HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կարեն Ղարսլյան. «Հայաստանը նույնքան մուրացկան է, որքան ես ու իմ գիրքը»

Կարեն Ղարսլյանի հետ համացանցային զրույցների ընթացքում չէր լինում մի դեպք, երբ չխոսեինք իր գրքի մասին: Վերջին անգամ ասաց. «Արդեն ծնվում է, ջրերն են գնում»: Մի քանի օր անց` հունիսի 9-ին, Սիրահարների այգում մի խումբ գրողներ, գրականագետներ ու քննադատներ նշում էին «Գրողի ծոցը. երեսուն ու ութ տձեւ հայրեն» մեկ օրական գրքի ծնունդը:

Ուշացած այգի հասա, փնտրեցի նորածնին, գտա, հանգանակեցի, վերցրի, շոշափեցի, մի քիչ կարդացի ինձ արդեն ծանոթ մի քանի հայրեն ու փորձեցի ինտեգրվել գրողների խմբին, որ պաշտոնական մասի ավարտից հետո սկսել էին ջերմորեն զրուցել թե գրքի, թե գրականության մասին: Իսկ հեղինակին կարող էիր հանդիպել միայն համակարգչի էկրանից այն կողմ, քանի որ Կարենն ԱՄՆ-ում է ապրում: Ամենաշատը քննարկման արժանացան գրքի թեմատիկան եւ «անցենզուր» արտահայտությունները: Եթե Նահապետ Քուչակն իր հայրեններում գրում էր սիրո գեղեցիկ դրսեւորումների մասին` չհասնելով դրա ֆիզիկական արտահայտումներին, 21-րդ դարի երիտասարդ գրող Կարենը նկարագրում է տղամարդու եւ կնոջ սեռահարաբերման գեղեցկությունը: Վահան Իշխանյանը, ով Կարենի ընկերն է եւ գրքի հրատարակման աջակիցներից մեկը, կարծում է, որ այսօրվա երիտասարդությանը «Գրողի ծոց»-ը շատ անհրաժեշտ է. «Իմ պատկերացմամբ` Հայաստանում գրականությունը շատ կաշկանդված է, իսկ Կարենի պոեզիան ազատված է այդ տաբուներից եւ, իսկապես, ինքնաբուխ գրականություն է: Նրա միտքը կոմպրոմիսի չի ուզում ենթարկվել, չի հարմարվում հասարակությանը: Հայ իրականությունում սերը միշտ անջատվում է ֆիզիկական հպումից: Եթե նկատել եք, տղաներն ու աղջիկներն իրենց սերը վախենում են արտահայտել ֆիզիկական հակումներով, եւ դա ընկալում են որպես վատ բան: Կարենի պոեզիան ցույց է տալիս, որ սեքսն իրականում շատ լավ բան է եւ կարող է շատ գեղեցիկ լինել: Նրա բանաստեղծությունները հաճույքի պոեզիա են, իսկ նրանք, ովքեր չեն ընդունում, թող նստեն իրենց տանը եւ չընդունեն»: Ընդունել-չընդունելու մասին քննադատ Սիրանույշ Դվոյանը կարծում է. «Այն, ինչ արդեն գրվել է եւ ունի թեկուզ մեկ ընթերցող, իրավունք ունի ստեղծվելու: Եթե հեղինակը գրել եւ հրատարակել է, ուրեմն նա կարծում է, որ դրա անհրաժեշտությունը կա: Գրականություն ասվածը ինչ-որ որոշված սահմանում չէ. ընթերցողն է որոշում` դա գրականությու՞ն է իր համար, թե՞ ոչ: Իսկ եթե գրականություն էլ չէ, ուրեմն ուրիշ մի բան է, բայց պետք է լինի. մերժումը ճիշտ չէ»: Երիտասարդ գրող Կարեն Անտաշյանը կարծում է, որ գրականության հիմք ծառայող ներկա իրականությունը նույնն է բոլոր երիտասարդ ստեղծագործողների համար. «Ուղղակի Կարենը հետաքրքիր է էքսպերիմենտալ առումով: Այն լեզվական կառույցներն ու թեմատիկան, որ նա օգտագործում է, ավելի շատ էքսպերիմենտի համար են ինձ հետաքրքրում, թե ինչ կստացվի արդյունքում: Ժամանակակից գրականության մեջ նրա բանաստեղծությունները հաստատ որպես երանգ են հանդիսանում` իրենց ինքնատիպությամբ եւ հետաքրքրությամբ: Կարծում եմ` այդ բանաստեղծություններն էլ կզտվեն, կմաքրվեն` գրականություն համարվելու համար»: Գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ով գրախոսել է Կարեն Ղարսլյանի առաջին գիրքը, համարում է, որ Կարենը միանգամայն նոր ձայն է մեր գրականության մեջ. «Նոր գրքին դեռ ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց տեսնում եմ, որ այստեղ էլ Կարենի լեզուն «իր-ական» ա, այսինքն` առարկայական ա: Այստեղ հարցն էրոտիկը չի, այլ այն, որ նրա բանաստեղծությունն ամբողջովին ազատվում ա աբստրակտ, անորոշ համարվելուց: Էն, ինչ Կարենը ներկայացնում ա, քո կողքին ա, սերն էլ ա քո կողքին: Անընդհատ կարդալով` միօրինակություն զգում ես, բայց պարտադիր չի նստել ու գիրքը մի օրում կարդալ: Մի բան էլ. բանաստեղծությունները, սովորաբար, տխուր են լինում (իմ բանաստեղծություններն էլ, օրինակ), բայց Կարենի պոեզիան հրճվանքի բանաստեղծություն ա ամբողջովին»: Լսելով բոլորի կարծիքները` երեկոյան վերադարձա տուն` Կարենի հետ խոսելու: Նրան, իհարկե, գտա համացանցում: Ստորեւ ներկայացնում եմ ձեզ մեր զրույցը:

Ի՞նչ ես զգում:

Եսիմ, նախանձում եմ բոլորիդ, որ գիրքը ֆիզիկապես շոշափում եք ու թերթերի արանքից կարող եք հոտ քաշել: Մորս երեկ խնդրեցի, որ գիրքը հեռախոսափողին մոտեցնի ու եզրը ճկելով` բաց թողնի թերթերը, որ լսեմ էջերի շշունջը:

Այսօր ոգեւորված գիրքդ տվեցի մեկին, որ կարդա, նայեց-նայեց, ասաց` բացատրու՞մ է, թե սեքսն ինչ է: Ես էլ ասացի, որ հեղինակից կհարցնեմ: Հիմա հարցնում եմ:

Բացատրական աշխատանքներ կատարելու գործառույթ չեմ իրականացրել: Երեւի թե ավելի ճիշտ կլինի օգտագործել ֆեյսբուքյան եզրույթներից մեկը` կիսվել եմ սիրո, սեքսի ու էրոտիզմի, ինչպես նաեւ լիբիդոյի շուրջ իմ խորհրդածություններով:

Մեկ ուրիշն էլ ասաց, որ ագրեսիա կա մեջը: Հոգեբու՞յժ էր: Չէ, երիտասարդ աղջիկ: Երթուղայինում խնդրեց, որ տամ` կարդա: Կարդաց, հետո ասաց` ես դասական եմ սիրում, իսկ սա ագրեսիվ էր: Բացատրությունը ես չունեմ, միգուցե դու ունենաս:

Նա երեւի օրորոցային ի նկատի ուներգ Ընթերցողին հաճոյանալու միջոցով նրա սիրտը շահել կարելի է, բայց խելքը` դժվար: Այնուամենայնիվ, նպատակահարմար չէ քննարկել մի կարծիք, որն այդ աստիճան ընդհանրական դիագնոստիկ որակ ունի:

Փաստորեն, դիագնոստիկ որակի մտածելակերպ ունեցողներին հանեցի՞ր ընթերցողների շարքից:

Իմ դիտարկումները հուշում են, որ հայերը հաճախ իրենց կարծիքը որպես փաստ ներկայացնելու հակում ունեն: Այսինքն` հազվադեպ կլսես «Իմ համեստ կարծիքով» արտահայտությունը:

Ասում ես` գնացել ես Հայաստանից, որովհետեւ այս միջավայրը փակում էր քեզ: Հետաքրքիր է, որ հավաքել ես մտքերդ, զգացողություններդ, գաղափարներդ ու անկեղծ պոռթկումներդ, դրել մի գրքի մեջ ու ուղարկել հենց այս միջավայրի համար. ինչու՞:

Այնպիսի հարցեր ես տալիս, որ պատրաստի պատասխաններս ընկճվում են ու նահանջում` ինձ ստիպելով նոփ-նոր պատասխաններ գտնել: Նախեւառաջ լեզվի առումով. գիրքը գրված է հայերենով, հետեւաբար թիրախային ընթերցողի առյուծի բաժինը Հայաստանինն է: Բացի դրանից, Ֆեյսբուքն ինձ գողացավ էստեղից ու վերադարձրեց Հայաստան: Վերաինտեգրվեցի հայաստանյան հասարակություն, ու ինձ փոշեկուլի պես ներքաշեցին հայաստանյան խնդիրները, որոնք կարծես խոհական լուծում են մուրում ավելի շատ, քան ֆինանսական:

Մուրացկանին «Գրողի ծո՞ցն» ես ուղարկել` իբրեւ խոհական լուծում:

Ես մարտահրավերի սիրահար եմգ Հայաստանը նույնքան մուրացկան է, որքան ես ու իմ գիրքը:

Իսկ Ամերիկա՞ն:

Ամերիկան էլ համաշխարհային գերակայություն է մուրում:

«Գրողի ծոցը» վերջացրիր, հիմա ի՞նչ ես անելու:

Վերջապես բոլոր ուժերս լարելու եմ անավարտ վեպերս գլուխ բերելու համար: Հաջորդ գիրքս, ամենայն հավանականությամբ, վեպ կլինի: Թեմատիկ փոփոխություններ կլինե՞ն: «Գրողի ծոցը» ժողովածուի մեջ ես, փաստորեն, կենտրոնացրի բոլոր սիրաէրոտոսեքսալիբիդափիլիսոփայական երկերս, իսկ վեպը, որ պիտի հրատարակեմ, շատ ավելի լայն ու ընդգրկուն տիրույթ ունի:

Ի՞նչ տիրույթ, որտե՞ղ:

ՀԱՅԱՍՏԱՆ կրկին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter