HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրհորների ջուրը խմում են առանց բաղադրությունն իմանալու

400 բնակիչ ունեցող Քարկոփ գյուղը գտնվում է Դեբեդի ափին: Խորհրդային Միության փլուզումից հետո քարկոփցիները, զրկվելով խմելու ջրից, այդ խնդիրը լուծել են ջրհորների միջոցով: Քարկոփցիները Դեբեդ գետից շուրջ 50 մետր հեռավորության վրա ջրհորներ են փորել եւ օգտագործում են այդ ջուրը: Քարկոփի գետեզրերի շենքերի բնակիչները փորել են 10 ջրհոր: Դրանց մեծ մասը գտնվում է ավտոտնակներում:

«Շատ բնակիչներ ջրհորներից ջուր են քաշել նաեւ իրենց բնակարանները: Ջուրը, եթե մի քանի օր մնում է, նեխում է, հոտ է գալիս»,-ասաց Շուշան Խուդինյանը: Ելիզավետա Անանյանի ջրհորը գտնվում է սեփական ավտոտնակում: «Սա մեր ընտանեկան ջրհորն է: Որպես մաքուր ջուր օգտագործում ենք: Ժողովրդի մեծամասնությունը խմում է ջրհորների ջուրը: Դե, հիմա մարդ կա` ասում ա` էս մի ջրհորի ջուրն ա լավը, մարդ կա` ասում ա` էն մի ջրհորի ջուրն ա լավը: Աղ ենք լցնում, մեկ-մեկ քլորով աղտահանում ենք: Բայց դե քլորի լցման չափերը չգիտենք, ուղղակի ես, որ եկել են քլոր են լցրել մեր ջրհորները, մի քիչ սովորել եմ»,- ասաց Ելիզավետա Անանյանը:

Խորհրդային տարիներին քարկոփցիների համար վագոնով են ջուր բերել: «Էդ էլ, թե մի վագոն ջուրը մի ամիս կբավականացներ, թե 15 օր` Աստված գիտեր»,- ասաց Ե. Անանյանը: Նա ենթադրում է, որ ջուրը հողում ֆիլտրվում է եւ իրենց մնում է մաքուրը ջուրը, չնայած խոսեց նաեւ Դեբեդի էկոլոգիական վտանգների մասին: «Մենակ կոյուղին ա գետը լցվում, աչքներովս տեհել ենք, որ հանգուցյալին դիահերձում են անում, գետն են լցնում: Բա ու՞ր լցնեն»,- ասաց նա: Ջրհորներից օգտվող քարկոփցիները ջրի վարձ չեն տալիս. «Մենք մեր ձեռքով սարքել ենք, որպես հողի մեջ ֆիլտրված ջուր օգտագործում ենք: Եթե գետը պղտոր է, էստեղ` պարզ, ուրեմն ֆիլտրվել է, չէ՞: Բայց թե ինչքանո՞վ է առողջական, չենք կարող ասել»,- ասաց տիկին Ելիզավետան եւ հավելեց, որ Քարկոփում մարդիկ հիմնականում քաղցկեղից են մահանում: «Ուրիշ հիվանդություն` սրտի, բան, չկա: Հմի դա ջրին վերագրե՞նք, մեզ մոտ ամեն ինչը ժողովուրդը գետով ա ջրում, ուրիշ ինչո՞վ անեն»:

Ելիզավետայի դուստրը` Լիանան, ով պատշգամբից լսում էր մեր զրույցը, ավելացրեց, որ Քարկոփում մի տարի քաղցկեղով մահացությունը այնքան շատ է եղել, որ բնակիչներով փող են հավաքել եւ երինջ են մատաղ արել, որպեսզի մահերը դադարեն: ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը մեր այցելության պահին Քարկոփում էր` Դեբեդ գետի ջրով ոռոգվող այգիների ու բանջարանոցների հողի եւ ջրի էկոլոգիական հետազոտությունների նպատակով: Ջրհորների ջրի որակի մասին նա ասաց.

«Ընդհանրապես գետերից 500 մետր հեռավորության վրա կարելի է ջրհորներ ստեղծել բնակչության օգտագործման համար: Ինչ վերաբեում է ֆիլտրացիային, ապա ջրերում առկա ծանր մետաղները ընդհանրապես ֆիլտրացիայի չեն ենթարկվում, հենց այդ առումով էլ ջրհորները որոշակի վտանգ կարող են ներկայացնել բնակչության առողջության համար»: Նա փորձանմուշներ է վերցրել ջրհորներից, որպեսզի ուսումնասիրի ջրի բաղադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter