HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գագիկ Հարությունյան. «Բաքուն կարող է վերածվել վառվող ջահի»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Հունիսի 16-ին ադրբեջանցու կրակոցից զոհվեց ԼՂՀ բանակի շարքային Անուշավան Կիրակոսյանը: Հունիսի 17-ին Ս.Պետերբուրգում տեղի ունեցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Իսկ հունիսի 18-ին արդեն ադրբեջանական դիվերսիոն խումբը ներխուժեց ԼՂՀ, ինչի հետևաքնով հայկական կողմը 4 զոհ և 4 վիրավոր ունեցով: Խնդրում եմ մեկնաբանեք այս 3 իրադարձությունը: Ես կավելացնեի ևս մեկ իրադարձություն, որ նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի առաջնորդը լքեց Պետերբուրգի տնտեսական համաժողովը և վերադարձավ Ադրբեջան, և որ հաջորդ օրը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցավ ևս մեկ կարճատև զրույց` ի լրումս նախորդ օրվա եռակողմ հանդիպման: Սակայն կարևորը թերևս այն է, որ երկարատև ընդմիջումից հետո տեղի ունեցավ հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների միջև, և որ այդ հանդիպումները վերջին շրջանում ընթանում են բացառապես Ռուսաստանի հովանավորության ներքո£ Սա վկայում է այն մասին, որ մեր տարածաշրջանում իշխող քաղաքական տրամաբանությունը վերջին տարիներին էապես փոխվել է£ Ընթանում են գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժեր, որոնց հետևանքով նվազել է ԱՄՆ դերակատարումը այս տարածաշրջանում և հատկապես 2008 թ. Վրաստանի հետ օգոստոսյան պատերազմից հետո զգալի աճել է ռուսական դերակատարումը: Այսինքն պատահական չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կազմակերպում է ռուսական կողմը: Երկրորդը` խիստ փոխվել է Ադրբեջանի և Թուրքիայի (իսկ այդ տանդեմը երբեք չի կարելի տարանջատել) վարկանիշը միջազգային հանրությունում: Թուրքիան, փաստորեն, դուրս եկավ հայ-թուրքական բանակցային գործընթացից, և այդ փաստը ակնհայտորեն բացասաբար ընդունվեց միջազգային հանրության և մասնավորապես Մինսկի խմբի, այսինքն` առաջատար տերությունների ղեկավարների կողմից: Դրան հետևեց Թուրքիայի սադրանքը Իսրայելի դեմ, որը նույնպես միանշանակ չընդունվեց աշխարհում: Այսինքն` Թուրքիան փոքր-ինչ մարգինալացման միտումներ է ցուցաբերում և հակադրվում է միջազգային հանրությանը: Ադրբեջանը նույնպես ռադիկալանում է և վերջին մի քանի տարում միայն և միայն ռազմատենչ հայտարարություններ է կատարում ԼՂՀ շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ£ Այս առիթով նկատենք, Ադրբեջանը և ադրբեջանցիները, որպես պետություն և ժողովուրդ, բավական նոր կազմավորում են, ու որպես այդպիսին խիստ կարիք ունեն ազգաձևավորող գաղափարախոսության: Ցավոք, որպես գաղափարախոսության հիմնադրույթ ընդունել են ոչ թե քաղաքակրթական պատկերացումներ և արժեքներ, այլ (գուցե վերջիններիս բացակայության պատճառով) ծայրահեղ հակահայկականությունը: Ադրբեջանն այսօր Իլհամ Ալիևի վարչախմբի տոտալիտար մեթոդներով տարած քարոզչության արդյունքում դարձել է խիստ ռազմատենչ և անհանդուրժողական բնակչություն ունեցող մի տարածք: Սա ադրբեջանցիներին տանում է դեպի ծուղակ, այսինքն` նրանք իրենց իսկ հորինված գաղափարական դրույթներից արդեն դժվարանում են դուրս գալ, որովհետև հակահայկականությունը դարձել է պաշտոնական դոկտրին, աշխարհընկալում, գաղափարախոսություն և քաղաքականություն: Սա շատ կարևոր գործոն է, հատկապես երբ այս բոլորը դիտարկվում է նաև այն տեսանկյունից, որ մոտ ապագայում Ադրբեջանում սպասվում են պառլամենտական ընտրություններ, իսկ հետագայում` նաև նախագահական, կամ, այլ խոսքերով նույն Ալիևի վերընտրությունը, որն իրավունք ունի անընհատ ներկայացնելու իր թեկնածությունը: Բնորոշ է նաև, որ հուլիսի 20-ին պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ պատերազմի պարագայում իրենք կարող են երկարաձգել նախագահի լիազորությունները, այսինքն` ԼՂՀ շուրջ գործընթացը անձնական իշխանության խնդր է դարձել: Ադրբեջանը վերածվել է մի յուրահատուկ սուլթանատի, որտեղ Ալիևների դինաստիան է իշխում: Այդ ամենի համատեքստում վերադառնալով վերջին իրադարձություններին` կարելի է եզրակացնել, որ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հնչեցրած թեզերը «ձեռք չեն տվել» Ալիևին, և նա «բարկացած» վերադարձել է Բաքու: Նման հոգեկերտվածքով անձը դարձել է «persona non grata» հանրության համար, և մենք տեսնում ենք, որ նրան արդեն երբեմն խուսափում են հրավիրել միջազգային ֆորումների, ինչպես դա տեղի ունեցավ Վաշինգտոնում, երբ Ալիևին չհրավիրեցին միջուկային էներգիայի հետ կապված խնդիրների քննարկմանը: Ամերիկյան պաշտպանության նախարար Գեյթսի վերջին այցն էլ վկայում է միայն այն մասին, որ խոսքը ոչ թե ԱՄՆ-Ադրբեջան նոր մակարդակի հարաբերությունների մասին է, այլ հինը ինչ-որ մի կերպ պահպանելու և մի փոքր Բաքվին կարգի հրավիրելու: Ահա այսպիսին է իրավիճակը: Չնայած Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանի հետ կնքում են էներգետիկ համաձայնություններ, կարծես թե նրանց միջև զարգանում են առևտուրը, հարաբերությունները և այլն, բայց աշխարհաքաղաքականությունը մի կատեգորիա է, տնտեսությունը` մեկ այլ` չնայած նրանք իրար հետ անշուշտ շատ կապված են: Այդ խնդրում, ես կարծում եմ, Ռուսաստանը պետք է որ բավական հաստատուն դիրքորոշում ունենա, քանի որ նա, ինչպես ասում են, Մինսկի խմբի հավասար համանախագահերից «մի փոքր ավելի հավասար» կարգավիճակ է ձեռք բերել, և կարծես թե չի պատրաստվում զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանը հիմնական հենակետն է և միակ տարածքը, ուր կանգնած են ռուսական զորքերը: Նման է նրան, որ Ռուսաստանի դիրքորոշումը խիստ նյարդայնացնում է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությանը: Հունիսի 18-ի դիվերսիոն հարձակումը պետք է այս ամենի համատեքստո՞ւմ դիտարկել: Այո, կարծում եմ, որ սա մի քայլ էր Ալիևի կողմից, որ ցույց տա, որ «այ, եթե դուք չեք համաձայնում» այսպես կոչված, նորացված մադրիդյան սկզբունքներին… Իսկ նորացված մադրիդյան սկզբունքներում չկա (համենայն դեպս, այն ինչ ինֆորմացիոն դաշտում հայտնվում է) ԼՂՀ կարգավիճակի հստակեցման մասին որևիցե հստակ դրույթ և թերևս չէր էլ կարող լինել, քանի որ դրանք ընդամենը սկզբունքներ են, որոնց իրատեսականություն պետք է հաղորդեին բանակցությունները£ Այս պարագայում Ալիևի պահվածքը կարելի է գնահատել որպես ջղաձիգ քայլ: Իրենց հերթին ադրբեջանական պաշտոնական անձինք հայտարարում են, որ այս միջադեպը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական զինադադարը «սառեցված» չէ, այլ գտնվում է «տաք» վիճակում: Իրոք, վերջին ժամանակահատվածում խիստ աճել է բախումների թիվը: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ նրանք չեն փորձում լայնածավալ ռազմական գործողություններ կատարել, քանի որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն ունեն բավականաչափ լուրջ ռազմական ներուժ, որն Ադրբեջանի համար հիմնական և ռեալ զսպաշապիկն է: Համոզված եմ, որ ցանկացած ռազմական մասշտաբային բախման հետևանքով ադրբեջանական կողմը նոր կորուստներ է ունենալու: Նրանք մի քիչ ուռճացված ասում են` «մենք 20 տոկոս տարածքներ ենք կորցրել»: Բախման արդյունքում այդ տոկոսները խիստ կաճեն: Մենք ինքներս շատ մեծ տարածքներ ենք կորցրել. Գանձակն ենք կորցրել, Շահումյանն ենք կորցրել, Գետաշենն ենք կորցրել, Նախիջևանն ենք կորցրել, այսինքն` «հետ բերելու» դեռ շատ բան ունենք, և այդ համատեքստում ադրբեջանցիների համար դա հիմնական պատնեշն է, որ թույլ չի տալիս դիմելու լայնածավալ գործողությունների: Ադրբեջանը կարող է շատ բան կորցնել և ոչ միայն տարածքներ: Ցանկացած նավթային, էներգետիկ տարածք խիստ խոցելի է նույն հրթիռային և օդային հարվածների համար, այսինքն` Բաքուն կարող է վերածվել վառվող ջահի, ինչն, անշուշտ, վատ սցենար է ադրբեջանցիների համար: Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակումը տեղի ունեցավ նախագահների հանդիպումից մի քանի ժամ անց: Հարձակման հատկապես ժամանակի ընտրությունը ինչպե՞ս պետք է մեկնաբանել: Դա որոշակի արձագանք էր այն մոտեցումների, որոնց հանդիպեց Ալիևը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից: Այդ առումով կուզենայի հատկապես նշել Հայաստանի նախագահի ելույթը Լոնդոնում, որտեղ բավական հստակ ասվեցին այն սկզբունքները, որոնցից չենք կարող հետ կանգնել. ԼՂՀ ժողովուրդը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում£ Կարելի է ասել` սա յուրահատուկ վերջնագիր էր, և դա սկզբունքն է, որը երբևիցե մենք և որևիցե մեկը չպետք է դնի կասկածի տակ, որովհետև այդ սկզբունքից հրաժարվելը նշանակում է, որ մենք համաձայն ենք ցեղասպանությանը ԼՂՀ-ում: Ես կարծում եմ` այս դիվերսիան էլ բավական լուրջ հակազդեցություն է ստացել մեր կողմից: Դատելով ադրբեջանական լրատվական միջոցների հաղորդումներից` տեղի է ունեցել ոչ միայն հայտնի միջադեպը Մարտակերտի շրջանում, այլև այլ ուղղություններում տեղի են ունեցել միջադեպեր, և տպավորությունն այնպիսին է, որ դրանք եղել են` ի պատասխան ադրբեջանական ոտնձգության, այսինքն` հայկական կողմը կրավորական դիրքորոշում չունի այդ խնդրում: ԼՂՀ ղեկավարությունը զգուշացրել է Ադրբեջանին: Նախկինում էլ ցանկացած այսպիսի ոտնձգություն Ղարաբաղյան ճակատում բավական լուրջ հակազդեցություն է ստացել: Ես չեմ կարծում, որ մոտ ժամանակներս նոր ոտնձգություններ կլինեն: Ադրբեջանցիներն իրենցը ստացել են, և իրենք դեռ պետք է իրենց ստացած վերքերը ապաքինեն, հետո նոր մտածեն: Ըստ պաշտոնական տեղեկությունների` ադրբեջանցիները մեկ զոհ ունեն և զինամթերք թողնելով` փոխել են: Իսկ հայկական կողմը ունի 4 զոհ, 4 վիրավոր: Հայաստանյան տարբեր գործիչներ հաճախ են ասում, որ հայկական բանակը ամենահզորն ու մարտունակն է տարածաշրջանում: Ձեր գնահատմամբ` թշնամուն ինչպե՞ս հաջողվեց ներխուժել Արցախի տարածք և մարդկային զոհեր պատճառել հայկական կողմին: Պատերազմ է: Փաստորեն, պատերազմական գործողություն է եղել: Առաջին գծում դա հնարավոր է, որովհետև հնարավոր չէ ամբողջ ճակատը հսկել: Դա ավելի լավ կմեկնաբանեն տեղի ռազմական գործիչները, որովհետև լավ չգիտենք, թե ինչ է եղել: Ի վերջո, թողնելով իրենց ընկերոջ դիակը, գուցե և մեկին կամ մի քանիսին էլ տանելով (չգիտենք)` նրանք դիմել են փախուստի: Շատ ցավելով և ընդունելով մեր զինվորների զոհվելու ողբերգությունը` չընդունենք դա որպես պարտություն: Եթե հայկական կողմը զոհեր է ունենում` վերահսկելով ազատագրված հայկական տարածքները կամ, ինչպես երբեմն ասում են, անվտանգության գոտին, ապա, Ձեր գնահատմամբ, ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե այդ անվտանգության գոտին անցնի Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ես դժվար եմ պատկերացնում, որ այդ գոտին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Ես կարծում եմ, որ առաջին` նման սցենարը բավական ցածր հավանականություն ունի: Երկրորդ` դա այն գոտին է, որը ապահովում է մեր անվտանգությունը, դրա համար էլ այդպես Է կոչվում: Կարծում եմ, որ հայկական կողմը բավական ադեկվատ քայլերի է դիմում: Հատկանշական է, որ այսօր ռեալ քայլեր են կատարվում Երևան-Ստեփանակերտ օդային կապի հաստատման ուղղությամբ: Որպես վերլուծաբան` ենթադրում եմ, որ արդյունքում կձևավորվեն նաև ԼՂՀ ռազմաօդային ուժերը, ինչը էապես կփոխի ռազմաքաղաքական իրադրությունը ԼՂՀ-ում: Պրն Հարությունյան, ասացիք, որ ադրբեջանցիները` որպես էթնոս դեռևս չեն ձևավորվել, և այդ իսկ պատճառով գաղափարախոսության կարիք ունեն, որը որոշել են, որ պետք է հակահայկականությունը լինի: Այս պարագայում իմաստ ունի՞ ադրբեջացիների հետ բանակցություններ շարունակել: Կար մի խոշոր դիվանագետ` Թալեյրանը (նա Նապոլեոնի, նաև Լյուդովիկոսի, այսպես ասած, արտաքին գործերի նախարարին էր), որն ասում էր. «Միշտ պետք է բանակցել, բանակցել, բանակցել»: Ես կարծում եմ, որ բանակցային ռեսուրսը սպառված չէ, և չէի ուզենա` համենայն դեպս` որպես վերլուծաբան, որ ընդհանրապես վերանար այս բանակցային գործընթացը. այն, ի վերջո, կողմերի և Մինսկի խմբի համանախագահների համար որոշակի հարթակ է` իրենց մոտեցումները ճշգրտելու համար: Մենք շատ ենք խոսում, որ մեր դիվանագիտությունը ակտիվ չէ, և գուցե երբեմն արդարացի ենք: Սակայն տպավորությունն այնպիսինն է. որ բանակցային գործընթացի արդյունքում ժամանակը, ի վերջո, գործում է մեր օգտին, և կարծես թե այսօրվա մոտեցումները` նույն ԼՂՀ հիմնախնդրին` և մեծ տերությունների, և Հայաստանի, և նույն Ադրբեջանի կողմից, ի վերջո, փոքր-ինչ ավելի հավասարակշիռ են դարձել, այսինքն` արդեն գրեթե կասկածի տակ չէ ԼՂՀ իրավունքը` լինել անկախ հանրապետություն կամ միացված ՀՀ-ին: Օրինակ, նախկինի նման արդեն չեն շոշափվում Գոբլի ծրագրի նման վարկածներ, թե պետք «հանձնել Մեղրին» և այլն: Նման ֆանտաստիկ առաջարկներ այլևս չեն կատարվում և բանակցությունները ընթանում են ավելի իրատեսական հիմքի վրա: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը չգնա ավանտյուրայի և վերջնական չտապալվի այդ ավանտյուրայի հետևանքով, ապա, ի վերջո, հնարավոր են տարբերակներ, որ խնդիրը լուծվի ավելի քաղաքակիրթ ճանապարհով: Ես կարծում, որ ընդամենը նոր փուլ ենք տեղափոխվում, որտեղ գուցե աճելու են Ադրբեջանի նման գործողությունները: Միևնույն ժամանակ դրանք լինելու են արդեն ավարտված փուլի վերջին քայլերը, քանի որ դրանք տանում են փակուղի հենց Ադրբեջանին: Անձամբ համարում եմ, որ ԼՂՀ խնդիրը վաղուց լուծված է: Մնում է ձևակերպումների փուլը: Տեսնենք` դա ինչքան կտևի: Կիպրոսի շուրջ բանակցությունները ընթանում են 40 տարուց ավելի: Բանակցությունները կարող են շատ երկար տևել, և ոչինչ, դրանից չպետք է շատ մտահոգվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter