HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Հայաստանում օտարալեզու դպրոցներ չեն բացվելու»

«Մեր պայքարը շարունակական է, և մենք ասել ենք, որ այս օրենքները տապալվելու են: Ցանկացած փուլում մենք պայքարելու ենք դրանք տապալելու համար: Այսինքն` մենք չենք համակերպվելու այդպիսի որոշման հետ` լինի դա առաջին ընթերցում, 2-րդ ընթերցում, նախագահական դեկրետ: Մեզ այդպիսի բաներ չեն հետաքրքրում»,- այսօր «Հետքին» ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը: Նախաձեռնությունը և օտարալեզու դպրոցների այլ ընդդիմախոսներ այսօր ցույց էին կազմակերպել ԱԺ-ի դիմաց: Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ բացառում են բանակցությունները բոլոր այն պատգամավորների հետ, ովքեր կողմ կքվեարկեն օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորութուն ընձեռող օրինագծին: Միաժամանակ նա համոզված է, որ եթե անգամ օրինագիծն ամբողջությամբ ընդունվի, միևնույն է` չի իրագործվի: «Հայաստանում օտարալեզու դպրոցներ չեն բացվելու: Դա ասում ենք մենք բոլորս: Դա քննարկման ոլորտից չէ, դա բացառված երևույթ է, կարող եք համոզված լինել դրանում»,- նշեց նա: Մոտավորապես 11:30-ից պատգամավորները սկսեցին գալ ԱԺ: Ինչպես նախորդ ցույցերին, այս անգամ ևս ցուցարարները պատգամավորին դիմավորեցին սուլոցներով, «Ամոթ», «Հայաստանում` հայերեն», «Ոչ մի զիջում` լեզվի հարցում», «Լեզուն սուրբ է, ուրացողը` դավաճան», «Զիջողները ստրուկ են», «Կրթությունը` հայերեն», «Գաղութացմանը` ոչ» և այլ վանկարկումներով: ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներին, որոնք դեմ են օրինագծին, ցուցարարները ծափահարում էին: Ցուցարարները երգեցին ՀՀ օրհներգը, արտասանեցին հայոց այբուբենի տառերը: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն երիտասարդները հայրենասիրական երգեր երգեցին: «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանն ասաց. «Նրանք, ովքեր կքվեարկեն այս օրենքների փոփոխության օգտին, քվեարկում են հայոց գենի ոչնչացման օգիտին, քանզի լեզուն գենի ինքնարտահայտման միջոցն է»: Արմեն Ավետիսյանն ասաց, որ ինքը ԱԺ-ից հույսեր չունի, և եկել են զգուշացնելու, որ ոմանք ազգադավ գործունեությամբ են զբաղված: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի կարծիքով ևս բողոքի ցույցները, այս դժգոհությունն արտահայտելը իմաստ ունի: «Սրանք այն նախապատրաստական փուլն են, որ երբ աղետը գա, և իշխանությունը կոտրած տաշտակի առջև հայտնվի, այդ ժամանակ հնարավոր լինի փրկել երկիրը: Այս պահին ես տեսնում եմ, որ վարչախումբը ուղղակի անընդունակ է որևէ եզրակացություն անելու: Ոչ մի եզրակացություն ոչ մի բանից չի արվում: Կտրված են իրականությունից տարիներ շարունակ: Տեսեք` այդ կտրվածությունը ինչպիսի արդյունքներ տվեց այսօր արդեն: Իրենք չեն զգում ոչ հայ ժողովրդին, ոչ հայոց պատմություն գիտեն, որ հայկական մշակույթ գիտեն»,- ասաց Արմեն Այվազյանը: Նա հավելեց, որ Հայաստանն իրականում այժմ պատերազմական իրավիճակում է Ադրբեջանի հետ: Արմեն Այվազյանի խոսքերով` պատերազմական իրավիճակում իշխանության և ժողովրդի միջև այսպիսի անջրպետն անթույլատրելի է, իսկ ընդդիմությունը ձևական է ու լուրջ չէ: Մոտ ժամը 12:55-ին սկսվեց «Լեզվի մասին» օրենքի քննարկումը: Ցուցարարների վանկարկումները շարունակվեցին ԱԺ-ի լուսամուտների տակ` քննարկմանը զուգահեռ: Ցուցարարներից անգլերենի թարգմանիչ, իրանահայ Արամ Բայանդուրյանը «Հետքին» ասաց, որ Թեհրանում ավարտել է լրիվ օտարալեզու` իրանական դպրոց: Քանի որ իրանցիները թույլ չեն տալիս, որ իրենց երկրում օտարալեզու դպրոցներ գործեն, Արամը հայերեն անցել է շաբաթական 6 ժամ: Բացի մայրենիից` Արամը տիրապետում է անգլերենի, պարսկերենի, ֆրանսերենի, ռուսերենի, շվեդերենի: Նա ասաց, որ բողոքի ակցիաները օրինագծի ընդունումը կանխելու ձև չեն: «Իմաստն այն է, որ քաղաքացիական հասարակությունը կոնսոլիդացվում է: Մեզ համար է սա ամենալավ միջոցառումը, ոչ թե կանխելու իմաստով»,- ասաց Արմեն Բայանդուրյանը: Ժամը 13:10-ից պատգամավորները սկսեցին դուրս գալ ԱԺ-ից: Երբ ցուցարարներն իմացան, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը կքվեարկվի վաղը, ցրվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter