HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Կոմանդոսի` հունիսի 18-ի դիվերսիայի ժամանակ հայ հրամանատարները մի շարք սխալներ են արել

«Մեր հրամանատարությունը մի շարք սխալներ է արել: Այնտեղ պետք է պատասխանատու սպաներ լինեին: Մենք վիշտ ունենք. մարդիկ են զոհվել»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` մեկնաբանելով հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը Մարտակերտի տարածք: Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ այժմ հանձնաժողով է աշխատում, որը գնահատական կտա կատարվածին: Հետաքննություն կլինի, մեղավորները կգտնվեն ու կպատժվեն: Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ ինչ սխալ են արել հրամանատարները` Կոմանդոսը նշեց. «Այնտեղ անփորձ զինվորներ են եղել, և նրանց պետք էր չափազանց աչալրջորեն հետևել: Այս դեպքում հրամանատարության մեղքի աստիճանը որոշում է հանձնաժողովը, որը նշանակում է Պաշտպանության նախարարությունը: Որպես զինվորական` կարծում եմ, որ այդ հատվածում թույլացած է եղել ուշադրությունը, բավարար աշխատանք չի կատարվել զգոնության ուղղությամբ: Նրանք պետք է ծառայություն անցկացնեին, և եթե հակառակորդը անցել է, իսկ նրանք չեն իմացել, և հակառակորդը սկսում է թիկունքից սպանել մեր զինվորներին, սա խոսում է այն մասին, որ եղել է որևէ հրամանատարի` դասակի կամ հատվածամասի հրամանատարի մեղքը: Բոլորը կորցրել էին զգոնությունը»: Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով` հակառակ ԶԼՄ-ի հրապարակումների` հունիսի 18-ի միջադեպը եզակի չէ, ադրբեջանցիներն անընդհատ ամբողջ սահմանով սադրանքների են դիմում: Միաժամանակ Կոմանդոսը համաձայն չէ հունիսի 18-ի միջադեպից հետո ստեղված այն տպավորությանը, թե մեր սահմանը շատ թույլ է և ոչ պաշտպանունակ: «Այդ մի դեպքը չի խոսում առհասարակ նրա մասին, թե թույլ ենք: Մեծ աշխատանք է արվում: Նրանք անընդհատ սադրանքների են դիմում, իսկ հետո շատ հմտորեն կոծկում այդ սադրանքները: Իսկ մենք ավելի քիչ ենք ուշադրություն դարձնում, ավելի քիչ ենք մամուլում հրապարակում: Երբեմն ՊՆ-ից է տեղեկատվությունը տարածվում, որ խախտումներ են եղել, և դեպքերի մեծ մասի դեպքում հակառակորդը հանդիպում է այդ սահմաններում գտնվող մեր զինվորների զգոնությանն ու մեծ կորուստներ կրում»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա հավելեց, որ հաճախ ադրբեջանցի զինվորները սպանվում են ադրբեջանական բանակում տիրող բարքերի հետևանքով, բայց սպանության մեղքը բարդում հայկական կողմի վրա: Սակայն հայկական զլմ-ները քիչ են լուսաբանում այսօրինակ դեպքերը: «Որպես զինվորական` խորհուրդ կտայի պատասխան հարված տալ: Բայց դա իմ ցանկությունն է»,- հունիսի 18-ի դիվերսիոն հարձակման մասին ասաց Կոմանդոսը: «Համարժեք պատասխանը կհանգստացի՞ նրանց, կքչացնի՞ ադրբեջանական սադրանքների քանակը» լրագրողի հարցին նա պատասխանեց. «Մեր հրամանատարությունը միշտ ձգտում է, որ այդ սադրանքները քիչ լինեն: Իսկ նրանք անընդհատ են դա անում. ամեն ամիս են այդպիսի սադրանքներ լինում` մեծ մասշտաբներով: Նրանք ուզում են ցույց տալ, որ  «Մեր բանակը շատ ուժեղ է», «Մենք պատրաստ ենք ռազմական գործողությունների»: Նախ և առաջ, սա իրենց պետք է, որ թաքցնեն իրենց թուլությունը: Մեր բանակը և մեր հակառակորդի` Ադրբեջանի բանակը 2 տարբեր բանակներ են, մեկը` մեծաքանակ, մյուսը` փոքրաքանակ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Ադրբեջանի մեծաքանակ բանակը, Կոմանդոսի խոսքերով, բաղկացած է տարբեր, իրար հակասող էթնոսներից` թալիշներ, լեզգիներ, թաթեր և այլն: Ադրբեջանի կազմի մեջ է նաև վրացական Զաքաթալա շրջանը: Բանախոսի խոսքերով` այս ժողովուրդները դարերով ապրել են այդտեղ, ունեն իրենց բարքերը, սովորույթները, լեզուն, նրանց ազգային ինքնագիտակցությունն աճում է, և պատերազմ մղել Ադրբեջանի համար, որը ղեկավարում է Ալիևի կլանը, նրանք չեն ցանկանում: Երկու ամիս առաջ ադրբեջանցիները ձերբակալեցին թալիշ գիտնականի, ով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի թալիշ ժողովրդի պատմությունն էր գրել: Ադրբեջանցիները առգրավեցին և ոչնչացրին գիտնականի գրքերը: «Ադրբեջանում շատ ծանր ներքաղաքական իրավիճակ է: Եվ բանակում էլ նույն վերաբերմունքն է պատերազմի նկատմամբ: Իրենք շատ մեծ ներքին խնդիրներ ունեն»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Կոմանդոսը չբացառեց պատերազմի վերսկսման հնարավորությունը: «Եթե ռազմական գործողությունները սկսվեն, սկզբնական հաջողությունը Ադրբեջանի կողմը կլինի, քանի որ սկզբում կաշխատի իրենց ունեցած տեխնիկան, որից շատ մեծ կորուստներ կլինեն: Իսկ հետո ռազմական գործողությունների մեջ կմտնի կենդանի ուժը, որը կբախվի մեր կենդանի ուժին: Առաջին էտապում հնարավոր է, որ ռազմական գործողություններ վարելու Ադրբեջանին տիպիկ ձևերը (ուժային ճնշումը զինվորի վրա` զինվորին հարձակվել ստիպելը) ժամանակավոր հաջողութուն ունենան: Բայց հետո մեր բանակի մարդկային գործոնը, փորձը, բարոյական ոգին, այն, որ մենք մեր հողի վրա ենք, որ գիտենք ամեն մի թուփն ու փոսը, կհանգեցնեն նրան, որ ադրբեջանական զորքերը ոչ միայն կվռնդվեն, այլև կարող է` պատերազմական գործողություններն այն մյուս կողմում ընթանան»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրա խոսքերով` Ադրբեջանի գազի ու նավթի խողովակաշարերը, կայանները շատ խոցելի են հարվածների համար, և բնականաբար, պատերազմի դեպքում հայկական կողմի առաջադրանքն է լինելու շարքից հանել այդ բոլոր խողովակաշարերը: Սա ոչ միայն մեծ կորուստներ կպատճառի Ադրբեջանին, այլևս կհարուցի ադրբեջանական նավթի տերերի բարկությունը: Ադրբեջանական նավթի 85 %-ը պատկանում է անգլիական, ամերիկյան և այլ ընկերությունների, որոնք, Կոմանդոսի համոզմամբ, թույլ չեն տա, որ ռազմական գործողություններ ընթանան: Շատ փող կկորցնի նաև Ալիևների կլանը, որը ևս նավթադոլարներ է ստանում: «Ամեն ինչ գնում է նրան, որ դիվանագիտական ճանապարհով նրանք ավելի մեծ հաջողություն են ունենալու, քան պատերազմի դաշտում»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը` անդրադառնալով հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների` Արցախի հարցի վերաբերյալ արած հայտարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter