HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծադիր նկարը հանքավայրի սեփականատիրոջը թույլ է տալիս խախտել օրենքը

Լոռու մարզի Ախթալա համայնքի Սարահարթ թաղամասի հրապարակամերձ 5 հարկանի բնակելի շենքերից մեկի վրա վերջերս փակցվել է լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի մեծադիր լուսանկարը` կանգնած նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:

Նկարը Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչական պաստառներից է եւ ժամանակին փակցված է եղել նույն հրապարակի հարեւանությամբ գտնվող, Սերոբ Տեր-Պողոսյանի սեփականությունը հանդիսացող մշակույթի պալատի շենքի ճակատին: Ախթալայում պատմեցին, որ նկարը Ս. Տեր-Պողոսյանի ցուցումով է փակցվել բնակելի շենքի վրա:

«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի նախագահ Ս. Տեր-Պողոսյանի համար այս նկարը կարեւոր նշանակություն ունի: Դրանով նա իրեն ավելի ապահով է զգում երկրի օրենքները շրջանցելիս: Դեռեւս 2009 թ. սեպտեմբերի 28-ին «Շամլուղի բաց հանքավայրը շահագործվում է. բնակիչները դժգոհում են պայթեցումներից» հրապարակմամբ «Հետքն» ահազանգել էր, որ «Մեթըլ Փրինս»-ը Շամլուղ համայնքի վարչական տարածքում բաց հանքավայրը շահագործում է ապօրինաբար, առանց հասարակական լսումներ կազմակերպելու: Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը թերթին հայտնել էր, որ ծրագրի վերջնական արդյունքով հանքավայրը զբաղեցնելու է 50 հա անտառային տարածք:

«Իրենք լիցենզիա ունեն, որպես քաղաքապետ ես անցած մեկ տարվա ընթացքում հանքավայրի շահագործման համար թույլտվություն չեմ տվել: Այդ հանքավայրի հետ կապված Սերոբ Տեր-Պողոսյանը համայնքի բյուջեին առ այսօր հողի հարկ չի վճարել»,- «Հետքին» հայտնել էր Շամլուղի քաղաքապետը: Օրերս պարզել ենք, որ Շամլուղի բաց հանքավայրը շահագործվում է արդեն 3 տարի, եւ ընկերությունը հանքավայրի զբաղեցրած հողատարածքի համար Շամլուղ համայնքի բյուջե 3 տարի է հողի հարկ չի վճարում:

Այս փաստը Շամլուղի համայնքապետը թաքցրել էր: Հրապարակումից 9 ամիս անց, ի պատասխան մեր հարցման, Լենդրուշ Բեժանյանը հայտնեց. «Շամլուղի վարչական տարածքում 3 տարի շահագործվող բաց հանքավայրի թույլտվության մասին Շամլուղի ավագանու որոշումը արդեն տարել ենք Լոռու մարզպետարան: Մարզպետի գրությունով ներկայացվելու է Կառավարությանը եւ ըստ նախարարությունների պետք է անցնի` համաձայնությունը ստանալու համար: Մենք մեր անելիքը արդեն արել ենք»:  

Ըստ մեր հավաստի տեղեկությունների` Սերոբ Տեր-Պողոսյանին տրված է փակ հանքավայրի շահագործման լիցենզիա, սակայն ՀՀ վարչապետի խորհրդականն իրեն իրավունք է վերապահել կատարել հանքավայրի կառուցման ռեժիմի խախտում եւ օրենքի բազմաթիվ այլ խախտումներով Շամլուղում շահագործել բաց հանքավայր: Հատվել է նաեւ հանքավայրի տարածքի անտառը: Շամլուղի համայնքապետը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչու՞ է իր ղեկավարած համայնքի վարչական տարածքում հանդուրժել բաց հանքավայրի շահագործումը, երբ լիցենզիայով սահմանվել է փակ հանքավայրի կառուցում: Անցած երեք տարիներին ընկերությունը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել լիցենզիայի պայմանները խախտելու համար: Ահա թե ինչու է կարեւոր Ախթալայի կենտրոնում փակցված մեծադիր նկարը:

Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը համառորեն չի կատարում իր պարտավորությունները Ախթալայի եւ հարակից համայնքների` Ճոճկան եւ Մեծ Այրում գյուղերի վարչական տարածքներում գտնվող պոչամբարների անվտանգությունն ապահովելու առումով: Ճոճկանի պոչամբարը սողանքային գոտում է, եւ վտանգ կա, որ պոչամբարում ամբարված թունավոր պոչանքները կթափվեն Դեբեդ գետը: Մեկ տարի առաջ պոչամբարը վերահսկում էր լեռնահարստացման կոմբինատի պահակը, ներկայումս այն անվերահսկելի է: Պոչամբարը ցանկապատված եւ մեկուսացված չէ շրջակա միջավայրից, եւ անասուններն ու մարդիկ անարգել կարող են մուտք գործել: Տարածքի վտանգավորության մասին ազդարարող որեւէ վահանակ փակցված չէ:

Ս. Տեր-Պողոսյանը 2 տարի է` հայտարարում է, թե դադարեցրել է Ախթալայի «Սվինեց» թաղամասի ճանապարհաեզրին տեղավորված պոչամբարի շահագործումը, սակայն վերամշակման աշխատանքները նոր-նոր են սկսվում: Հունիսի 11-ին նկատեցինք, որ պոչամբարի կենտրոնական մասում մի քանի ավտոմեքենա հող է լցված: Տեխնիկական անմխիթար վիճակում է գտնվում նաեւ Մեծ Այրում գյուղի մերձակայքում գտնվող պոչամբարը, որտեղից գիշերային ժամերին պոչանքները ուղիղ թափվում են Դեբեդ գետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter