HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արկադի Կարապետյան. «Լեռնային Ղարաբաղ ենք խաղում, դրա համար ընկել ենք էս օրը»

Այսօր նախագահի նստավայրի առջև ակցիա էր կազմակերպել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը: Ակցիայի մասնակիցները նախագահից պահանջում էին ձևավորել աշխարհազոր և ոչ մի թիզ հող չզիջել: Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահ Արկադի Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Պրն Կարապետյան, դուք աշխարհազոր եք պահանջում, բայց Հայաստանը բանակ ունի: Ինչո՞վ է պայմանավորված աշխարհազոր ստեղծելու ձեր պահանջը բանակի գոյության պարագայում: Պաշտպանվելը ժողովրդի սուրբ իրավունքն է, ու դա պիտի կատարվի: Դրա մասին է խոսքը: Մենք ժողովրդով հաղթեցինք, ոչ միայն բանակով: Հիմա մենք ուզում ենք` մենք էլ կարողանանք մեր լուման ներդնել, իմանանք` ինչ ենք անում: Բանակը` բանակով, բանակին ոչ մեկ ոչինչ չի ասում, բանակը ունի իր տեղը, բայց ամբողջ ժողովուրդը պիտի պաշտպանվի ու պիտի պատրաստվի: Պետք է աշխարհազոր ստեղծվի, և մեր պաշտպանողականությունը շատ բարձր լինի, որ էլ թշնամին գայթակղություններ չունենա: Պատերազմ է ուզում սկսել և այլն, և այլն: Աշխարհազոր ասելով` ի՞նչ եք ենթադրում: Մենք հեծանիվ չենք հնարում: Նման համակարգերը աշխարհի շատ տեղերում կան, ու շատ լավ գործում են: Կան Իսրայելում, Շվեյցարիայում, Նորվեգիայում: Մերն էլ մեր տարբերակով պիտի լինի: Ու դուք պատկերացնո՞ւմ եք, որ բանակն իմանում է, որ ամբողջ ազգն իր մեջքին է, ամեն վայրկյան գալու են, օգնելու են և այլն, ինչքան է մարտունակությունը բարձրանում: Դուք ցանկանում եք, որ նախագահը նպաստի՞ այդ գործընթացին: Դա համազգային և պետական գործ է: Դա պետությունը պետք է անի: Ասենք, մենք մեր կազմակերպությամբ դա չենք կարող անել: Մենք կարող ենք օրինակ ծառայել, որը շատ կարևոր է, կարող ենք` պետք լինի գնանեք` գնանք և այլն: Աշխարհազորի կոչը կոնկրետ մարդկա՞նց է ուղղված, ազատամարտիկների՞: Չէ, աշխարհազորը ամբողջ ժողովուրդն է: Մենք կարող ենք որպես օրինակ ծառայել, որպես հիմք լինել: Եվ, իհարկե, մենք ընկերներ ունենք կորցրած: Այսինքն` ոչ կորցրած: էդ մարդիկ իրենց արյունը թափեցին, զոհվեցին էս գործի համար: Մենք էդ պահանջը ունենք: Մենք մի թիզ հող հանձնել թույլ չպիտի տանք: Ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, միշտ ասում են` պատերազմ: Ճիշտն ասած, մենք շատ հանգիստ ենք էն իմաստով, որ մենք դրանց մռութը ջարդել ենք, տեսել ենք` էդ ինչ է, ու էսօր էլ կարող ենք անել. չնայած մեր մեջ շատ տարիքով մարդիկ կան, բայց պրոբլեմ չկա, էդ իմաստով կարող ենք գնալ: Պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք: Այո: Կոնկրետ Հիլարի Քլինթոնի այցի հետ կապված` Դուք ի՞նչ վտանգ եք տեսնում Արցախի հարցում: Արցախի համար ի՞նչ վտանգավոր դրույթներ կարող է նա առաջ քաշել: Այդ մադրիդյան սկզբունքները մեզ ձեռք չեն տալիս: Էլեմենտար է: Կոնկրետ ո՞ր կետերը: Բոլորը: Որևէ բան մեզ ձեռք չի տալիս: Իսկ եթե խոսում են, ասենք, պետության ամբողջականության սկզբունքի մասին, դա մեզ է վերաբերվում. հողերը բոլորը մերն են: Եթե մադրիդյան սկզբունքները ձեզ ձեռք չեն տալիս, ի՞նչ եք առաջարկում դուք: Առաջարկում եմ` ամբողջ ժողովուրդը, անկախ ամեն ինչից, մի գաղափարի շուրջ գոնե կարող է միանալ: Դա ազգի պաշտպանությունն է, որովհետև որևէ կուսակցություն` դիմություն լինի, ընդդիմություն լինի, բոլորին էդ հարցը վերաբերվում է: Կոնկրետ ԼՂ խնդրում Ադրբեջանի հետ բանակցությունները ինչպե՞ս եք պատկերացնում` առանց մադրիդյան սկզբունքների: Ես ընդհանրապես համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղ պետություն չկա: Դա Հայաստան է, և էսպես էլ պիտի լինի: Էդքան բան: Լեռնային Ղարաբաղ ենք խաղում, դրա համար ընկել ենք էս օրը: Լեռնային Ղարաբաղը պիտի լինի Հայաստանի կազմում: Երբ հիմա մտնեք նախագահական, կոնկրետ ի՞նչ եք առաջարկելու նախագահին: Այ էդ 2 հարցը` աշխարհազոր ստեղծվի, որ ադրբեջանցիք էլ էդպիսի գայթակղություն չունենան: Եվ ասենք, որ պինդ լինի, որևէ բան չստորագրի մադրիդյան սկզբունքներից: Իսկ ՀՀ-ի և Արցախի` որպես մի պետության վերամիավորման հարցը բարձրացնելո՞ւ եք: Դա, ճիշտն ասած, իմ կարծիքն է: Դա մի քիչ ավելի երկար պրոցես է: Բայց ես` որպես ղարաբաղցի, էդպես եմ մտածում: Պրն Կարապետյան, Դուք ասացիք, որ Արցախը պետք է ՀՀ-ին միանա, ոչ թե անկախ լինի: Հիմա անկախության մասին շատ-շատերն են խոսում: Դուք կոնկրետ ի՞նչ վտանգներ եք տեսնում, եթե Արցախը լինի անկախ, ոչ թե ՀՀ-ին միավորված: Որևէ բան, որ կիսվում է, պարտվում է: Դա Աստվածաշնչի մեջ գրված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter