HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

1 միլիարդից ավելի բնակչություն ունեցող Չինաստանը ամրացնում է չինարենի հիմքերը

Իսկ 3 մլն-անոց Հայաստանը ուզում է բացել օտարալեզու դպրոցներ «Տարբեր երկրների փորձի վրա կարող եմ ասել, որ որպես կանոն, որևէ երկիր, երբ լեզվական որևէ օրենքում, իրական ակտում փոփոխություն է մտցնում, դա միայն ուղղված է սեփական լեզվի հիմքի ամրացմանը: Բոլոր այն դեպքերը, երբ լեզվի հիմքերը թույլացվում են, որպես կանոն, գաղութարարների օրենսդրություններն են»: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, կառավարման մասնագետ Նվարդ Մանասյանը: Նա բերեց Մեծ Բրիտանիայի օրինակը, որը, երբ կայսրություն էր, Հնդկաստանում վարում էր անգլերենի տարածման քաղաքականությունը, և լորդերից մեկը հայտարարել էր. «Մենք ստեղծում ենք երկրում թարգմանիչների մի դաս, որը պիտի օգնի մեզ, որ մենք մեր կառավարվողների հետ կարողանանք հաղորրդակցվել: Այդ մարդիկ միայն կենսաբանորեն են լինելու հնդիկ, բայց սեփական ճաշակով, մտածելակերպով, բարոյականությամբ և ինտելեկտով արդեն լինելու են անգլիացի»: ««Լեզվի մասին» օրենքում» նման փոփոխությունը համարում ենք լեզվաքաղաքականությանը, նաև մեր ինքնությանը լուրջ հարված և ուզում ենք հարց տալ. «Էդ ո՞ր թարգմանիչների դասը և ո՞ւմ հետ է փորձելու, փաստորեն, մեր` կառավարվող ժողովրդի կապը, պահել»,- անդրադառնալով «Լեզվի մասին» օրենքը փոփոխելու ՀՀ կառավարության նախաձեռնությանը` ասաց Նվարդ Մանասյանը: Նա նշեց, որ ապագաղութացումից հետո բազում երկրներ (օրինակ` Նորվեգիան, Ինդոնեզիան, Կատալոնիան, Գվինեան և այլն) իրենց խորհրդարաններում քննարկել և օրինագծերի միջոցով ամրացրել մայրենի լեզվի դիրքերը: Անգամ Չինաստանը, որը բացարձակապես չունի ժողովրդագրական խնդիր, 50-ական թթ.-ին հեշտացրեց սեփական լեզվական համակարգը, որպեսզի չինացիները հանկարծ զերծ չմնան գրաճանչությունից: «Այսինքն` 1 միլիարդից ավելի բնակչություն ունեցող Չինաստանը լուրջ լեզվաքաղաքականություն է վարում, իսկ 3 մլն-անոց Հայաստանը երկրում բացում է դպրոցներ, որտեղ ուսուցումը պիտի շարունակվի օտար լեզվով: Այսինքն` ի՞նչ լեզվամտածողություն ենք մենք ձևավորելու: Էլ չեմ ասում մտագործունեության հետ կապված խնդիրները: Որևէ հիմնավորում մինչև օրս չկա: Փաստորեն, չկան մանկավարժների, հոգեբանների, լեզվաբանների ուսումնասիրությունները, որ այս նախաձեռնությամբ մեր լեզվի հիմքերը չեն խարխլվելու»,- ասաց կառավարման մասնագետը: Նրա կարծիքով` Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու հարցը մինչ խորհրդարան բերվելը պետք է քննարկվեր Ազգային անվտանգության խորհրդում: «Ես ենթադրում եմ, որ եթե քննարկված լիներ (ես չեմ ուզում ոչ մեկին դավաճանության մեջ մեղադրել), այս օրինագիծը չէր ընդունվի»,- ասաց Նվարդ Մանասյանը: Անդրադառնալով այն հարցին, թե որտեղի՞ց է գալիս Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը` բանախոսը հղում արեց լեզվական պատերազմների մասին ֆրանսիացի սոցիոլեզվաբանի տեսությունը: Ըստ այդ մոդելի` այսօր անգլերենը հարթակի խնդիր չունի, այսինքն` անգլերենի հաղթարշավ է, այդ լեզուն շարունակաբար ավելի է յուրացվում ու գերիշխող դառնում միջազգային կառույցներում: «Մինչդեռ ռեգիոնալ լեզուները, այսինքն` այլ գաղութարարների, ինչպիսին Ֆրանսիան էր կամ Ռուսաստանը (մեր դեպքում իհարկե, ավելի հնարավոր տարբերակ է Ռուսաստանը, ռուսաց լեզվի վտանգը առկա է), այս լեզուները փորձում են այդ միջազգային հարթակներում նախկին գերիշխող դիրքը պահպանել և նաև նահանջ չգրանցել, որովհետև, աշխարհում ըստ էության, լեզուների խոշորացում է շարունակվում (սա նոր պրոցես չէ), և տարբեր երկրների լեզվական քաղաքականությունները հենց միտված են եղել նրան, որ սեփական լեզվի տեղը ապահովեն այդ ամբողջ ներկապնակում»,- ասաց Նվարդ Մանասյանը: Նրան զարմացնում է այն, որ թեև մտավորականները, ինչպես նաև ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիաներին մասնակցող մյուս մարդիկ դեմ են արտահայտվում «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններին, սակայն կառավարությունը որևէ հիմնավորում ու փաստարկ չի ներկայացնում, որ օրենքում նման փոփոխություններով հայոց լեզվի դիրքերը ամրացվելու են: «Այսինքն` որ այդ գլոբալ ներկապնակում Հայաստանը չի դառնա, օրինակ, տեսականորեն, ռուսերենի զոհը, որովհետև եթե չկա հայերեն լեզվի սպառող, չկա հայ մշակույթ և չկա հայ մարդ: Որ լեզվով որ ես խոսեմ ու մտածեմ, այդ լեզվամշակույթին էլ ես պատկանելու եմ, և խնդրում եմ մի խառնեք սա բազմալեզվության հետ: Եթե ես մի քանի լեզու ունեմ, ես շատ ավելի հարուստ մտածողություն ունեմ, բայց դա երբեք չեմ կարող անել մայրենի լեզվի հաշվին»,- ասաց Նվարդ Մանասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter