HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«ՏԻՄ ոլորտում հայցեկարգային փոփոխություններ են պետք»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը - Պրն նախարար, Ձեր աշխատանքում մեծ տեղ եք հատկացնում համայնքներում հարկերի հավաքագրմանը, որը բավականին դրական անդրադարձավ համայնքների գործունեության վրա, սակայն երբեք չի խոսվում հավաքած գումարների նպատակային ծախսումների մասին, ինչո՞ւ: Կարծում ենք, որքան հավաքագրումն է կարեւոր, այնքան էլ նպատակային ծախսումները: - Ճիշտ եք ասում: 2008 թ., երբ ես զբաղեցրի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը` խնդրեցի ինձ ներկայացնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացիկ վիճակը եւ տեսնելով այն հասկացա, որ շատ մեծ անելիքներ ունենք այդ ոլորտում: Կարծում եմ, կհամաձայնեք, որ առաջին հերթին պետք է հավաքել, հետո` ծախսել: Դրա համար իմ հիմնական խնդիրը ճիշտ վարչարարություն իրականացնելն էր, եւ ես այդ հարցը մոնիտորինգի տակ վերցրի, որի արդյունքում հարկերի հավաքագրումը դարձավ համայնքապետարանների հիմնական խնդիրներից մեկը: Բոլորը հասկացան, որ բացի պետական լրավճարից, պետք է կարողանան սեփական եկամուտները հավաքագրել ու դրանով իրենց հարցերը լուծել: Դա չի նշանակում, որ ուշադրություն չենք դարձնում ծախսումներին: Իրականում, եռամսյակային կտրվածքով ծախսումներին միշտ ուշադրություն ենք դարձնում, եւ եթե նկատել եք, միշտ ինֆորմացիան երկու կտրվածքով ենք ներկայացնում` առաջինը` սեփական եկամուտների հավաքագրումն է, երկրորդը` ընթացիկ աշխատավարձերի մարման կամ կուտակման վերաբերյալ տեղեկատվությունը: Սա առաջին հերթին ծախսերին է վերաբերվում, իսկ քանի որ աշխատավարձերի հատվածը համայնքային բյուջեների հիմնական մասն է կազմում, դրա համար ես առավել մեծ ուշադրություն էի դարձնում այդ հարցին: Այստեղ երկու յուրահատուկ բան կար. նախ` հասանք նրան, որ աշխատավարձերի ընթացիկ պարտքեր հիմա գրեթե չեն կուտակում եւ երկրորդ` նախկինում կուտակված աշխատավարձերի մեծ պարտքեր մարվել են վերջին երեք տարվա ընթացքում: 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքներում ունեցել ենք մոտ 2 մլրդ 300 մլն դրամի աշխատավարձի պարտք: Մինչեւ այս տարվա հունվարի 1-ը 2008 թ.-ին նախորդող 10 տարիներին կուտակված բյուջետային պարտքերը մարվել են եւ ներկայումս պարտքը կազմում է մոտ 700 մլն դրամ: Այս տարի եւս մոտ 300 մլն դրամով կնվազի այս թիվը: Սա նշանակում է, որ մենք այս հարցին մեծ ուշադրություն ենք դարձնում: Երկրորդը` նախարարության կոլեգիայի վերջին նիստում հատուկ քննարկեցինք համայնքների աշխատավարձերի ծախսային մասը, ինչը նշանակում է, որ այն մեր ուշադրության կենտրոնում է լինելու եռամսակային կտրվածքով: Մեր ՏԻՄ վարչությունը բավականին հետաքրքիր վերլուծություն ու եզրահանգումներ էր կատարել, ըստ որի` 1. ՏԻՄ-երն այսօր ապրում են իրենց եկամուտների հաշվին, պարտքեր չեն գոյացնում: 2. Մեծ թվով համայնքների ծախսային մեծ մասը կազմում է աշխատավարձերը, եթե մինչեւ 1000 բնակչություն ունեցող համայնքի աշխատավարձերը բյուջեի ծախսային հատվածում կազմում է աշխատավարձերի 70-80 %-ը, մինչեւ 300 բնակչություն ունեցող համայնքներում գրեթե 100 %-ը միայն աշխատավարձն է: 3. Այս տարի ինձ մի քիչ անհանգստացրեց աշխատավարձի ֆոնդի ավելացումը համայնքներում եւ հիմա մարզերում ուսումնասիրում ենք եւ փորձում դրա բացատրությունը գտնել, որովհետեւ ինձ համար անընդունելի կլինի, եթե պետական դոտացիաներն ուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը: Բայց կան դեպքեր, եւ դրանք բազմաթիվ են, երբ աշխատավարձի ֆոնդը աճել է թափուր հաստիքների համալրման արդյունքում, եւ սկսել են նախարարություն շատ դիմել հաշվապահի, հարկահավաքումով զբաղվող հաստիքների ավելացման համար եւ այլն: Ինձ ուրախացնում է, որ սկսել են այս հարցին ուշադրություն դարձնել: Աշխատավարձերը տրվում են սեփական եկամուտների հաշվին, պարտքեր չեն կուտակվում: Այնպես որ, ծախսային մասն էլ է մեր ուշադրության կենտրոնում լինելու եւ արդեն կզգաք, որ ինչքան հարկերի հավաքագրումն է պարբերաբար քննարկվում, այնպես էլ այս խնդրին է ուշադրություն դարձվում: - Իսկ եթե նկատի ունենանք, որ ՏԻՄ-երի խնդիրը միայն աշխատավարձեր վճարելը չէ կամ բյուջետային պարտքեր մարելը, այլեւ համայնքների համար ենթակառուցվածքներ ստեղծելը, զարգացման ծրագրեր իրականացնելը, այս իմաստով դրական միտումներ նկատվո՞ւմ են: - 2009 թ. միայն տեղական իշխանությունները, իրենց տարբեր եկամտային աղբյուրներով, 6 մլրդ 600 մլն դրամի կապիտալ ծախսեր են կատարել համայնքներում: Սա նշանակում է` ճանապարհների վերանորոգում, փողոցների բարեկարգում, շենք-շինությունների վերանորոգում, նոր շենքների կառուցում, գազիֆիկացում, ջրամատակարարում եւ այլն: Անցած տարի հողերի օտարումից գոյացած գումարով, օրինակ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքը մանկապարտեզ է կառուցում: 2009 թ. նույն մարզի Արտավազ համայնքը իր բյուջեի միջոցներով գազիֆիկացրեց գյուղը, ես նույն գյուղում ներկա գտնվեցի համայնքային կենտրոնի բացման արարողությանը, նրանք իրենց բյուջեով համայնքապետարան են կառուցել, որը նաեւ մշակույթի տուն է եւ այլն: Համայնքներն արդեն իրենց սեփական եկամուտներով իրենց ընթացիկ հարցերը կարողանում են լուծել եւ դա ինձ ուրախացնում է: Օրինակ, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ունենք ջրանցքների բարեկարգման ծրագիր, որտեղ համայնքը պետք է 15 % համաֆինանսավորում կատարի: Դրանք բավականին մեծ թվեր են եւ այսօր ունենք մեծ թվով համայնքներ, որոնք կարողանում են այդ գումարները վճարել: Գազիֆիկացման հետ կապված հիմնական ծրագրերը իրականացվում է ԻՖԱԴ-ով, նրանց պայմաններն էլ համայնքների ֆինանսական մասնակցությունն է, եւ համայնքները կարողանում են իրենց եկամուտների ներդրումով գազիֆիկացման ծրագիր իրականացնել: Իհարկե, չենք կարող ասել, որ համատարած նմանատիպ առաջընթաց կա, բայց, ամեն դեպքում, պետք է ասել, որ համայնքներն իրենք էլ են բավարարվածություն զգում, որ ե՛ւ գումարը հավաքում են, ե՛ւ կարողանում են այն նպատակային ծախսել: - Ինչո՞վ կբացատրեք, որ ոչ բոլոր համայնքներն են այդ կերպ վարվում, նկատի չունեմ նրանց, որոնց ֆինանսական միջոցները չեն բավարարում, այլ նրանց, որոնք միջոցներ ունեն, սակայն ակնհայտորեն զլանում են համայնքի բարեկարգումով զբաղվել: - Քիչ համայնքներ կլինեն, որոնք այդ հնարավորությունները ունեն, սակայն ցանկություն չունեն աշխատանք կատարելու: Հիմա այդ հնարավորությունները լիովին մոնիտորինգի տակ են` համայնք առ համայնք: Ցավոք, մեր համայնքների մեծ մասը այդ ֆինանսական կարողություններից զուրկ է այն պարզ պատճառով, որ համայնքները փոքր են եւ իրենց հավաքագրած եկամուտները պետական դոտացիայի հետ միասին նպատակաուղղվում է աշխատավարձերին: Ի միջիայլոց, վերջին երկու տարիներին համայնքային ունեցվածքի օտարումներն էլ են դանդաղել, տնտեսական ճգնաժամը հողի նկատմամբ հետաքրքրությունը մի քիչ սառեցրեց, բայց, կարծում եմ, դա վերականգնվելու է: Օրինակ, 2009 թ. ավելի քիչ հող են վաճառել համայնքներում, բայց գրեթե նույն չափ գումար է մուտք եղել, որքան 2008 թ.-ին: Սա խոսում է այն մասին, որ վարչական վերահսկողության արդյունքում համայնքներն սկսել են քիչ թե շատ ավելի խելամիտ գներով օտարել հողերը: Օրենք չեն խախտել, որովհետեւ կադաստրային արժեքի մեկնարկային գինը 50 % է, բայց մենք հորդորել ենք, որ այնտեղ, որտեղ տուրիզմ է զարգանում, որտեղ հետաքրքրություն կա, օրինակ, Դիլիջան, Ջերմուկ քաղաքներում, օտարումների մեկնարկային գինը սկսեն կադաստրային արժեքի 100 %-ի չափով, եւ նրանք այսօր կարողանում են իրենց հարցերը լուծել: Հիմա միջհամայնքային միավորումներն են ձեւավորվում եւ մենք էլ փորձում ենք խրախուսել, մի քանիսն արդեն կան եւ փորձում են կենտրոնացնել իրենց բյուջեները, համատեղ լուծել աղբահանման, ջրամատակարարման հարցերը: Համոզված եմ, որ համայնքները, եթե դրա հնարավորությունը ունեն, ծրագրեր իրականացնում են: Նախ` մենք այդ մասին տեղեկանում ենք մարզպետարանից, երկրորդն էլ` հաստատ ավագանին եւ բնակչությունը թույլ չեն տա, որ այդ գումարները չծառայեցվեն համայնքին: - Երկու տարի առաջ նախարարության կայքում հրապարակվեց հանրապետությունում ամենաշատ հողեր վաճառող մարզերի ցանկը, ըստ որի 2008 թ. հողերի վաճառքի ամենամեծ ցուցանիշն արձանագրել էին Կոտայքը ու Արագածոտնը: Պարզեցի՞ք, թե ինչպես են ծախսել այդ գումարները տվյալ համայնքները, արդյո՞ք համայնքային նշանակության ինչ-որ հարց լուծե՞լ են այդ գումարներով: - Կոտայքի հետ կապված երկու օրինակ արդեն ներկայացրի, սակայն պետք է ասեմ, որ գումարների ծախսումը մեր նախարարությունն ուղղակիորեն չի ստուգում, դա ստուգում է Վերահսկիչ պալատը, Ֆինանսների նախարարությունը, նաեւ` մարզպետարաններն են վերահսկողություն իրականացնում: Մի բան կարող եմ ասել, որ համենայնդեպս, ֆոնդային բյուջեներ գնացող գումարներ են դրանք եւ այնտեղից ծախսելը ավելի դժվար է, քան ընթացիկ վարչական բյուջեներից եւ այդ իմաստով այնտեղ հսկողությունն ավելի մեծ է: Երկրորդը` ֆոնդային բյուջեից ծախսվող գումարները իրականություն են դառնում արժեքի ձեւով` շենքի, ճանապարհի եւ այլն: Դրա համար համայնքի բնակչությանը խաբելը կամ թյուրիմացության մեջ գցելը մի քիչ դժվար է: Համայնքի ղեկավարը եթե ասի, թե 20 մլն դրամ ծախսել է ջրատարի կառուցման վրա` ջրատարը պետք է լինի, որ ասի: Պարզ է նաեւ, որ համայնքում ինչ-որ աշխատանք կատարելու ցանկությունը տարածքային կառավարման նախարարությունում չպետք է ձեւավորվի, այդ ցանկությունը պետք է ձեւավորվի տեղում եւ դրա համար էլ ժողովուրդը համայնքի ղեկավարից բացի ընտրում է համայնքի ավագանիներ: Այն մոտեցումը, թե ավագանին չի աշխատում` ֆիկցիա է, ես ունեմ բազմաթիվ այլ օրինակներ, որտեղ համայնքի ղեկավարը չի կարողանում «լեզու գտնել» ավագանու հետ: Երկու օրինակ այս պահի դրությամբ ընթացքի մեջ են` Իջեւանը եւ Վայոց ձորի Ագարակաձոր գյուղը: Ագարակաձորում վերջերս ընտրություններ եղան եւ ընտրվեցին այն 4 ավագանիները, որոնց լիազորությունները համայնքի ղեկավարը դադարեցրել էր: Սա նշանակում է, որ ընդամենը ցանկություն պետք է դրսեւորել, չեմ բացառում, որ ավագանու անդամները կարողանում են համայնքի ղեկավարի հետ հարաբերություններ կարգավորել եւ չհակադրվել, բայց նախաձեռնության իրավունքը նրանցից ոչ ոք չի վերցրել: - Նախարարության կոլեգիայի վերջին նիստում քննարկվել են ՀՀ մարզերում եւ համայնքներում 2009 թ. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության իրականացրած ստուգումները: Անշուշտ, պետք է առաջընթաց որակել նշված վարչության ստուգման արդյունքները նախարարությունում քննարկելը: Սակայն, այն հանգամանքը, որ ֆիննախի ստուգումները ՏԻՄ-երում օրինական չէ, հետեւաբար, անկախ իր կատարած աշխատանքի օգտակարությունից, օրինական չի կարող համարվել նրա իրականացրած ստուգումը: ՏԻՄ-երում ստուգումների իրականացումը օրինական հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում: - Սկսեմ նրանից, որ ընդհանրապես մեր պետական ստուգումների համակարգում կարգավորման անհրաժեշտություն կա, ոչ միայն ՏԻՄ-երի մասով, եւ վարչապետի որոշումով ստեղծված է բարեփոխումների աշխատանքային խումբ, որը հիմա առաջարկություններ է նախապատրաստում: Երկրորդ նկատառումս այն է, որ մենք առաջին անգամ չենք ֆիննախի վերահսկողության վարչության իրականացրած ստուգումները քննարկում: Առնվազն տարեկան երկու անգամ ֆիննախի ու Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները կա՛մ կոլեգիայում ենք քննարկում, կա՛մ նախարարությունում: Եթե իրականությունն ասենք, այսօր համայնքներում այդքան շատ ստուգողներ չկան, որքան որ ես գիտեմ (ես շաբաթական առնվազն մեկ-երկու անգամ, տարբեր առիթներով, մարզերում լինում եմ), այսօր համայնքներում հիմնական ստուգումներն իրականացնում է երկու մարմին` Վերահսկիչ պալատը (ՎՊ), որ տվյալ մարզում կարող է լինել երեք տարին մեկ անգամ, Ֆիննախը, որը համայնքներում կարող է լինել 3-4 տարին մեկ անգամ եւ մարզպետարանները, որոնց ուսումնասիրության ծրագիրը համայնքներում տարածքային կառավարման նախարարությունն է հաստատում եւ բոլոր համայնքներում չէ, որ մարզպետը ստուգում է իրականացնում: Չեմ բացառում, որ հարկային մարմինները սոցապ վճարումների մասով ստուգում իրականացնեն համայնքներում, քանի որ տեղական իշխանությունները նույնպես հարկ վճարող սյուբեկտներ են` սոցապվճարների մասով, բայց նման դժգոհություններից տեղյակ չեմ: Նաեւ իրավապահ մարմինները համայնքներում կարող են ստուգումներ իրականացնել, բայց մենք հստակ պայմանավորվածություն ունենք, որ նրանք ստուգումները պետք է իրականացնեն խստորեն պահպանելով օրենքը եւ միայն կոնկրետ գործի շրջանակում, օրինակ, երբ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցվում: Անկեղծորեն պետք է ասեմ, որ համայնքների ղեկավարների իրավագիտակցությունը վերջին տարիներին բավականին բարձրացել է, նրանք սկսել են կարդալ եւ սկսել են առարկություններ ներկայացնել ստուգողներին` իրավասո՞ւ են ստուգում կատարելու, թե` ոչ: Ինչ վերաբերում է ֆիննախի ստուգումներին, ապա կարծում եմ, դրանք օրինական են` ստուգումների մասին օրենքով ֆիննախը նախատեսված է ստուգող մարմինների ցանկում, եւ իրենք ստուգումներ են իրականացնում պետական դոտացիայի ծախսումների շրջանակում: Եթե հարցը վերաբերում է նրան` ստուգել են, բայց չեն նկատել բացթողումները` պայմանավորված է նրանով, որ այդ պրակտիկան մասսայական չի կիրառվել: Հետաքրքրությունն առաջացել է Վերահսկիչ պալատի ստուգումներից, որովհետեւ ՎՊ-ն իր էությամբ ու նշանակությամբ պետք է հրապարակային աշխատի: Իր բացահայտումները ոչ թե աշխատանքային կարգով կարգավորի, այլ` բոլորին իրազեկի: Մենք կարող ենք ասել, որ թերությունների արձանագրումը հրապարակային դարձնելը աշխատանքի կարգավորման նոր ձեւ է: Հիմա այդ ստուգումների էությանը անդրադառնանք. եթե նկատել եք` բացահայտվող խնդիրները միատեսակ են: Դա վերաբերում է` ա/ համայնքների եկամուտների հավաքագրման մակարդակին` բազաների անճշտություն, վարձավճարների թերի հավաքագրում եւ այլն, բ/ համայնքային սեփականության արդյունավետ օգտագործում` հողերի, ունեցվածքի օտարում, գ/ ընթացակարգերը պահպանվել են գնումների կամ օտարումների ընթացքում, թե` ոչ եւ այլն: Ֆիննախի այս տարվա ստուգման արդյունքները քննարկելով պարզեցինք, որ տարեց-տարի նմանատիպ խնդիրների ծավալները նվազում են, որովհետեւ նրանք կամաց-կամանց սկսում են սովորել: Նախարարությունում ուշադրություն եմ հրավիրել, որ համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերի մեջ նաեւ պետք է քննարկենք ու ներկայացնենք բացահայտված թերությունների հետ կապված լուծումները: Ինչ անել, որ այդ թերությունները չկրկնվեն, ավելի լավ սկսեն աշխատել: Շատերի մոտ գիտելիքի պակաս էլ կա, հեռավոր գյուղում նստած համայնքապետը որտեղի՞ց իմանա, թե Կառավարությունն ինչ նոր կարգ է սահմանել գնումների գործընթացի հետ կապված: Նա ոչ կարդալու է, ոչ էլ նրան հասանելի է դա: - Չե՞ք կարծում, որ մարզպետարանների իրավաբանական բաժինները պատասխանատու են դրա համար: - Ամբողջ ցավը դա է, որ մարզպետարաններն իրավաբանական բաժիններ չունեն: Վերջին մի քանի տարվա ընթացքում ամեն ինչ արել եմ, որ գոնե կարողանանք փոքր խումբ ունենալ իրավաբանների, որոնք մարզպետարաններին եւ համայնքներին իրավաբանական ծառայություններ մատուցեն: Մարզպետարաններում այսօր մի իրավաբանի հաստիք կա, այն էլ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում: Հիմա փորձում եմ իրավաբանական բաժիններ ստեղծել այնտեղ: - Համայնքների ղեկավարները դժգոհում են նաեւ մարզպետարանների իրականացրած ստուգումներից` դրանք համարելով ոչ գրագետ: Նրանց կազմած ոչ գրագետ ակտերի մասին դժգոհությունները նաեւ տարբեր նախարարություններում են արտահայտել: Չե՞ք կարծում, որ մարզպետարաններն էլ պետք է հրապարակավ ամփոփեն իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները, որը նաեւ նրանց մասնագիտական որակի բարձրացումը կխթանի: - Հիմա չե՞ն հրապարակում, մի բան է, որ համակարգված հրապարակում չկա, այլ բան է, որ պահանջված դեպքում չեն ցանկանում տեղեկատվություն տրամադրել: - Իմ խոսքը համակարգված հրապարակման մասին է, որովհետեւ որքան էլ մարզպետը շահագրգիռ չէ իր մարզի թերությունները վեր հանելու հարցում, այնուամենայնիվ, կարծում եմ, հրապարակայնությունը պետք է ապահովված լինի, որպեսզի բոլորին ընկալելի լինի, թե ինչ խնդիր են նրանք լուծում այդ ուսումնասիրությամբ: - Ամբողջությամբ ընդունում եմ ձեր առաջարկը, ավելի լավ է իրենք խոսեն իրենց թերությունների մասին: Այդ հարցը կարելի է կանոնակարգել, կարծում եմ, պետք է այնպես անել, որ այդ արդյունքը հրապարակային հաշվետվության ձեւով լինի: Ճիշտն ասած, մտքովս չի անցել, որ այդ հարցը կարելի է ինչ-որ ձեւով համակարգել: Կարծում եմ, կարելի է այնպես անել, որ նրանք կես տարին մեկ այդ հարցը ամփոփեն: - ՏԻՄ ոլորտում Ձեր պաշտոնավարման ընթացքում ինչը հաջողվեց եւ ինչը` ոչ: Ի՞նչը հատկապես չի գոհացնում Ձեզ այս ոլորտում եւ ո՞րն է Ձեր պատկերացրած օրինակելի համայնքը, որին ձգտում եք որպես իշխանության այդ ճյուղի ղեկավար: - Դժվար հարց է: Մեր ծրագրերը, այն, ինչ ունեցել ենք` իրականացրել ենք եւ դա ի նպաստ համակարգի զարգացմանն է եղել: Չեմ կարող ասել, թե կան բաներ, որ չի հաջողվել կամ չի հաջողվում: Ծրագրեր կան, որ ընթացքի մեջ են եւ ծանր են ընթանում, որովհետեւ հասարակական ընկալման խնդիր կա, հասարակության մեջ համակիրների շրջանակը ընդլայնելու, այդ գաղափարախոսությունը նրանց ընկալելի դարձնելու խնդիր կա: Օրինակ, համայնքների խոշորացման հարցը, ուզում ենք վարչարարությունը բալելավել` այլ կերպ է ընկալվում, շատ տեխնիկական ընկալում կա այս խնդրին, ուրիշ ձեւով են փորձում հարցը ներկայացնել: Վարչարարությունը մի լիմիտ ունի, որից այն կողմ այն արդեն օգտակար չէ, դրանից հետո գաղափարախոսություն, մոտեցում պետք է փոխվի, որպեսզի նոր գաղափարախոսության շրջանակում այդ վարչարարությունը բարելավվի: Փոքր համայնքում ՏԻՄ-երը ինչքան էլ հարկերը հավաքեն, չեն կարողանա որակյալ ծառայություն մատուցել, բնակչությունն էլ այդ ծառայությունը երբեք չի տեսնելու ու միշտ դժգոհ է լինելու, որովհետեւ այդ համայնքներում այսօր համայնքապետն ու իր մի քանի աշխատողները միայն աշխատավարձ են բաժանում: Կարծում եմ, մոտենում ենք այն փուլին, երբ հայցեկարգային նոր մոտեցումներ պետք է իրականացնել ՏԻՄ ոլորտում եւ դա միայն համայնքների խոշորացմանը չի վերաբերում, դա վերաբերում է նաեւ ֆինանսական համահարթեցման խնդրին, որովհետեւ պետական գումարները պետք է ավելի արդար եւ ավելի նպատակային բախշել, այսօր ավելի շատ մեխանիկական բախշում է կատարվում: Վերջին 20 տարիներին եվրոպական ուղղությունը համայնքների խոշորացումն է եւ կան երկրներ, որոնք արդեն խոշորացման երկրորդ փուլն են իրականացնում: Համայնքը նրա համար է, որ հոգսերի մի մասը վերցնի իր վրա, ամենահզոր պետություններն անգամ շատ քիչ մասնակցություն են ունենում համայնքներում: Ոչ մի խոշոր պետություն չի զբաղվում համայնքի աղբահանության ու ջրամատակարարման հարցերով: Մենք դեռեւս հեռու ենք դրան հասնելուց, բայց ամենավատն այն է, որ դեռ չենք հասել նրան, որ համայնքներն ստանձնեն այդ պատասխանատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter