հզ. դրամ վճարեք, մենք չենք տրամադրելու այդ թուղթը»: Այսինքն` մենք հնարավորություն չենք ունենալու այդ ի գիտություն ընդունված փաստաթուղթը քաղաքապետարանից ստանալու»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանը: Անգամ 500 հզ. դրամ վճարելու դեպքում փաստաթուղթը չտրամադրելու մասին հայտարարությունը եղել է բանավոր: «Մենք պահանջում ենք, որ այդ ամենը գրավոր մեզ ներկայացնեն, մեզ չեն ներկայացնում: Կենտրոնի թաղապետարանը «Մաքրություն» ծառայություն ունի, որը կոմունալ ծառայություններ է մատուցում: Դրա աշխատակից Հարություն Արոյանն է սա հեռախոսով հայտնել մեր նախաձեռնության անդամ Արամ Ապատյանին»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Քանի որ նախաձեռնությունն այժմ ընդամենը 1 օր ունի` այս ամենը բողոքարկելու համար, և զուտ կազմակերպչական առումով այդ ընթացքում չի կարող հաղթահարել խոչընդոտները, որոշել է միառժամանակ հետաձգել վաղվա համերգը: Համերգին մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել Դավիթ Ամալյանը, Վահան Արծրունին, «Արմենոիդս» խումբը, Մհեր Մանուկյանը, Ռուբեն Հախվերդյանը և այլ երգիչներ: Ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն, ասաց, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի համաձայն` «վարչական մարմինը իրավունք չունի պահանջել ներկայացնելու այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացնելը նախատեսված չէ օրենքով»: «Քաղաքապետի ներկայացուցչի կողմից պայմանագիր պահանջելը, որ հետագայում կիրականացվեն մաքրման աշխատանքներ, ի սկզբանե օրենքից դուրս էր, քանի որ օրենքով նախատեսված չէ, որ իրազեկողը պետք է ներկայացնի նման պայմանագիր»,- նշեց Ռոբերտ Ռևազյանը: Նա հավելեց, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում հստակ նշում է, թե իրազեկողը ինչ պետք է ներկայացնի իրազեկման հետ, և օրենքը չի սահմանում, թե իրազեկողը պետք է նման պայմանագիր ներկայացնի: «Այն, որ Կենտրոն թաղապետարանը պատասխանել է. «Նույնիսկ եթե 500 հզ. դրամ էլ տաք, մենք այդպիսի պայմանագիր չենք կնքի», արդեն խտրական վերաբերմունք է, որը արգելված է նաև Սահմանադրությամբ: Այսինքն` «մի կազմակերպության հետ մենք կկնքենք, իսկ կոնկրետ ձեզ հետ չենք կնքի»: Արդեն հասկանալի է` ենթատեքստը որն է եղել»,- ասաց փաստաբանը: Անդրադառնալով քաղաքապետի ներկայացուցչի որոշմանը, որ «Եթե չբերեք պայմանագիրը, իրազեկման որոշումը ի գիտություն չեմ ընդունի»` Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 12 հոդվածի համաձայն` լիազոր մարմինը իրազեկումը ստանալուց 72 ժամվա ընթացքում քննարկում է այն, որի արդյունքում կայացնում է որոշում: Որոշումը կայացնելուց անմիջապես հետո լիազոր մարմինը պետք է որոշման մասին տեղեկացնի միջոցառման կազմակերպիչներին, ոստիկանություն և որոշումը փակցնի բոլորի համար տեսանելի վայրում: «Այդ ամենը պետք է կատարի քաղաքապետարանը` որպես լիազոր մարմին: Ավելին, եթե 72 ժամվա ընթացքում լիազոր մարմինը որոշում չի ընդունում միջոցառումը արգելելու մասին, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն այն իրականացնելու իրազեկման մեջ նշված պայմաններում: Հետևաբար, արդեն իսկ քաղաքապետարանի ներկայացուցչի նման դիրքորոշումը, որ «որոշումը ի գիտություն չեմ ընդունի», կամայական մոտեցում է, իրավական տեսակետից որևէ հոդվածով, որևէ օրենքով արդարացված չէ»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը: «Ինչո՞ւ եք հետաձգել ձեր միջոցառումը, եթե քաղաքապետարանի մոտեցումը դուրս է օրենքից»,- հարցրեց լրագրողներից մեկը: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ համերգ կազմակերպելը կապված է բավականին մեծ ֆինանսական ռեսուրսների հետ է: Իրենք, լինելով հասարակական նախաձեռնություն, չեն կարող ներդնել այդպիսի մեծ ռեսուրսներ, մանավանդ երբ իշխանությունները կարող են և չթույլատրել համերգը: «Մենք չեղյալ չենք համարում, այլ հետաձգում ենք: Հավանաբար, դա կլինի հաջորդ շաբաթ կամ առաջիկա օրերին: Իսկ նախատեսել էինք շաբաթ օրը, որ Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ հերթական անգամ ցույց տայինք մեր կամքը և դիրքորոշումը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter