HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Նոր գիրք` Կարսի և Մոսկվայի պայմանագրերի մասին

Այսօր պատմաբան Հայկ Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց իր հեղինակած «Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերն ու նրանց ողբերգական դերը հայ ժողովրդի ճակատագրում» գիրքը, որը տպագրվել է այս տարի Երևանում: Հեղինակը, ով շուտով դառնալու է 80 տարեկան, գրքի վրա աշխատել է շուրջ կես դար: Նա եղել է Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում գտնվող արխիվներում, արխիվային փաստաթղթեր է ստացել Բեյրութից, Լոնդոնի արտգործնախարարությունից, Վաշինգտոնի Ցեղասպանության թանգարանից և այլն: Հեղինակն ուսումնասիրել է նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության արխիվը, որն այսօր էլ ունի ֆոնդեր, որոնք գլխագրված են «Խիստ գաղտնի»: Գրքում ներառված են Հայաստան-Թուրքիա արձանագրությունների բնօրինակները, որոնք հեղինակին տրամադրել է ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ ՍԴ ամբողջական որոշումը` Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վերաբերյալ, 2009 թ. ապրիլի 24-ին թուրքական «Սաբահ» թերթում հրապարակված Ճանապարհային քարտեզը: Գրքում ներառված են նաև վավերագրեր այն մասին, որ Ստալինը Կարսի, Սուրմալուի, Իգդիրի կորուստն անվանել է բռնակցում Թուրքիային: Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 6-րդ Չորեքչյանը ևս պայքարել են Կարսը վերադարձնելու համար, ինչի մասին վկայող փաստաթղթեր ևս ներառված են գրքում: Հայկ Ղազարյանի խոսերով` այս բոլոր փաստաթղթերը նոր են արխիվներից հանվել ու գիտական շրջանառության մեջ են դրվում: «45 թ.-ին, երբ սովետական բանակը պետք է մտներ Թուրքիա, ազատագրեր Կարսը և ընդհանրապես Արևմտյան Հայաստանը, այդ փաստաթղթերը բոլորը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից տեղափոխվել են Երևանից և այժմ գտնվում են Սարատովում: Ես տարիքով մարդ եմ: Ես դիմում եմ այն երիտասարդ պատմաբաններին, որոնք կփորձեն այս հետքերով գնալ և կարողանան պարզել` ինչ եղան Սարատով ուղարկված այն փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, թե սովետական բանակը ուզում էր ազատագրել Կարսը, Արդահանը և Սուրմալուի գավառը»,- ասաց Հայկ Ղազարյանը: Նա նշեց, որ 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրի հիմքը եղել է 1921 թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագիրը, որը ստորագրեցին Ռուսաստանը և Թուրքիան. Մոսկվայի պայմանագրի ստորագրմանը Հայաստանի ներկայացուցիչ չի մասնակցել: «Մոսկվայի պայմանագիրը ուղղված էր Սևրի պայմանագրի դեմ: Կարսի պայմանագրի գործողությունները անօրինական են: Կարսի պայմանագիրը ծայրից ծայր կեղծ է: Ոչ մի պետական գործիչ` ոչ հայրենիքում, ոչ թե սփյուռքում իրավունք չունի հայտարարելու, որ մենք ճանաչում ենք Կարսի պայամանգիրը»,- ասաց Հայկ Ղազարյանը: Օրինակ` անդրադառնալով դրա դրույթներից մեկին` Նախիջևանին` պատմաբանն ասաց, որ Կարսի պայամանագրով Նախիջևանը Ադրբեջանի հովանավորության տակ պետք է մնար ձևականորեն: Բայց Ադրբեջանի 24 թ.-ին իրեն միացրեց Նախիջևանի մարզը` բռնազավթելով այն: Անդրադառնալով ֆուտբոլային դիվանագիտությանը` Հայկ Ղազարյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները մեծ զիջումների գնացին: «Այդ զիջումները շատ-շատ էին և սիրտ էին ցավեցնում: Դրանք պայմանավորված էին նրանով, որ այդ ղեկավարության մեջ եղած աշխատողները պատմական իրողություններին տեղյակ չեն եղել, և փաստորեն զոհում էին շատ բաներ, որոնք անելու իրավունք չունեին»,- ասաց Հայկ Ղազարյանը: Նա համոզված է, որ Հայաստանին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ այդ գնով հաստատել պետք չէ, և սահմանի բացումից կշահի մի քանի օլիգարխ ու վաճառական: «Հասարակ ժողովուրդը և հայրենիքում, և սփյուռքում կանգնած է այն տեսակետի վրա, որ սահմանի բացումը շատ ծանր կնստի հայ ժողովրդի վրա»,- ասաց Հայկ Ղազարյանը: Նա նշեց, որ Հայաստան-Թուրքիա արձանագրություններով թուրքերը 4 նախապայման են առաջ քաշում` ճանաչել Կարսի պայմանագիրը, ճանաչել Հայաստանի և Թուրքիայի ժամանակակից սահմանները, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ստեղծել Ցեղասպանության հարցը քննող հանձնաժողով: Հայկ Ղազարյանի խոսքերով` ՀՀ ՍԴ-ն կանգնեցրեց այս ընթացքը: «Ես եղել եմ 65 թ.-ին Ղարաբաղյան շարժման մեջ: 65 թ.-ին մենք բողոք բարձրացրինք, ինձ ԿԳԲ տարան, ջարդել էին ամբողջ մարմինս: Մենք էն ժամանակ գիտեի՞նք, որ Ղարաբաղը մենք կազատագրենք: Իսկ եթե 65-ից արդեն 94-95 թթ.-ին մենք Ղարաբաղը ազատագրեցինք, ի՞նչ գիտեք, որ վաղը, մյուս օրը ինչ-որ միջազգային մի պայմանագրով, օրինակ, Իսրայելի և Թուրքիայի փոխհարաբերությունների հարցում մի այնպիսի դուռ չի բացվի, որ միջազգային հանրությունը ստիպի Թուրքիային, որ թուրքերը հրաժարվեն իրենց բռնատիրական քաղաքականությունից»,- ասաց Հայկ Ղազարյանը: Հեղինակի նախորդ գրքերը, բացի հայերենից, տպագրվել են նաև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն: Հայկ Ղազարյանն ասաց, որ անցյալ տարի իր «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» 2 հատորանոց աշխատությունը առաջադրվել է Նոբելյան մրցանակի: «Հետո ինձ ասացին. «Նորից չփորձես, որովհետև քանի դեռ ԱՄՆ-ը հայերի ցեղասպանությունը չի ճանաչել, դու Նոբելյան մրցանակ չես ստանա»: Հիմա ես հույս ունեմ, որ այս գիրքն էլ կգումարվի: Արդեն մարդիկ կան, որոնք պատրաստ են այս գիրքը թարգմանել: Բոլորը միասին կներկայացնեմ Նոբելյան մրցանակի: Կտան` թող տան, չեն տալիս` թող չտան»,- ասաց պատմաբանը: Նա նշեց, որ «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» գիրքը տպագրվել է նաև իսպաներեն և ներկայացվել Իսպանիայի թագավորական ակադեմիային, ինչից հետո ակադեմիան Հայկ Ղազարյանին ընտրել է ակադեմիկոս: Նա նշեց, որ իր գրքերը տպագրում է իր միջոցներով, և պետությունից որևէ օգնություն չի ստացել: «Ինձ օգնում են իմ ուսանողները, իմ բարեկամները»,- ասաց Հայկ Ղազարյանը:

Մեկնաբանություններ (1)

Ariste Arvanitides
Good Day. The issue of the Armenian Genocide has been recognized by the United States and given the current turmoil in Armenia a Nobel Prize is in order. If the book is given on a FREE basis and in all the languages of the United Nations, it will be a sure thing. Congratulations on the research, and may it help to bring peace tot he region. We all know how barbaric the Turks are. I am from the Asia Minor GENOCIDE of the Ionian Greeks -- as usual it was done to loot the wealth and steal the land. May we see you soon with a Nobel Prize in hand.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter