HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ողջունում են միջազգային դպրոցների մուտքը Հայաստան

Միաժամանակ «մնում են անզիջում. «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» գործող օրենքները չպետք է փոփոխվեն» Հունիսի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում օտարալեզու դպրոցներ վերաբացելու վերաբերյալ հանդիպում է ունեցել մի շարք անվանի մտավորականների հետ: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը: «Ինչքանով մեզ է հայտնի, հանդիպումը նախաձեռնել է Վազգեն Մանուկյանը, ներկա են եղել նախկին կրթության նախարարներ (եթե չեմ սխալվում` 4 հոգի), ինչպես նաև անվանի գիտնականներ ու մտավորականներ, օրինակ` Հենրիկ Հովհաննիսյանը և Աշոտ Մելքոնյանը»,- ասաց բանախոսը: Հանդիպման բոլոր մասնակիցները Սերժ Սարգսյանի ներկայությամբ կրկնել են իրենց գնահատականները օրինագծի հեղինակների վերաբերյալ և միանշանակ դեմ արտահայտվել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը: «Արդյունքում չգիտենք` ինչքանով է փոխվել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հարցի կապակցությամբ: Համաձայն մեր աղբյուրների` Սարգսյանը նշել է, որ այո, իսկապես խնդիր գոյություն ունի»,- ասաց Էդգար Առաքելյանը: Նա նշեց, որ նույն օրը` հունիսի 15-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին: Հունիսի 16-ին լույս տեսած հարցազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հստակ շարադրում է խմբակցության և կուսակցության, ըստ էության, նոր դիրքոշորումը, ըստ որի` իրենք առաջարկելու են բացել 2 մասնավոր, միջազգային չափանիշների համապատասխանող դպրոց: Էդգար Առաքելյանը ենթադրում է, որ խոսքը Ռուբեն Վարդանյանի դպրոցի և Թաիլանդի ռեգենտների դպրոցի մասին է: «Գալուստ Սահակյանը նաև ասում է, որ իրենք կողմ են, որ դպրոցները չունենան մասնաճյուղեր, լինեն բացառապես մարզերում: Մենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանի դպրոցը Դիլիջանում է: Թե որտեղ կլինի թաիլանդական դպրոցը` չենք կարող ասել: Նա բարձրաձայնում է այն մասին, որ Երևանում այդպիսի դպրոցներ բացելը վտանգավոր է, որովհետև այստեղ քաղքենիական խավը բավական լայն է: Այսինքն` իրենք հերթով ընդունում են այն փաստարկները, որ մինչ այդ ընդդիմախոսներն էին ներկայացնում»,- ասաց Էդգար Առաքելյանը: Գալուստ Սահակյանը նաև նշել է, որ այդ դպրոցում սովորող աշակերտների թիվը պետք է սահմանափակ լինի` մինչև 500-600 հոգի: «Այսինքն` սրանք հստակ նահանջի միտումներ են: Մեզ համար դա տեսանելի է: Միևնույն ժամանակ ուզում եմ մեր նախաձեռնող խմբի անունից միանշանակ ողջունել միջազգային դպրոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Բայց մենք բազմիցս ասել ենք, որ դեմ ենք, որ այդպիսի դպրոցներում դասավանդումը Հայաստանի հայ երեխաների համար իրականանա օտար լեզվով»,- ասաց Էդգար Առաքելյանը: Նրա խոսքերով` միջազգային դպրոցներ հիմնելու համար խոսվում է մեծածավալ` 30 մլն դոլարի ներդրումների մասին: Հետևաբար, կարելի է մի քանի միլիոն դոլար ավելի ներդնել, որ մեր ներքին կադրերին վերապատրաստեն այդ ծրագրերով, ստեղծեն համապատասխան հայալեզու դասագրքեր և ունենան 2 տիպի դասարաններ` հայալեզու դասարաններ ՀՀ հայ քաղաքացիների համար, և օտար (անգլերեն, ռուսերեն կամ այլ) լեզվով դասարաններ մյուս աշակերտների համար, որոնք, ցանկության դեպքում, իհարկե, կարող են հաճախել հայալեզու դասարաններ: «Սա մեր կառուցողական դիրքորոշումն է: Այսինքն` մենք որևիցե կերպ իրավունք էլ չունենք դեմ հանդես գալ այդպիսի հրաշալի գաղափարի իրագործմանը Հայաստանում: Միևնույն ժամանակ մնում ենք անզիջում. մեր դիրքորոշումը այն է, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» գործող օրենքները չպետք է փոփոխվեն: Եթե իշխանությունները իսկապես չեն հետապնդում գաղութարարների ծրագրերը Հայաստանում և այս նախաձեռնությամբ պարզապես չեն խրախուսում այդ ծրագրերը, ապա նրանք պետք է հրաժարվեն այս օրինագծից մեկընդմիշտ: Հակառակ դեպքում այդ կասկածները շարունակելու են մնալ և խորանալ հասարակության ամենալայն զանգվածներում»,- ասաց Էդգար Առաքելյանը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Արայիկ Հարությունյանը, նշեց, որ պատգամավորների հետ հանդիպումներից և իրենց ստացած տեղեկություններից ելնելով` հունիսի 21-ին կամ 22-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ է նախատեսվում: Նիստին քննարկվելու են «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Արտահերթ նիստը հավանաբար կհրավիրվի 40 պատգամավորի ստորագրություն ներկայացնելու դեպքում, քանի որ կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում չի անդրադարձել այդ հարցին: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը պատրատվում է շարունակել բողոքի ակցիաները ԱԺ-ի դիմաց, թեև չի բացառում, որ արտահերթ նիստը տեղի չունենա, և օրինագիծը քննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում: «Ամեն դեպքում` կապված նրանից, թե ինչ որոշում կկայացնեն իշխանությունները, մենք արդեն ավելի երկարաժամկետ ծրագրեր կներկայացնենք, իսկ երկարաժամկետ ծրագրերը մի քանիսն են: Մասնավորապես, այս խումբը ինքը ավելի եռանդով է աշխատելու դրական կամ բացասական ելքի արդյունքում և վեր է հանելու հանրակրթության հետ կապված բոլոր այն խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter