HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Արիստոմենե Վարուդակիսը գնալուց առաջ խոսում է հանքարդյունաբերության ստվերի մասին

Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ավարտում է Հայաստանում իր առաքելությունը: Մեկնելուց առաջ նա խոսեց Հայաստանի տնտեսության ստվերի մասին: Անցած ուրբաթ նա հայտարարեց` Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ 35-40 տոկոսը: Ա. Վարուդակիսը ստվերը մեծ համարեց հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: Ըստ նրա` ՀԲ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 25 մլն դոլարի վարկի որոշ մասը նախատեսված է հենց հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական եւ կառուցվածքային փոփոխություններ կատարելու համար: «Ես չեմ կարող ասել, թե որքան է կազմում թերհարկումը հանքարդյունաբերության ոլորտում. դա լուրջ հետազոտության նյութ է: Սակայն հանքարդյունաբերության հարկման օրենսդրությունը Հայաստանում շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան աշխարհի շատ երկրներում: Մշակվող նոր օրենսգրքի միջոցով հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել մի քանի ուղղություններով, պատշաճ կերպով կգնահատվի շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը` բնական ռեսուրսների, առաջին հերթին անտառների պահպանմանը համահունչ Հայաստանի պատշաճ զարգացումը ապահովելու նպատակով»,- ասաց Ա. Վարուդակիսը: Չգիտեմ, թե ինչ հետազոտությունների արդյունքում է նա նման եզրակացության եկել, սակայն անցած հինգ տարիների ընթացքում կատարած մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ հանքարդյունաբերության ոլորտում ստվերայնությունը կազմում է մոտ 70 տոկոս: Հանքարդյունաբերությունը ամենաշահութաբեր ոլորտն է Հայաստանում, եւ այստեղ գործում է ջունգլիների օրենքը: Կոռուպցիոն գործարքների շղթան սկսվում է առաջին փուլից` ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիա ստանալուց, մինչեւ արտադրանքի իրացումը: Հասկանալու համար, թե ինչու է հանքարդյունաբերությունն այդչափ ստվերում եւ անվերահսկելի, բավական է նշել այս ոլորտում մի քանի խաղացողների անուններ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան, ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյան, Գագիկ Ծառուկյան, բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, Սաուդյան Արաբիայի եւ Դուբայի շեյխեր, հայ եւ ռուս օլիգարխներ... Թվարկումը կարելի է շարունակել այլ նախարարների, մարզպետների, գեներալների, տարբեր տրամաչափի պաշտոնյաների անուններով: Խոշոր արտահանողները օֆշորային գոտիներում գրանցել են դուստր ձեռնարկություններ եւ իրենց հիմնական գործարքները կատարում են դրանց միջոցով, որոշ դեպքերում հենց ընկերություններն են գրանցված օֆշորային գոտում: Դա պաշտոնյաների անունները, նրանց մասնաբաժինները թաքցնելու եւ, իհարկե, հարկերից խուսափելու համար է: Պաշտոնյաները լիցենզիաներ են ստանում եւ որոշ ժամանակ անց դրանք վաճառում տասնյակ միլիոնավոր դոլարներով: Օրինակ` Հանքավանի ոսկու հանքավայրի լիցենզիան մոտ 30 մլն դոլարով մի քանի տարի առաջ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը վաճառեցին ռուսներին: Երկուսն էլ ունեն տասնյակ հանքավայրեր եւ այժմ էլ պարբերաբար դրանք վաճառելու շուրջ բանակցություններ են վարում: Ընդ որում` ուսումնասիրության լիցենզիաներ ստացած ընկերությունները ցույց են տալիս, թե հետազոտական աշխատանքներ են կատարել են, մինչդեռ իրականում ոչինչ չեն անում: Նրանք այդ ուսումնասիրությունները ձեռք են բերում, գնում են (իրավապահների համար դժվար չէ պարզել, թե որ դեպքում ումից են գնել եւ ինչքանով) Խորհրդային Միության տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքները, դրանցում փոխում են որոշ թվեր եւ ներկայացնում գնորդին: Շահագործողները թաքցնում են նաեւ հանքանյութի իրական ծավալները: Այն գրեթե չի վերահսկվում, ինչ ծավալ ուզենան, կարող են գրել, իհարկե` որոշակի կաշառքի դիմաց, շատ հաճախ «որոշվում է» նաեւ տուգանք գրել: Հաջորդ փուլը խտանյութի պարունակության մասին փաստաթղթերի «պատրաստումն» է: Սրանք, որպես կանոն, որեւէ առնչություն չունեն իրական պատկերի հետ: Ասենք` պղնձի խտանյութի մեջ այնպիսի պարունակություն կարող է լինել, որը մի քանի տասնյակ անգամ թանկ կարող է արժենալ, քան ինքը` պղնձի խտանյութը: Կամ` ոսկու պարունակությունը նույն պղնձի խտանյութի մեջ, դրանից կախված` խտանյութը կարող է մի քանի անգամ ավելի բարձր գին ունենալ: Բայց Հայստանում սա էլ բացարձակապես չի վերահսկվում: Իհարկե, կա նման մարմին, բայց այդ մարմնին ուղղակի ասվում է, թե ինչպիսի «պարունակություն» է պետք նշել: Դրա դիմաց, անշուշտ, համապատասխան վճարում է կատարվում: Այս ամբողջ շղթայում ամենավտանգավոր պահը բնապահպանությունն է: Գործող հանքավայրերի կամ ձեռնարկությունների շրջակա տարածքներն այսօր վերածվել են բաց թունավոր գերեզմանոցների: Քաջարան, Կապան, Ախթալա, Ալավերդի, Արարատյան դաշտավայրի ոսկու ձեռնարկության պոչամբար` սրանք մեռյալ գոտիներ են, որոնք այլեւս վերականգնել հնարավոր չէ: Ինչպիսի օրենսդրական փոփոխություններ էլ անի Կառավարությունը, ելակետը պետք է լինի բնությունը, նրան հասցրած վնասները նվազագույնի հասցնելը: Այդ ընկերությունների գերշահույթները պետք է ուղղվեն նախկինում բնությանը նրանց հասցրած վնասները վերականգնելուն եւ արտադրությունն էկոլոգիապես անվնաս դարձնելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter