HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայերը` Լիբանանում ու Սիրիայում

Լիբանանահայ համայնքում ունկնդրում են Կոմիտաս ու Կանաչյան և ոչ թե ռաբիս ու թուրքական երաժշտություն Լիբանանահայ գրող, «Ազդակի» գրական բաժնի պատասխանատու, «Բագին» ամսագրի խմբագիր Սարգիս Կիրակոսեանը հերքեց այն տեսակետը, թե համայնքում հայ կյանքը մարում է, և ապագա գրեթե չկա: «Չկա համայնքը մը` առանց հարցերու: Դրախտ չէ վերջիվերջո Լիբանանը, բայց այս ըսել չէ, որ մենք դժոխքի մեջ կապրինք»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Սարգիս Կիրակոսեանը: Նա նշեց, որ լիբանանահայ համայնքի թիվն այսօր մոտ 125 հզ. է: Լիբանանում գործում է 25 հայկական վարժարան, ուր հաճախում է 12-13 հզ. հայ աշակերտ: 5-7 հզ. հայ աշակերտ էլ հաճախում է օտար վարժարաններ: 10 տարի առաջ օտար վարժարան էր հաճախում 3 հզ. լիբանանահայ երեխա: Օտար վարժարաններ են հաճախում հատկապես ունևոր լիբանանահայերի երեխաները` «ենթադրելով, թե այնտեղ կրթությունը շատ ավելի բարձր է, շատ ավելի կատարյալ է»: Լիբանանահայ աշակերտների թիվն աստիճանաբար նվազում է, քանի որ նախկին 4-5 երեխայի փոխարեն լիբանանահայ ընտանիքներն այժմ 1-2 երեխա են ունենում: Լիբանանում գործում է շուրջ 10-12 ազգային վարժարան, որոնք կապված են Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին: Կան հայ կաթողիկե, հայ ավետարանական համայնքին պատկանող, ինչպես նաև միութենական վարժարաններ: Լիբանանում 3 ավանդական կուսակցություններն ունեն իրենց օրաթերթերը` ՀՅԴ «Ազդակ», ՍԴՀԿ «Արարատ», ՌԱԿ «Զարթոնք» պաշտոնաթերթերը: Լույս են տեսնում «Արծիվ», «Նաիրի», «Ծաղիկ» շաբաթաթերթերը և այլն: Լիբանանում գործում է 7-8 մշակութային միություն` Համազգային մշակութային կրթական միությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ կաթողիկե մշակութային միությունը, Թեքեյան մշակութային միությունը, «Նոր սերունդը» և այլն: Լիբանանում տարեկան հայոց լեզվով մոտ 100 դասախոսություն է կազմակերպվում` գրական, մշակութային և այլ ուղղվածության: «Լիբանանի համայնքի վիճակը այնքան աշխույժ է, որ նույն օրը կրնաք 2-3, հաճախ մինչև 4 մշակութային ձեռնարկի հրավեր ստանալ` դասախոսություն, ներկայացում, երաժշտական երեկո, համերգ, երգչախումբ: Այսինքն` համայնքը եռուզեռի մեջ է, ինչպես եղած է անցյալին»,- ասաց Սարգիս Կիրակոսեանը: Լրագրողները նշեցին, որ մի քանի օր առաջ լիբանանահայ մեկ այլ գրող Երևանում իր ասուլիսին նշել է, որ համայնքը խառնամուսությունների և առհասարակ հայապահպանության լուրջ խնդիր ունի: Սարգիս Կիրակոսեանը չհամաձայնեց: «Սա բաժակին 80 առ 100-ը լեցուն ջուր է, չկենտրոնանանք 15-20 առ 100 դատարկ բաժնի մեջ: Այդ հիմնախնդիրներ նաև Հայաստանի մեջ կան. այստեղ ռուս, լեհ ամուսնություն չկա՞: Կա, ես կճանչնամ: Խառնամուսնությունը բնական երևույթ է, բայց տոկոսային առումով մտահոգիչ չէ, այսինքն` 15-20 առ 100-ը առած է քրիստոնյա ոչ հայ հարս, որոնք կհայացվին նաև մեր ընտանիքներեն ներս, կփորձենք հայացնել: Հիմա ես խառնամուսնությունը արդարացնելու ճիգ չէ, որ կկատարեմ: Պարզապես կուզեմ իրատես ըլլալ: Կապրինք միջավայրի մը մեջ, ուր բնականաբար մեր երիտասարդությունը շփման մեջ է տեղացիներու հետ, օրինակ` եթե համալսարան կհաճախե, իր դասընկերներուն 80-85 %-ը ոչ հայեր են: Մեզի համար հիմնախնդիր է: Մենք ադոր դեմ` և խառնամուսնության դեմ, և օտար վարժարանե ներս հայ աշակերտի ներկայության դեմ կպայքարինք առաջնորդարանով, միություններով, կուսակցական խողովակներով, մամուլով»,- ասաց լիբանանահայ գրողը: Միաժամանակ նա համոզված է, որ լիբանանահայ երիտասարդությունը շատ ավելի քաղաքականացած է, քան Հայաստանի երիտասարդությունը: Սարգիս Կիրակոսեանն ուզում է, որ Հայաստանի երիտասարդներն ավելի քաղաքականացած կեցվածք դրսևորեն ու տեր կանգնեն իրենց հայրենիքի հիմնահարցերին: «Այսօր ես Հայաստանի մեջ քաղաքականացած երիտասարդի շատ քիչ կհանդիպիմ: Եթե Լիբանանի մեջ, օրինակ, թրքանպաստ բան մը պատահի, լիբանանահայ երիտասարդական միավորները, օրինակ` ՀՅԴ ԼԵՄ-ը, Զավարյան ուսանողական միությունը և այլն, քով քովի կուգան և ցույցի կելնեն և պետության դեմ և նախարարության դեմ` պաշտպանելով հայ ժողովուրդի իրավունքները: Հայ դատի պայքարը, ծավալուն աշխատանքը, պահանջատիրական շարժումը սփյուռքի մեջ է, որ ձևավորվեցավ: Մինչև 50-ամյակ, երբ Հայաստանի մեջ ցեղասպանությունը բառը չէր հիշվեր, սփյուռքի մեջ ավանդական կառույցները հայապահպանման, հայ դատի հետապնդման հետևողական քաղաքական աշխատանք կտանեին: Եվ այսօր նաև այդ աշխատանքը կտարվի»,- ասաց Սարգիս Կիրակոսեանը: Բացի սրանից` օրինակ, լիբանանահայերը տուրք չեն տալիս էժանագին երաժշտության` ի տարբերություն հայաստանաբնակ հայերի: «Մեր ընտանիքի մեջ, լրատվութենեն զատ, Հ1-ով, օրինակ, շատ քիչ կհետևինք, որովհետև հայեցի շունչ, հայու ոգի, նկարագիր, հայրենական ապրումներ, տագնապներ փոխանցող ոչ մեկ դիտարժան ժապավեն ունին: Չըլլալիք սերիալներ և «ալա-թուրքա-երգիչներ», ռաբիսներ: Մենք Կոմիտաս, Կանաչյան կունկնդրենք, իսկ եթե նոր երաժիշտներ կքաջալերենք, կհրավիրենք Ալլա, Շուշան, Հասմիկ Պապյան, այսինքն` ընտրությամբ կհրավիրենք»,- ասաց Սարգիս Կիրակոսեանը: «Հետքի» այն հարցին, թե արդյոք Լիբանանից արտագաղթ չկա՞ դեպի Եվրոպա` Սարգիս Կիրակոսեանը պատասխանեց, որ լիբանանահայության արտագաղթը եղել է քաղաքացիական պատերազմի տարիներին` 1975-93 թթ.: Այդ ժամանակ Լիբանանը լքեց լիբանանահայության կեսը: «Բարեբախտաբար, 90-95-են ասդին, երբ լիբանանյան 18-ամյա պատերազմը դադրեցավ, և գաղութը սկսավ վերստին իր կառույցները ամրապնդել, արտագաղթի երևույթը իջավ նվազագույնի: Արտագաղթը կա, բայց մտահոգիչ համեմատություն չէ: Արտագաղթը մեզի համար տագնապ է Հայաստանի համար»,- ասաց բանախոսը` օրինակ բերելով այն, որ Ցեղասպանության 95-րդ տարելիցի օրը 25-30 հզ. լիբանանահայեր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Նահատակաց մատուռի առջև տեղի ունեցած հոգեհանգստի արարողությունից հետո քայլարշավ են արել դեպի Բուրջ Համուդի մարզահամալիր: Անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը` Սարգիս Կիրակոսեանն ասաց, որ նախարարության հիմնումը գովելի նախաձեռնություն էր, նախարար Հրանուշ Հակոբյանն էլ իր բարեկամն է, սակայն Սփյուռքի նախարարությունը պետք է իր ծրագրերը համակարգի հիմնական մի քանի կառույցների հետ, որոնց գլխավորը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն է: Երկրորդ` Սփյուռքի նախարարությունը պետք է հաշվի առնի 80 տարի սփյուռք պահած առաջնորդարանի, ավանդական կուսակցությունների տեսակետները: «Օրինակ, զանազան միություններ կան: Ես Համազգայինի կապակցությամբ կրնամ ըսել, որ կապը այն չէ, ինչ որ մենք կցանկանք` համակարգված, ծրագրված, դերերու հստակ բաժանումով, որպեսզի չըլլա խաչաձևում»,- ասաց լիբանանահայ գործիչը: Որպես խաչաձևման ամենավերջին օրինակ` նա նշեց այն, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը կանխել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությունը: Կաթողիկոսությունը 2000 թ.-ից ի վեր 2 տարին մեկ անգամ համասփյուռքյան կրթական համագումար է անցկացնում: Երկու տարին մեկ` Վեհափառ Հայրապետը հայտարարում է տվյալ համագումարի թեման: 2010 թ. հունվարին հայտարարված էր, որ սեպտեմբերին կայանալիք համագումարի թեման է հայոց լեզվի դասագրքերի մեթոդաբանությունը: Սակայն Սփյուռքի նախարարությունը այս օրերին հայտարարեց նույն օրակարգով ու նույն ծրագրով համաժողովի մասին: «Կրկնություն, ուժերու սպառում պետք չէ ըլլա, պետք է համակարգվի: Այն, ինչ որ հոս պիտի կատարվի, սփյուռքի մեջ պետք չէ ըլլա: Սփյուռքի նախարարությանը (կներեք, ես պիտի ըսեմ) թող զբաղի ռուսախոս, ռուսացման, ուծացման ենթակա ավելի քան 3 մլն հայերով` Ռուսաստանի մեջ, Ուկրաինո մեջ, նախկին ԱՊՀ-ի երկիրներու մեջ»,- ասաց Սարգիս Կիրակոսեանը: Սիրիահայ համայնք. հայերենի վիճակը նախկինի պես չէ Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` սիրիահայ գրող, հրատարակիչ, բժիշկ Թորոս Թորանեանն ասաց, որ սիրիահայ համայնքի թիվն այսօր մոտ 45-50 հզ. է: Սիրիայի հայ համայնքի մեծամասնությունը Հալեպում է ապրում, փոքր մասը` 5 հզ. հայ, Դամասկոսում: Սիրիայում գործում են վարժարաններ, 12-ամյա դպրոցներ, 6-ամյա դպրոցներ, 9-ամյա դպրոց: Սիրիայում գործում է 5 հայ առաքելական, 3 հայ կաթողիկե, ինչպես նաև 3 հայ ավետարանական եկեղեցի: Լույս է տեսնում մեկ շաբաթաթերթ` «Գանձասար»: Մնացյալ թերթերը սիրիահայ համայնքը ստանում է Լիբանանից: Գաղութում գործում են բազմաթիվ միություններ, թատերախմբեր, պարի խմբեր: Բեմադրիչները, պարի խմբերի ղեկավարները հիմնականում հրավիրվում են Հայաստանից, քանի որ ավելի արհեստավարժ մասնագետների համբավ ունեն, քան գաղութի հայ մասնագետները: «Այսինքն` գաղութը կապրի իր լիարժեք կյանքով, կրնամ ըսել: Գաղութի մեջ մեզի անհրաժեշտ բոլոր տվյալները կան, բայց հայերենը նախկինին պես չէ: Իմ տարեկիցներս, երբ նախակրթարան կհաճախեինք (ես կհաճախեի Հալեպի Գյուլբենկյան վարժարանը) մենք թվաբանությունը, աշխարհագրությունը, գիտությունը` ամեն ինչ հայերեն լեզվով կանցնեինք, բայց ներկայիս բոլոր նյութերը արաբերեն են: Պետությունը իր պետական լեզուն ունի, ինչպես Հայաստանը` իր պետական լեզուն` հայերենը, պետք է բոլորը հայերեն լավ իմանան»,- ասաց 83-ամյա Թորոս Թորանեանը: Լիբանանն ու Սիրիան փոխել են իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ Սարգիս Կիրակոսեանը նշեց, որ Թուրքիան քաղաքականապես ներկա կլինի արաբական աշխարհում, քանի դեռ այն վարում է հստակ պաղեստինանպաստ քաղաքականություն և զորավիգ է արաբական դատին: Գազայի վերջին միջադեպից հետո թուրքական դրոշներ են հայտնվել Տրիպոլիի, Բեյրութի իսլամական թաղամասերում: «Այսօր Թուրքիան կներկայանա իբրև իսլամության, արաբական դատի առաջատար մարտիկներեն մեկը, և ասիկա նաև պետական մակարդակով կսկսի: Պետական մակարդակեն կանցնի տնտեսական դաշտ, տնտեսականեն` մշակութային, ընկերային և կյանքի գրեթե բոլոր բնագավառներեն ներս»,- ասաց Սարգիս Կիրակոսեանը: Նույն երևույթն է դիտարկվում նաև Սիրիայում: Թորոս Թորանեանի խոսքերով` առաջ Հալեպում ու Դամասկոսում բազմահազար սիրիացի ցուցարարներ գոռում էին, որ Ալեքսանդրետի սանջակը, որը Թուրքիան օկուպացրել է, Սիրիային է պատկանում: Բանախոսն ասաց, որ Սիրիային պատկանող Ալեքսանդրետի սանջակում այսօր էլ բազմաթիվ թուրքահպատակ սիրիացիներ կան: «Սուրիան մինչև երեկ այդ քաղաքականությունը կվարեր, և Սուրիան, որ Թուրքիո հետ միացյալ գիծ մը ունի, բանակ չունի այնտեղ այն իմաստով, որ այդ սահմանը չի ընդունիր քաղաքականորեն, և հոն զինվոր չունի: Այդ քաղաքականությունը հանկարծ վերջերս փոխվեցավ: Մենք` հայերս, տխրեցանք իհարկե»,- ասաց Թորոս Թորանեանը: Սակայն, նրա խոսքերով, սիրիահայ համայնքը քաղաքական առումով ձայն չունի և ուժ չէ` ի տարբերություն լիբանանահայ համայնքի, որտեղ ակտիվ են բոլոր կուսակցությունները և կարող են աղմուկ բարձրացնել, իրենց նախարարը ունենալ: «Մենք նախարար չունինք, երեսփոխան ունինք միայն, ադ ալ` մեկ հատ»,- ասաց սիրիահայ գրողը: Նա հավելեց, որ Թուրքիայի նկատմամբ Սիրիայի քաղաքականության մեղմացման վրա ազդել է նաև այն, որ Սիրիան Եփրատ գետի կարիքն ունի, որը Սիրիայով հոսում ու ջրով էր ապահովում երկրի հյուսիս-արևելյան մասը, իսկ թուրքերը խոչընդոտում էին դրան: «Երբ թուրքերը իրենց հույսը կտրեցին Եվրոպայեն, եվրոպական ընտանիքի մեջ մտնելու հույսը պզտիկցավ, դեպի իսլամական աշխարհ դարձուցին իրենց հայացքը և մեկ անգամեն առանց վիզայի երթևեկ արտոնեցին Սուրիո, Լիբանանի, Իրաքի, Իրանի մեջ: Թուրքերը սկսան մտնել արաբական աշխարհ»,- ասաց Թորոս Թորանեանը: Թուրքերը սկսել են նաև հյուրանոցներ ու գործարաններ կառուցել Հալեպում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter