HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է Հայաստանը ոչնչացնել 20 տարվա ընթացքում

Կոմանդոսի կարծիքով Արցախի վերաբերյալ 3 նախագահների հայտարարությունը «2» գնահատական էր Հայաստանի ղեկավարությանը Ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը Հայաստանի ոչնչացման առաջին քայլը կլինի: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): «Դրանից հետո մենք կհանգստանանք, արդեն կսկսենք բարեկամներ փնտրել թշնամիների մեջ, հետո սկսենք թշնամիներ փնտրել մեր մեջ: Պատկերացրեք` մենք ստորագրենք, որ «ադրբեջանցիներ, դուք եղբայրներ եք»: Կսկսեն պատվիրակություններ գնալ-գալ, Բլեյանը ևս մեկ թիմ կհավաքի, դուք նրանց հետ կգնաք, այնտեղ ձկնկիթ կուտենք: Իսկ հետո կվերադառնաք ու կսկսեք փնտրել թշնամիներ: Մեզ մոտ հետաքրքիր իրավիճակ է: Մենք մեր ուժեղ պետությունից սարքեցինք այնպիսի պետություն, որն այսօր ունենք: Իսկ նրանք` իրենց բաժան-բաժան պետությունից հզոր պետություն սարքեցին»,- ասաց Կոմանդոսը: Նա նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական ծրագիրն է ոչնչացնել Հայաստանը 20 տարվա ընթացքում: Այս ռազմավարական ծրագրի իրականացման առաջին քայլը, գեներալ-մայորի համոզմամբ, ազատագրված հայկական տարածքներից հայկական ուժերի դուրսբերումն է: Ծրագիրը վաղուց է աշխատում. նրանք Հայաստանը շրջափակման մեջ են պահում, բացառում են Հայաստանի մասնակցությունը միջազգային բոլոր շահութաբեր նախագծերին և այլն: «Կա ծրագիր, որ աշխարհի քարտեզին Հայստանը չպետք է լինի: Ադրբեջանն ու Թուրքիան այդպիսի ծրագիր ունեն: Եվ ժամկետ է նշվում 20 տարին, և հայտարարում են պաշտպանության նախարարը և ղեկավարները: Նայեք` ինչպես են դրան արձագանքում զլմ-ները` թե արտասահմանյան, թե մեր ռազմավարական գործընկերների, Եվրամիության երկրները կամ ԱՄՆ-ը. «Դե, ասացին, հետո՞ ինչ, որ Հայստանը գոյություն չի ունենալու»: Սա պանթուրքիզմ չէ: Պանթուրքիզմը ժամկետներ չի սահմանել, իսկ նրանք սահմանել են` 20 տարի, հասկանո՞ւմ եք: Չէ՞ որ սա վիրավորանք է մեզ»,- ասաց Կոմանդոսը: Նա նշեց, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների` Արցախի հակամարտության վերաբերյալ հունիսի 26-ի հայտարարությանը տարբերվում է 3 նախագահների` նախորդ տարվա հայտարարությունից նրանով, որ այս վերջին հայտարարության մեջ կոնկրետ ժամկետներ են նշվում: «Սա պարտվողական տարբերակ է Հայաստանի և Ղարաբաղի համար: Ես երբեք ոչ մի տեղ Հայաստանի համար այսպիսի անհասականալի և վերացական նկարագրություն չեմ տեսել, այդպիսի փաստաթուղթ չի եղել: Այս փաստաթուղթը շատ բացասական է, և չգիտեմ` ով է այն կազմել, և ինչպես կարող էին կազմել: Հասկանալի չէ` ինչ են ուզում ասել ԼՂ-ի մասին: Բայց հասկանալի է, որ «պետք է զորքերը դուրս բերել տարածքներից», իսկ այդ ամենը, բնականաբար, Ադրբեջանի օգտին է: Եթե այդ քայլը արվի, շատ բարդ քայլ կլինի մեր պետության գոյության համար»,- ասաց գեներալ-մայորը: Անդրադառնալով «Հետքի» այն հարցին, թե Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը և հայ պաշտոնյաների խաղաղասիրական կոչերը արդյոք համարժե՞ք են այդ երկու երկրների` Հայաստանը 20 տարում ոչնչացնելու քաղաքականությանը` Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց, որ ոչ մի համարժեքություն չկա: «Այս հայտարարությունը հենց գնահատական է, որը տրվում է մեր Արտգործնախարարության և պետական գործիչների արտաքին քաղաքական գործունեությանը: Այսինքն` «2» է գնահատվում»,- ասաց նա: Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան, այդ թվում` հուլիսի 4-5-ին Հայաստան կատարելիք այցին` Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ պետքարտուղարը կփորձի կյանքի կոչել երեք նախագահների հայտարարությունը: «Հայաստանը գերտերությունների շահերի կենտրոնում է, և այդ գերտերությունները որոշում են մեր ճակատագիրը: Իսկ այն ճակատագիրը, որը նրանք հիմա ուզում են, ողբերգական է: Կարող եմ կրկնել այդ բառը` ողբերգական առաջին քայլն է, որ հասնեն նրան, որը նույնիսկ պանթուրքիզմ էլ չէ, այլ արդեն նոր ռազմավարություն, որն Ադրբեջանն ու Թուրքիան արդեն միասին են ուզում անել` ոչնչացնել Հայաստանը»,- ասաց Կոմանդոսը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե հաշվի առնելով այն, որ մեծ տերությունները կարծես գործելու են հօգուտ Ադրբեջանի` Հայաստանն ի վիճակի կլինի՞ դիմանալ այն ճնշմանը, որը կգործադրի Քլինթոնը կամ Ռուսաստանը: Բանախոսը պատասխանեց, որ պետք է նախագահին, կառավարությանը կից ուղեղային կենտրոն ստեղծել, որը կմշակի, թե ինչ միջոցներ պետք է ձեռք առնել և ինչ ճանապարհով գնալ: Կոմանդոսը նշեց, որ բանակցային գործընթացը խոսակցության վրա է հիմնված, և պետք է որոշակի փաստաթուղթ լինի: Մոսկվայի հռչակագիրը բանախոսն այդպիսի փաստաթուղթ չի համարում` ի տարբերություն Բիշքեքի համաձայնագրի: 1994 թ., երբ ստորագրվեց Բիշքեքի համաձայնագիրը, Ադրբեջանը խնդրում էր հայերին դադարեցնել առաջխաղացումը, և Հայաստանի իշխանությունը գնաց դրան: «Մեր կառավարությունը ընդառաջեց, գնաց Բիշքեք և համաձայնագիր ստորագրեց, և համաձայնագրում կետ կա, որում գրված է. «ուժերը դուրս բերել տարածքներից»: Հասկանո՞ւմ եք` հակառակորդը ծնկաչոք ձեզ խնդրում է, որ դադարեցնեք հարձակողական գործողությունները, իսկ մեր դիվանագետները ստորագրում են փաստաթուղթ, որ «մենք դուրս ենք բերում մեր ուժերը»»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա նշեց, որ հաջորդ բոլոր փաստաթղթերում նշվում է «հայկական ուժերի դուրսբերման մասին», և 3 նախագահների վերջին հայտարարությունը ևս հիմնվում է այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրել են Հայաստանի պաշտոնյաները: «Մենք պարտվում ենք: Մենք պետք է փոխենք մեր դիվանագիտության ֆորմատը: Իմ անձնական կարծիքն է: Եթե ես ինչ-որ բան չեմ հասկանում և սկսում եմ ինչ-որ բանի մասին խոսել ու զառանցել, դա վնասից բացի` ոչ մի բան չի տա: Իսկ մենք ուզում ենք օգուտ տալ: Մենք շատ ենք քննադատում և որքան շարունակենք քննադատել ադրբեջանցիներին և գովենք ինքներս մեզ, ապա ստացվում է, թե «ինչպիսի հայրենասերներ ենք»: Բայց հիմա խնդիրը դա չէ: Հիմա պետք է տեսնենք` ինչ սխալներ ենք գործել, ով է գործել այդ սխալները, ինչպես են գործել այդ սխալները: Մենք վատ ավանդույթ ունենք. մի նախագահն է գալիս, հետո երկրորդը, սկսում են քննադատել իրար, հաշիվներ են մաքրում: Մինչդեռ պետք է փորձ հավաքել և հաշվի առնել, թե ինչ սխալներ են եղել, որ նորից թույլ չտրվեն այդ սխալները: Պետք է ձգտում լինի` իմանալ` ինչն ենք մենք ոչ այնպես արել, որ այդպիսի արդյունքի ենք եկել: Այս արդյունքը, որ մեզ տալիս է համաշխարհային հանրությունը, գնահատական է մեր կառավարության աշխատանքին»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter