HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ոստիկանական ուժեր են հրավիրում ճեմարան, հետո էլ մեղադրում «Հետքին»

Արտակարգ իրավիճակ` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում հոդվածը բուռն քննարկումների առիթ դարձավ: Այս նյութի հրապարակվելուց հետո «Հետքի» հասցեին բավականին մեղադրանքներ հնչեցին, բայց միանգամից ասեմ, որ դրանց մեծ մասը նույն IP-ից է գրված, այսինքն` պարբերաբար ու կազմակերպված գրում են ճեմարանից: Մեզ հետ կապ պահպանող սաներն արդեն հայտնել են, թե ովքեր են այդ մեկնաբանությունների հեղինակները: Դրանք երկու հոգի են, սակայն այս և մյուս խնդիրներին կանդրադառնանք այլ հոդվածում: Միայն նշենք, որ մենք տեղյակ ենք անգամ ճեմարանի օրվա ճաշացուցակից: Նույնիսկ կարող ենք գրել, թե ինչ քայլեր են ծրագրել ճեմարանի ղեկավարները` այս միջադեպի հետ կապված: Նախ, հոդվածում գրած տեղեկությունների աղբյուրները Կալկաթայի ճեմարանի սաներն են, իսկ լուսանկարը ստացել ենք քոլեջի աշխատակազմից` ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանի մերձավորներից մեկից: Բնականաբար, չենք նշում այդ սաների և աշխատակիցների անունները, ովքեր «Հետքի» հետ տարիներ շարունակ կապեր ունեն: Նյութը հրապարակելուց առաջ դիմել ենք նաև Մայր Աթոռին և խնդրել մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Մեկնաբանությունը եղավ հաջորդ օրը միայն: Ասել, թե ճեմարանում խնդիրներ չկան, առնվազն միամտություն է: Եթե ճեմարանում խնդիրներ չլինեին, Հայ սուրբը հնդիկ ոստիկաններին չէր հրավիրի ճեմարան: Եթե ոստիկաններ է հրավիրել, նշանակում է` ճեմարանի աշխատակազմը վատ է աշխատում: Ուշադրություն դարձրեք Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգի պաշտոնական պատասխանի հետևյալ հատվածի վրա. «Կարգազանց աշակերտի մեկնման պահին մի խումբ ընկերներ կատաղի դիմադրություն ցուցաբերեցին` սպառնալով, որ ընկերոջ գնալը ծանր հետևանքներ կունենա: Մտահոգված դպրոցի հնարավոր անդորրի խախտումով` իրավապահներին խնդրվեց անհրաժեշտության դեպքում ապահովել դպրոցի խաղաղությունը»: Ի՞նչ է նշանակում «կատաղի դիմադրություն ցուցաբերել», պատկերացնո՞ւմ եք նման իրավիճակ որևէ դպրոցում: Ի՞նչ է, ձեռնամա՞րտ է եղել, դպրոցականները բարիկադնե՞ր են սարքել: Եկեք հակառակ կողմից դիտարկենք խնդիրը, այսինքն` թե ինչպիսի քայլերի է դիմել ճեմարանի «բարձրագույն ղեկավարությունը», որ երեխաները նման կատաղի դիմադրություն են ցուցաբերել: Հեռացված աշակերտին մի քանի ամիս է մնացել` կրթությունն ավարտելու համար: 12 տարի սովորելուց հետո նրան հեռացնում են: Մի՞թե սա կատաղի դիմադրության պատճառ չէ: Սաները համախմբվել են հեռացված դասընկերոջ համար: Սա ողջունելի, շատ ողջունելի քայլ է: Իսկ Հայր Սուրբը, սրանից հետևություններ անելու, սխալը շտկելու փոխարեն, դիմել է ոստիկաններին: Սա Հայր Սուրբի համար կարող է պարզապես սովորություն դառնալ, քանի որ մի անգամ անարդարությունների դեմ համախմբված երեխաները երկրորդ, երրորդ անգամ էլ են համախմբվելու: Եվ այդ ժամանակ, ինչ է, Հայր Սուրբը զինված ուժե՞ր է հրավիրելու: Պատկերացնո՞ւմ եք` ոստիկանական մեքենաներ հրավիրվեին Գևորգյան ճեմարան` սաների հետ հարցեր պարզելու համար: Անշուշտ, այս միջադեպը պետք է շուտափույթ ուսումնասիրվի, և համապատախան որոշում կայացվի: Բայց հուսով ենք, որ չի ընտրվի աշակերտներին ճեմարանից հեռացնելու ճանապարհը: Սիրելի մեկնաբանություն գրողներ` Վլադ, Ստելլա, Սուրեն, Մուրադ, Հայկ, Սևակ, Նարինե, Վարդուհի և այլ անուններով հանդես եկողներ, ես գիտեմ, թե դուք Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի որ սենյակից եք գրում, բայց սա էական էլ չէ: «Հետքին» կարող եք մեղադրել, քննադատել, դա Ձեր իրավունքն է: Ամեն ոք ունի կարծիք հայտնելու իրավունք, բայց տարբեր անուներով գրելիս գոնե նույն համակարգչից մի օգտվեք, մեղադրելուց առաջ գոնե մի պահ մտածեք, որ եկեղեցական կառույցում նստած կեղծիքներ եք անում ու «ձեռի հետ» էլ աղոթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter