HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղի մասսայական ֆտորացման ծրագիրն աննպատակահարմար է

«Հետք» ինտերնետային էջում հրապարակված` Հայաստանի Հանրապետությունում աղի ֆտորացման ծրագրի իրականացման թեմայով Ատամնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր Ջեկ Սարոյանի հետ հարցազրույցի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. Ֆտորը համարվում է կարևոր միկրոտարր մարդու օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար: Ընդ որում, դրա ինչպես պակասը, այնպես էլ ավելցուկը նպաստում են տարբեր ախտաբանական երևույթների զարգացմանը, քանի որ ֆտորիդները 2-րդ դասի վտանգավորության (թունաբանական, կումուլյատիվ, հեռավոր ազդեցության տեսանկյունից) քիմիական նյութեր են: Ֆտորի պակասն էական դեր չի խաղում մեծահասակների մոտ: Ավելին, ֆտորի ավելցուկն ունի կուտակվելու` կումուլյացիայի հատկություն, որը կարող է պատճառ հանդիսանալ հետևյալ հիվանդությունների առաջացման  գործում` ֆյուորոզ, օստեոմալացիա, օստեոպորոզ, կռճիկային հյուսվածքի և ջլերի կալցինոզ, օստեոսարկոմա, նյարդային համակարգի հիվանդություններ և այլն: Օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար այն կարևորվում է մանկական հասակում: Ֆտորն օրգանիզմ է ներմուծվում խմելու և հանքային ջրի, սննդամթերքի (ձկնամթերք, լյարդ, ընկույզ, աշորայի ձավար, ոչխարի միս, կաթ, թեյ, սոխ, խնձոր, բրինձ) միջոցով, ինչպես նաև օդից` այն բնակավայրերում, որտեղ արդյունաբերությունից (օրինակ`ցեմենտի գործարան) մթնոլորտն աղտոտվում է ֆտորիդներով: Ֆտորի կարիես-կանխարգելիչ նշանակությունը կայանում է նրանում, որ թափանցելով էմալ, այնտեղ տեղակայված հիդրօքսիապատիտը վերափոխում է ֆտորապատիտի, որն ավելի կայուն է ատամնափառում տեղակայված միկրոօրգանիզմների կողմից արտադրվող թթուների նկատմամբ: Սակայն պետք է նշել, որ ֆտորի ավելցուկի դեպքում ֆտորապատիտի փոխարեն առաջանում է կալցիումի ֆտորիդ, որն էլ բերանի խոռոչի հիմնային նյութերի ազդեցության տակ հեշտությամբ քայքայվում է: Շատ երկրներում, որպես կարիեսի-կանխարգելիչ միջոց, օգտագործում են ֆտոր պարունակող հաբեր, ատամների մածուկներ, էլիքսիռներ և այլ միջոցներ: Ելնելով վերը նշվածից` կարելի է եզրակացնել, որ կարևորվում է ֆտորիդների անհրաժեշտ չափաքանակի ապահովումը մարդու օրգանիզմում` որոնք տարբեր են տարիքային տարբեր խմբերի համար: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը յոդացվում է վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման նպատակով:  Ֆտորը ճնշում է յոդի մետաբոլիզմը, ինչը կարող է նպաստել խպիպի առաջացմանը, հետևաբար հակասում է Հայաստանի Հանրապետությունում վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործընթացին` կապված աղի յոդացման հետ: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը մատակարարվում է միայն մեկ աղի կոմբինատից`  ամբողջապես յոդացված վիճակում:  Միաժամանակ, յոդով և ֆտորով հագեցված կերակրի աղի պարագայում կարող է տեղի ունենալ նշված տարրերի փոխազդեցություն, հետևաբար նաև անհրաժեշտ ազդեցության արդյունավետության նվազում: Անհրաժեշտ է նշել նաև, որ առանձին ֆտորով և յոդով հագեցված կերակրի աղերի արտադրությունը միևնույն գործարանում կհանգեցնի տեխնոլոգիական գործընթացների դժվարությունների առաջացման: ՀՀ-ում կերակրի աղի ֆտորացման անհրաժեշտության հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ ազգաբնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը  որոշելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է ընտրել սպառողների տարբեր խմբեր` հաշվի առնելով տարիքը, օգտագործվող սննդակարգը, հանքային ջրի օգտագործման քանակությունը, մատակարարվող խմելու ջրում դրա առկայությունը և խտությունը, բերանի խոռոչի անահատական հիգիենայի վիճակը, ֆտորիդների մթնոլորտ արտանետման աղբյուրի առկայությունը  /Երևանում տեղակայված «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ/: Հայտնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությունն օգտագործում է 1000-ից ավելի բնական աղբյուրների խմելու ջուր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն քիմիական կազմը, ընդ որում ջրաղբյուրներում ֆտորիդների քանակությունը հիմնականում տատանվում է 0,2-1,07 մգ/լ սահմաններում (օր. «Ուլաշիկ» ջրաղբյուրում` 1.07 մգ/լ, «Մաքրավան» ջրաղբյուրում` 0,7-0,8մգ/լ), իսկ որոշ ջրաղբյուրներում այն բացակայում է: Ֆտորի մեծ քանակություն են պարունակվում «Արարատ-Վեդի» հորատանցքի հանքային ջրում` 2,2մգ/լ, «Ջերմուկ 30/62»- ում` 1,17մգ/լ, «Ջերմուկ 1/2000»-ում` 0,45մգ/լ, «Արփի» հանքային ջրի արտադրության «Ջերմուկ» հանքային ջրում` 0,3մգ/լ: Հայաստանի Հանրապետության բնակչությունն ունի հանքային ջրի մեծ քանակություն օգտագործելու սովորություն, ինչպես նաև բերանի խոռոչի հիգիենայի պատշաճ պահպանման առումով խնդիրներ, ինչը պետք է հաշվի առնել ֆտորի պահանջը գնահատելու գործընթացում: Այսպիսով, ներկա պայմաններում ՀՀ-ում աղի մասսայական ֆտորացման ծրագիրը գտնում եմ աննպատակահարմար, սակայն կարիեսի կանխարգելման նպատակով առաջարկում եմ իրականացնել «Բերանի խոռոչի առողջության բարելավման» հանրային առողջապահական ծրագիր, որի կապակցությամբ պարոն Սարոյանը հրավիրվել է ՀՀ առողջապահության նախարարություն: Պարոն Սարոյանին պաշտոնապես առաջարկվել է վերանայել ծրագիրը և առաջարկություն ներկայացնել վերոնշյալ հանրային առողջության ծրագիրը համատեղ իրականացնելու համար, առավել ևս, որ նա «Հետք»-ում հրապարակված հարցազրույցում նշել է. «Մենք պետք է վերապատրաստենք նաև ուսուցիչներին, որպեսզի երեխաներին սովորեցնեն ճիշտ մաքրել ատամները, ծնողներին սովորեցնենք ավելի առողջ սնունդ տալ երեխաներին և ավելի քիչ քաղցրավենիք: Ատամներն ավելի լավ մաքրելով, ավելի լավ սննդակարգով, քաղցրավենիքի նվազեցումով կարելի է 60-80%-ով կրճատել ատամների փչանալը», որն ըստ նրա ավելի արդյունավետ է, քան թե աղի ֆտորացումը: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ հայաստանի ամերիկյան համալսարանից ստացված տեղեկության համաձայն` պարոն Սարոյանն առնչություն չունի այդ համալսարանի հետ եւ չի կարող խոսել համալսարանի անունից: ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար` Շ. Հունանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter