HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատավորները ոտնահարո՞ւմ են Սահմանադրական դատարանի դիրքորոշումը

Հովհաննես Ռուշանյանը 1964-72 թթ., որպես օպեր լիազոր, աշխատել է ներքին գործերի նախարարությունում: Ծառայության ժամանակ` 1972 թ., նա բութ գործիքով հարված է ստացել գլխին, ինչը հետագայում դարձել է էպիլեպսիայի պատճառ: Երկրորդ խմբի հաշմանդամ Հ. Ռուշանյանը մինչեւ 2005 թ. օգտվել է մի շարք արտոնություններից` կոմունալ վարձավճարների զեղչ, տրանսպորտային անվճար սպասարկում, անվճար բուժօգնություն, բուժսպասարկում եւ այլն: Դրանք սահմանվել են 1981 թ. նախկին ԽՍՀՄ Մինիստրների սովետի ընդունած որոշումներով, որոնց` արտոնություն սահմանող համապատասխան հոդվածները հետագայում գրեթե նույնությամբ փոխանցվել են 1994 թ. ԱՊՀ երկրների միջեւ կնքված միջպետական համաձայնագիր: «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրով հիշյալ անձանց հետ մեկտեղ արտոնությունները տրվել են նաեւ ՆԳՆ եւ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) այն աշխատակիցներին, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս: Նրանցից Հովհաննես Ռուշանյանը, սակայն, իր կարգավիճակով` մոտ 20 անձանց հետ, արդեն մի քանի տարի է` ընկել է դատարանների դռները: «2003 թ. փոփոխություն է կատարվում 1998 թ. ընդունված «Վետերանների մասին» ՀՀ օրենքում եւ գազի, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի վարձավճարների համար սահմանված 50 տոկոս զեղչը փոխարինվում է դրամական օգնությամբ: 2004-ին Կառավարությունն ընդունում է թիվ 207 Ն որոշումը, որով հստակեցվում էր այն անձանց ցանկը, ովքեր «Վետերանների մասին» օրենքով եւ միջպետական համաձայնագրով պետք է ստանային դրամական օգնությունը»,- մանրամասնում է Հովհաննես Ռուշանյանը: Վերջինս տարակուսում է, որ 207 Ն որոշման կետերից մեկով վետերաններին հավասարեցված անձանց տրվող արտոնությունները նախ անվավեր են ճանաչվել, իսկ հավելվածով նույն անձանց համար նախատեսված արտոնությունները վերականգնվել են: «Դա աբսուրդ որոշում է, որովհետեւ եթե արտոնությունները վերացվում են, անհրաժեշտ է նոր օրենք ընդունել` այն վերականգնելու համար: Կառավարության որոշմամբ այն կրկին վերականգնել ուղղակի հնարավոր չէ,- ասում է Ռուշանյանը:- Մյուս կողմից` «հավասարեցված անձ» արտահայտությունը չկար մինչ այդ ընդունված օրենքներում, որոշումներում եւ միջպետական համաձայնագրում: Թե ինչպե՞ս էին մեզ համարել «հավասարեցված անձ» ու զրկել արտոնությունից, անհասկանալի է»: Այս փոփոխությունների արդյունքում մինչեւ 1992 թ. ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՆԳՆ եւ ՊԱԿ աշխատակիցները, այդ թվում` Հ. Ռուշանյանը, զրկվել են միջպետական համաձայնագրով սահմանված արտոնություններից` փոխարենը ստանալով 207 Ն որոշմամբ ի հայտ եկած դրամական օգնությունը, որը Ռուշանյանի դեպքում այսօր կազմում է ընդամենը 6800 դրամ: Դեռ 2005 թ.-ից սկսվել է այս պատմության դատական ոդիսականը: Սկզբում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը վճռել է, որ Հ. Ռուշանյանը եւ իր նմանները, ըստ միջպետական համաձայնագրի, համարվում են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Ուստի, նրանք պետք է շարունակեն օգտվել այդ համաձայնագրով հատկացվող արտոնություններից, քանի որ վերոնշյալ փոփոխություններն իրենց առնչվել չեն կարող: Սակայն վերաքննիչ դատարանը հանգել է այն հետեւության, որ վետերանների համար միջպետական համաձայնագրով սահմանված արտոնությունները չեն վերաբերում Հ. Ռուշանյանին եւ իր բախտակիցներին: Ռուշանյանի խոսքերով` պատճառն այն է, որ դատարանը հենվել է արտգործնախարարության տրամադրած համաձայնագրի թարգմանության վրա, որում բացակայել է «պաշտոնական պարտականությունները կատարելուց կամ» բառերը: ԱԳՆ-ն հետագայում մեկնաբանել է, թե կատարվածը թարգմանական վրիպակ է: «Ավելի հետաքրքրական էր Վճռաբեկի որոշումը: Ելնելով միջպետական համաձայնագրից` դատարանը գտավ, որ մենք համարվում ենք Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, սակայն արտոնությունից զրկումը, չգիտես ինչու, համարեց ճիշտ»,- հավելում է Ռուշանյանը: Տարբեր ատյաններ հղած դիմում-բողոքների եւ հետագա իրադարձությունների արդյունքում ինչ-որ առումով հստակեցվել է առկա պրոբլեմի հիմնական պատճառը: Մասնավորապես` սոցապ նախկին նախարար Ա. Համբարձումյանը, ի պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրության, հայտնել է, որ Հ. Ռուշանյանի բարձրացրած հարցի մանրամասն ուսումնասիրությունից պարզվել է, որ Կառավարության 207 Ն որոշումը 1994-ին կնքված միջպետական համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին հակասում է: Ավելին` Սահմանադրական դատարանն իր 2006 թ. ՍԴՈ-668 որոշման մեջ նույնպես նշել է այդ հակասության մասին: Իսկ եթե հակասություն կա, ապա միանշանակ պետք է գործի միջազգային համաձայնագիրը, սակայն, իրականում, արվում է հակառակը: «Փաստորեն, մենք պետք է ստանայինք ոչ թե դրամական օգնություն, այլ արտոնություն: Բայց հիմա անօրինական գումար ենք ստանում` զրկվելով արտոնությունից,- ասում է Հովհաննես Ռուշանյանը եւ հարցնում,- եթե մենք նույնիսկ ՍԴ դիրքորոշմամբ համարվում ենք Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ, ինչու՞ չենք ստանում նրանց համար սահմանված ամենամսյա պատվովճարը` 20 հազար դրամը»: Այս հարցերին լուծում տալու համար Ռուշանյանը կրկին դիմել է առաջին ատյանի դատարան: «Կենտրոն համայնքի դատարանը, չնայած ՍԴ դիրքորոշմանը, որոշեց, որ նման հակասություն չկա: Պատկերացնու՞մ եք` ինչ է կատարվում: Դատավոր Գայանե Կարախանյանը փաստացի ձեռնոց է նետում ՍԴ-ին եւ մնում անպատիժ»,- զարմանում է Ռուշանյանը: Ոչինչ չեն փոխել նաեւ մյուս ատյանները: Ռուշանյանը կրկին դիմել է Սահմանադրական դատարան եւ այս անգամ մերժում ստացել ՍԴ դատավոր Մանուկ Թոփուզյանից: «Ես հանդիպեցի անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին եւ ասացի, որ անգամ իրենց դատավորը` Մանուկ Թոփուզյանը, հաշվի չի առնում ՍԴ դիրքորոշումը: Ես գրավոր դիմում եմ գրել Գագիկ Հարությունյանին, եւ հիմա սպասում ենք պատասխանին»,- ասում է Հովհաննես Ռուշանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter