HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Նոր Ձորաբերդի» սեփականատիրոջ որդիները դատապարտվեցին

«Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրի սեփականատեր Սամվել Գրիգորյանի որդիները` Պարգեւը եւ Գոռը, դատապարտվեցին` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Խուլիգանություն» կատարելու համար: Դատավորը Մնացական Մարտիրոսյանն էր, մեղադրողը` Կորյուն Փիլոյանը: Երկուսն էլ հանրությանն ավելի շատ հայտնի են «Մարտի 1»-ի գործով: Սակայն, ի տարբերություն հիշյալ գործի, այս դեպքում երկուսն էլ բավականին մեղմ էին տրամադրված ամբաստանյալների նկատմամբ, ինչի կապակցությամբ վերջիններիս պաշտպան Սեյրան Գրիգորյանը նույնիսկ շնորհակալություն հայտնեց Կորյուն Փիլոյանին: Մեղադրական ճառը ներկայացնելիս Փիլոյանը դատարանից պահանջեց Պարգեւին ազատազրկել 2 տարի ժամկետով, իսկ Գոռին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից` նրա նկատմամբ սահմանելով 1,5 տարվա փորձաշրջան: Առաջադրած մեղադրանքը իբրեւ պատիժ սահմանում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով դատաքննությունների ժամանակ նույն դատախազ Փիլոյանը եւ դատավոր Մնացականյանն առավելապես հակված էին նույն հոդվածով մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստներին ենթարկել ավելի խիստ` ազատազրկման ձեւով նշանակված պատժի: Պարգեւ եւ Գոռ Գրիգորյանները լիովին ընդունել էին իրենց մեղքը, դատարանից խնդրել` կիրառել արագացված դատաքննության կարգ, իսկ վերջին խոսքում դատավոր Մնացականյանից հայցեցին մեղմ վերաբերմունք: Այս տարվա ապրիլի 3-ին Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում` Ֆրանսիական հրապարակում, Պարգեւ Գրիգորյանն իր վարած «Լենդ կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայով, խախտելով երթեւեկության կանոնները, հարվածել է «Օփել վեկտրա» մակնիշի ավտոմեքենային: Վերջինս քիչ անց դեպքի վայր հասած եղբոր` Գոռի հետ «Օփելի» վարորդին հայհոյել է` պահանջելով, որ հենց նա փոխհատուցի մեքենայի վնասը: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին` Արշակ Սարոյանին եւ Կարեն Հակյանին, չի հաջողվել եղբայրներին կարգի հրավիրել: Ավելին` վերջիններիս նույնպես բաժին են հասել Գրիգորյանների հայհոյանքները. եղբայրները սկսել են իրավապահներին քաշքշել, հարվածել եւ պոկել ուսադիրները: Խուլիգանությունը եւ ոստիկանների նկատմամբ բռնության գործադրումը Գրիգորյան եղբայրները շարունակել են նաեւ Ոստիկանության Կենտրոնի բաժնում: Ընդ որում` Պարգեւ Գրիգորյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Մեղադրող-դատախազ Կորյուն Փիլոյանը մեղադրական ճառում, անդրադառնալով ծանրացուցիչ հանգամանքների բացակայությանը, հատուկ շեշտեց, որ հանցանքի պահին խմած լինելը չի կարող դիտվել իբրեւ ծանրացուցիչ հանգամանք: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախօրեին Պարգեւ Գրիգորյանին դատապարտեց 1 տարվա ազատազրկման եւ 500 հազար դրամ տուգանքի, իսկ Գոռ Գրիգորյանին ազատ արձակեց հենց դատարանի դահլիճից` նրա նկատմամբ սահմանելով 1 տարա փորձաշրջան: Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter