HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հերթական պրեմիերան` Էջմիածնի թատրոնում

Երբ ամառվա տապին մարդիկ գնում են հանգստանալու, վայելելու իրենց ամառային հանգիստը, Էջմիածնի քաղաքային թատրոնում հերթական պրեմիերան են ներկայացնում: Վերջին տարիներին Էջմիածնում հաճախակի են պրեմիերաներ լինում, մարդիկ էլ սիրով այցելում են: Մորիս Հենեքենի «Բեբեկս, կամ ախ այս ստախոս կանայք» կատակերգությունը բեմադրող ռեժիսոր Գրիգոր Ամյանը ինքնատիպ էր մեկնաբանել: 450 տեղանոց դահլիճում մոտ 300 մարդ էր հավաքվել: Պրեմիերան անվճար էր ցուցադրվում, բայց հետո ներկայացումը վճարովի կլինի: Պատմության հերոսները երկու մտերիմ հարևաններ են ու հանկարծ կնոջ միամիտ սուտը զավեշտալի իրադարձությունների պատճառ է դառնում: Մեկի ամուսինը սրճարանում ճաշելիս է լինում, հանկարծ ներս է մտնում հարևանի կինը, նրանք միասին ճաշում են, իսկ խոհարարը խաբար է հասցնում կնոջ ամուսնուն` թե կինդ սիրեկանի հետ ճաշում էր, այստեղից էլ սկսվում է պատմությունը: Խանդոտ ամուսինը փորձում է գտնել կարծեցյալ սիրեկանին, որում նրան պետք է օգնի հենց բամբասանքի զոհ դարձած հարևանը: Փնտրտուքներն անարդյունք անցնելուց հետո` ամուսինը լքում է կնոջը, և ամուսնուն վերադարձնելու մեկ հնարավորությունն է միայն մնում` նորածին երեխա և կրկին նորածին սուտ: Դերասան Գագիկ Վարդանյանը, ով մարմնավորում է կեղծ սիրեկանին, խոստովանում է, որ կյանքում նման իրավիճակներում նույն կերպ կվարվեր, ինչպես վարվում է իր կերպարը բեմում: Կատակով ասում է նաև, որ կինը չի կարող «միամիտ» ստել. «Ստախոս» կնոջ կերպարը ներկայացնող Գայանե Հովսեփյանը իրական կյանքում չի սիրում ստել, բայց գտնում է, որ սուտն էլ է հարկավոր երբեմն, հատկապես կնոջը. «Եթե սիրում ես ամուսնուդ ու դա անում ես ընտանիքդ պահելու համար, կարծում եմ` կարելի է մի թեթև ստել, բայց ոչ մեր կերպարների պես»: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոստացավ ևս մեկ ներկայացման պրեմիերա մինչև տարեվերջ, ինչպես նաև երեք ներկայացումներ արդեն եղած խաղացանկից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter