HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերեն գիրքն անհասանելի շքեղություն է Սյունիքի մարզի նախկին ադրբեջանաբնակ համայնքներում

2009թ. հունիսի 26-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարցրի, թե ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում նախկին ադրբեջանաբնակ համայնքների գրադարանները հայերեն գրքերով ապահովելու ուղղությամբ: Նա պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, որ նման խնդիր կա, և որևէ մեկն այդ հարցով նախարարությանը չի դիմել: Մեր մտահոգությունն այն ժամանակ վերաբերում էր, մասնավորապես, Սիսիանի տարածաշրջանի գյուղական համայնքներին, որտեղ նախկինում ադրբեջանցիներ են բնակվել, և որոնց մեծ մասի գրադարաններում (եթե որպես այդպիսին պահպանվել են) հայատառ գրքեր չկան: Այդ ժամանակ Սիսիանի Աղիտու համայնքի ղեկավար Հրաչիկ Հայրապետյանը մտահոգություն էր հայտնել այն առթիվ, որ տեղական իշխանությունը «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրով վերանորոգել է գյուղի ակումբ-գրադարանի շենքը, սակայն բացի մի քանի անուն անգլերեն գրքերից, որոնք հիմնականում համայնքի գործընկեր միջազգային կազմակերպություններն են նվիրել` որևէ այլ գիրք չունեն, եթե չհաշվեն նկուղում մինչ այսօր պահվող ադրբեջաներեն գրքերը: Ադրբեջանցիների մայրենի լեզվով տպագրված գրքերը, մասնավորապես, հանրագիտարանները մինչև այժմ պահպանվում են նաև Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Շվանիձորի դպրոցի գրադարանում: «Ափսոսում եմ, բայց դե հայատառ գիրք էլ չունենք: Աշակերտներից շատերը, եթե անձնական գրադարան չունեն, հայ դասական գրողների գրքերի մասին միայն լսել են կամ ծանոթ են դասագրքերով, լավագույն դեպքում կարող են այդ ստեղծագործությունների առանձին հատվածներ կարդալ նախկինում հրատարակված քրեստոմատիաներից»,-ասում  է դպրոցի տնօրեն Անահիտ Զաքարյանը: Գործընկերոջ մտահոգությունն ունի նաև նախկին ադրբեջանաբնակ Ալվանք գյուղի դպրոցի տնօրեն Զոյա Համբարձումյանը: Նա նշում է, որ բազմաթիվ նամակներ է ուղարկել տարբեր կազմակերպությունների, սակայն դեռևս արձագանք չի ստացել: Մեղրի քաղաքի թիվ 2 դպրոցի տնօրեն Լիլիթ Պողոսյանի խոսքով` քաղաքում գործում է ընդարձակ գրադարան, որը սակայն ունի ոչ միայն նոր հրատարակված, այլև դասական ստեղծագործություններ ընդգրկող գրքերի կարիք: Նա նշում է, որ թե իրենց դպրոցի, թե քաղաքի գրադարաններում եղած գրքերն այնքան են «նորոգվել», որ հաճախ դրանց էջերի մի մասն այլևս հնարավոր չի լինում «վերակենդանացնել»: Լեհվազ գյուղի դպրոցի տնօրեն Ժորա Միրզոյանը ևս անհրաժեշտ է համարում դպրոցական գրադարանների գրքերի տեսականին մասնավորապես նոր հրատարակվող գրքերով թարմացնելը: Նա միաժամանակ շեշտում է, որ դպրոցն այսօր չունի ֆինանսական միջոցներ, որ կարողանա բազմաթիվ հոգսերի կողքին «այդպիսի շռայլություն» թույլ տալ: Վարդանիձոր գյուղի դպրոցի տնօրեն Լարիսա Արզումանյանի խոսքով` եթե մայրաքաղաքի դպրոցի աշակերտն իր գիտելիքները հարստացնելու համար կարող է օգտվել նաև ինտերնետային հրատարակություններից, ապա հանրապետության հեռավոր գյուղերի աշակերտների միակ հուսալի «օգնականը շարունակում է մնալ գիրքը, որը, սակայն, այսօր դարձել է բազմաթիվ անհասանելի շքեղություններից մեկը»: Մեկ անգամ ևս նշենք, որ գյուղական գրադարանների այսօրվա վիճակը լայնածավալ ուսումնասիրության կարիք ունի: Այնուամենայնիվ խոսքն այս անգամ վերաբերում է այն գրադարաններին, որոնք մի շարք մարդկանց բարեխղճության շնորհիվ շարունակում են գոյատևել, սակայն... առանց մայրենի լեզվով գրքերի: Եվ մինչ մայրաքաղաքում քննարկումներ են ծավալվում մայրենի դպրոցների պահպանության, փողոցներում գրքի առևտրի կանոնակարգման շուրջ, հանրապետության հեռավոր մարզի գյուղերում աշակերտները պարապությունից շարունակում են կամ նախկին հարևանների լեզուն ուսումնասիրել, կամ հիանալ անընդհատ երթևեկող ներկա դրկիցների բեռնատարներով... Հ.Գ. Տարիներ առաջ մարզային տպագիր լրատվամիջոցների խնդիրների շուրջ ծավալված քննարկումներից մեկի ընթացքում այն ժամանակ լրատվամիջոցների խնդիրներով մտահոգ, այժմ արդեն եկամտամբեր պաշտոն զբաղեցող մի երիտասարդ տարակուսանք հայտնեց, թե ինչպես է, որ մարդիկ կարողանում են 150 դրամ վճարել 1 շիշ «Կոկա-կոլա» գնելու համար, սակայն թերթի իրացման դեպքում վկայակոչվում է նրանց սոցիալական վիճակը: Նրա համոզմամբ` պատճառը մի կողմից պահանջարկն է, մյուս կողմից` արտադրվող ապրանքի` թերթի կամ զովացուցիչ ըմպելիքի որակը: Հույս ունենալով, որ այսպես կարող են մտածել նաև այլ մարդիկ` ուզում եմ կոչ անել նրան (ով, կարծում եմ, որ կկարդա այս հոդվածը), ինչպես նաև ամռան շոգին իրենց ծարավը զովացուցիչ ըմպելիքներով (արդեն ոչ 150 դրամանոց) հագեցնող այլ մարդկանց` մի քանի շիշ հյութի խնայողության միջոցով աջակցել հեռավոր համայնքների դպրոցների գրադարանները հայատառ գրքերով ապահովելուն: Առայժմ այս նախաձեռնությանը միացել են «Գորիսի մամուլի ակումբ» և «Տիկնանց օջախ» հասարակական կազմակերպությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter