HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին փոխհատուցել

ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների օրերս արած հայտարարությունը` ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համարում էր սպասելի եւ դրանում ոչ մի վտանգ չի տեսնում: Պարզապես, ըստ նրա, մտահոգիչը թարգմանական «սխալի», ըստ այդմ` հայտարարության անգլերեն եւ ռուսերեն տեքստերի տարբերությունն է: Քաղաքագետի խոսքերով` դա գուցե պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն փորձում է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ մինչ այդ` հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, նույն ԱՄՆ-ն ամեն կերպ փորձել էր Ադրբեջանին մեկուսացնել այդ գործընթացից: Իսկ հիմա, բարելավելով հարաբերությունները, փորձում է կատարվածի համար փոխհատուցել, մանավանդ հաշվի առնելով Աֆղանստանի իրադրությունը, երբ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար լուրջ տարանցիկ երկիր է թե զենք-զինամթերքի, թե զորքերի առումով: Բոզոյանի կարծիքով` պատներն ավելի է ամբողջացնում Ղրղզստանում եւ, ընդհանրապես, Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը, ինչի պատճառով էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումն ԱՄՆ-ի համար էլ ավելի կարեւոր է դառնում: «Սրանով եմ ես բացատրում այդ նյուանսները թարգմանության հետ կապված: Սակայն ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, մեծ վտանգներ սպասել պետք չէ, որովհետեւ, ըստ էության, որեւէ պարտադրանք չի կարող լինել այս տարածաշրջանում, որովհետեւ չկա այն միասնական միջազգային հանրության ուժը, որը կարող է միասնական ջանքերով ճնշումներ գործադրել որեւէ կողմին»,- ասում է Երվանդ Բոզոյանը: Մյուս կողմից` հայտարարության թարգմանական «սխալը», ըստ քաղաքագետի, ցույց է տալիս, որ հայկական կողմը դիվանագիտական ճակատում Ադրբեջանին զիջում է, ինչը պայմանավորված է նաեւ մեր մյուս հարեւանի` Թուրքիայի հետ. «Այսինքն` Թուրքիան, փաստորեն, իր ակտիվ դերով փորձում է հավասարակշռությունը խախտել հօգուտ Ադրբեջանի եւ, կարծես թե, նրան որոշ ուղղություններով դա հաջողվում է»: Երեք նախագահների հայտարարության դրական կողմը քաղաքագետի գնահատմամբ այն է, որ դրանում կրկին խոսվել է ուժի կիրառման անընդունելիության մասին, ինչը, նրա կարծիքով, տարածաշրջանում կատարում է սթափեցնող դեր` պատերազմի հնարավոր վերսկսման առումով: «Ըստ էության, միջազգային հանրությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ չի ողջունի այդպիսի գործողությունները եւ կրկին շաշտադրում են, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Սա բավականին լուրջ կարող է ազդել Ադրբեջանի վրա»,- նշում է քաղաքագետ Բոզոյանը: Նա չի կիսում մամուլում հնչած այն տեսակետը, թե հունիսի 18-ի միջադեպի կապակցությամբ միջազգային հանրության տված մեղմ գնահատականը, ըստ էության, ինչ-որ առումով խրախուսում էր Ադրբեջանին. «Կարծում եմ, որ միջնորդներն ուղղակի չեն ուզում սրել իրավիճակը տարածաշրջանում: Նրանք փորձում են հավասարակշռված քաղաքականություն տանել, եւ դրանով է պայմանավորված նրանց այսպիսի դիրքորոշումը»: Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի հայտարարությանը անմիջապես հետեւել է մեր արտգործնախարարության դրական արձագանքը, որը, քաղաքագետ Բոզոյանի գնահատմամբ, տեղին չէր: Վերջինս մանրամասնում է, որ նման դեպքերում Հայաստանը պետք է մի փոքր ծանրակշռություն դրսեւորի, ինչպես Ադրբեջանը, քանի որ արագ արձագանքը չի ենթադրում, որ միջնորդներն անմիջապես սկսելու են քեզ գովել: «Ես չեմ ասում` գնահատականն այլ լիներ, բայց ծանրակշռություն դրսեւորելով մենք մեր դիրքերը չենք զիջում, այլ ճիշտ հակառակը,- ասում է նա,- միջնորդների նպատակն ինչ-որ ընդհանուր հայտարարի գալն է: Եթե միանգամից դրական արձագանք է հետեւում` Ադրբեջանի համեմատությամբ, այստեղ միջնորդներին մտածելու տեղ ենք տալիս: Ադրբեջանն իրեն ծանր է պահում եւ այդ իմաստով` նրանց դիրքորոշումը բավականին տրամաբանական է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter