HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Աշնանը «Հ1»-ը կլինի ավելի քիչ քննադատելի

Վստահեցնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ խոստանում, որ սեպտեմբների սկզբին Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հետ մանրամասն կխոսեն նոր եթերաշրջանից: Իսկ այն, ինչ «Հ1»-ը պատրաստում է նոր եթերաշրջանում ներկայացնել հեռուստադիտողին, ըստ նրա, իրենց մեկ քայլ կմոտեցնի այն հեռուստատեսությանը, որը կլինի ավելի քիչ քննադատելի: «Առիթն օգտագործելով առաջարկում եմ, որպեսզի «Իրավունք» թերթը եւ Հանրային հեռուստատեսությունը համատեղ փորձեն մինչեւ, ասենք, օգոստոսի 5-ը, նաեւ մեր հեռուստադիտողներից, լրատվամիջոցներից եւ քաղաքացիներից ընդունեն նախագծեր, սցենարներ, առաջարկներ,- «Ազդակ» ակումբում, դիմելով «Իրավուքնի» ներկայացուցչին, ասաց Ա. Հարությունյանը եւ հավելեց,- լավ կլինի, որ այդ նախագծերը հավաքվեն այստեղ: Ինչպես ասում են` չեզոք մի լրատվամիջոց ինքը նախնական դրանք ընտրի եւ ամենաարժանավորներն ուղարկի»: Անդրադառնալով հասարակությունում առկա դժգոհություններին` «Հ1»-ի վատորակ հաղորդումների եւ մատուցվող ոչ ճիշտ հայերենի կապակցությամբ, Ա. Հարությունյանը նշում է, որ 1-2 տարի առաջ թեմայի շուրջ ասելու ավելի քիչ բան կունենար, քան հիմա: «Երեւի բոլորն էլ նկատում են, որ այժմ մեր եթերում, չասեմ, թե չկան, բայց շատ չեն ցածրորակ հաղորդումները: Դրանց թիվը տարեց տարի պակասում է, եւ լավ է, որ մենք կարողացանք ձերբազատվել լատինաամերիկյան սերիալներից, էժան հումորներից, կրիմինալ եւ այլ եւ այլ տիպի բաներից»,- ասում է նա: Հարությունյանի խոսքերով` հիշյալ «ձերբազատման» պատճառով «Հ1»-ի լսարանը ինչ-որ ժամանակահատվածում փոքրացել է: Բայց, եթե 2007 թ. «Հ1»-ը լսարանի մեծությամբ Հայաստանում առաջատար էր ի հաշիվ լատինաամերիկյան սերիալների կամ «32 ատամ»-ների, հիմա, առանց դրանց, հեռուստատեսությունը կրկին վերականգնել է իր դիրքերը: «Իհարկե, բոլոր հաղորդումների, սերիալների դեմ քննադատություններ կլինեն. դա նորմալ է: Բայց չեմ կարծում, որ մեզ կարելի է շատ մեղադրել, թե աղավաղում ենք լեզուն: Չեմ կարծում, որ մեզ մոտ կա էժանագին կամ գռեհիկ, փողոցային հումոր: Մենք ունենք 2 տեղական սերիալ, որոնք բավական մեծ լսարան ունեն եւ, համենայնդեպս, շատ բացասական կարծիքներ ես դրանց մասին չեմ լսել: Ավելին` նույն «Աննա» հեռուստասերիալը ռեկորդային վարկանիշ է ապահովում եւ ամեն օր կրկնակի, եռակի հեռուստալսարան է ապահովում, քան հայտնի կրիմինալ սերիալները»,- ասում է Ա. Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter