HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հայաստանը տասը տարեկան էր, երբ ես ծնվեցի

Արմավիրում ապրելուս առաջին իսկ օրվանից որոշում կայացրի, որ անկախ նյութի տեսակից եւ հանդիպումներից, երեխաների հետ ավելի հաճախ եմ շփվելու:

Դա նաեւ պայամանավորված էր այս մարզում կատարածս աշխատանքի բնույթով: Եղա Առատաշենի, Գայի, Նորակերտի, Հայկաշենի, Ապագայի, Փարաքարի եւ Էջմիածնի մի քանի դպրոցներում: Գրեցի աշակերտների, նրանց ցանկությունների, դպրոցական առօրյայի մասին: Բայց այս անգամ պատմությունն ամբողջովին այլ էր:

Նորակերտի միջնակարգ դպրոցում հանդիպեցի տասնամյա Մկրտիչ Առաքելյանին: Սկզբում նա ընկերների հետ էր: Ակնհայտ երեւում էր, որ կարողանում է ուղղորդել նրանց: Երկու ձեռքը ծնկներին սեղմած` մտածողի պես կիտել էր հոնքերը: Երբ նրան խնդրեցի զրուցել հետս, նախ հարմար դասասենյակ գտավ, հետո ընկերներից մեկը բերեց նրա պայուսակը:

Զրույցի ընթացում պարզվեց, որ Մկրտիչի հայրը ֆիզիկայի դասախոս է, իսկ պապը` մաթեմատիկայի ուսուցիչ:

- Երեւի դու էլ այդ ուղղությամբ շարունակես, հա՞:

- Չէ, ես ուզում եմ զինվոր դառնալ, եթե այլ ցանկություններ չլինեն:

Սկսեցի զրուցել նրա հետ, ինչպես իմ հասակակցի:

- Ի՞նչ է պետք լավ երկիր ունենալու համար:

- Երեք բան. հավատարիմ ծառաներ, կամավոր զինվորներ լինեն , որոնք մինչեւ վերջին շունչը կկռվեն, եւ մարդիկ, որոնք մեծ իդեաներ պետք է ունենան` երկրի հետ կապված: Ամեն հայ պետք է հավատա, որ երկրին պիտանի է: Եթե երկիրը կիսատ կառուցված մնա, թշնամիներին կհաջովի նվաճել այն: Թերություններ կան, բայց մենք կառուցվում ենք: Հայաստանը տասը տարեկան էր, երբ ես ծնվեցի: Հիմա ես եմ այդքան:

- Քո առաջադիմության մասին իմացա ուսուցիչներից: Գիտեմ, որ գերազանց ես սովորում: Ուսուցիչներդ հիացած են քեզնով: Իսկ ինչու՞ ես որոշել հենց զինվոր դառալ: Պապիկի ու հայրիկի մասնագիտությունը չի՞ հետաքրքրում քեզ:

- Զինվորին առաջին հերթին խելք է պետք, որ կարողանա թշնամուց պաշտպանվել, ճիշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի թշնամուն իր թակարդը գցի... Եւ դրանից հետո` ֆիզիկական ուժ:

- Թշնամիներ... Ովքե՞ր են նրանք:

- Չար երկրներ չկան: Ամեն մեկը  կռվում է իր շահի համար: Համենայնդեպս, մեր թշնամիները երկու կողքի պետություններն են: Թշնամի են, քանի որ կատարել են Հայոց ցեղասպանությունը, Մուսա լեռան վրա մենք մնացինք քառասուն օր մինչեւ եկան ֆրանսիացիները: Իսկ Ադրբեջանը նրանց հպատակ երկիր է. նույն հավատով, նույն լեզվով: Նրանք ծառայում են Թուրքիային: Երբ մեր սեւ օրերն էին, եւ իմ ասած կամավոր զինվորները որսորդական հրացաններով էին կռվում, նրանք հարձակվեցին, բայց մենք հաղթեցինք:

-Լավ տեղյակ ես պատմությունից: Հիմա գիտե՞ս ինչ է կատարվում:

-Նրանք խախտում են հրադադարի ռեժիմը:

-Վերադառնանք գյուղի ապրելակերպին, առօրյային: Ի՞նչ է պետք գյուղին, ի՞նչ է պետք քո ընկերներին:

- Պետք է աշխատավայրեր շատ լինեն, որ երեխաները պարտավոր չլինեն աշխատել ծնողների փոխարեն... Ու վերջ: Իսկ ընկերներիս լավ ընտանիքներ են պետք, լավ կրթություն:

- Հասակակիցներդ հնարավոր է կարդան այս հարցազրույցը...

-Ուզում եմ նրանք պիտանի լինեն երկրին, լավ սովորեն: Պաշտպանեն երկիրը, ինչպես իրենց ծնողներին:

- Բարձրագույն կրթություն ստանալուց հետո գյուղու՞մ ես ապրելու:

-Անպայման:

-Ի՞նչն է քեզ ամենից շատ կապում գյուղին:

-Բնությունը:

Երկար զրուցեցինք Մկրտիչի հետ:

Նրա յուրաքանչյուր պատասխան հնչում էր մաքուր հայերենով, կտրուկ եւ հպարտ: Զրույցի վերջում նրան հարցրի երջանկության մասին.

-Ամեն մարդ ունի իր մտածելակերպը երջանկության մասին եւ մարդիկ չեն կարողանում  հաճախ իմանալ` ինչից է երջանկանում դիմացի մարդը: Պետք է դրա մասին մտածել,- լուրջ տոնով  պատասխանեց տասնամյա զրուցակիցս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter