HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը Երևանում միայն մեկ վատ բան է տեսել

Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, ով այս օրերին Երևանում է, այսօր լրագրողներին ասաց, որ Երևանում չի տեսել որևէ բան, որը կուզենար, որ չլիներ: «Ամեն անգամ, որ ես կուգամ, ավելի լավ կտեսնեմ Երևան: Եվ հիմա, որ 8 տարի անցած է վերջին հանդիպումե, ամեն ինչ լավ է, ես վատ բան չեմ տեսնար: Նոր շենքեր կսարքեք, նոր բիզնեսներ կուգան: Մարդկանց տրամադրությունը շատ լավ է, քան առաջին անգամն էր: Կրնամ ըսել, որ բոլորդ հույս ունիք, որ գալ տարի, գալ ամիս, վաղը ձեր կյանքը ավելի լավ պիտի ըլլա»,- ասաց քաղաքապետը: Նա 4-րդ անգամ է Հայաստանում: Մի փոքր անց քաղաքապետն ասաց, որ Երևանում միակ վատ բանն այն է, որ մարդիկ շատ են ծխում: Գլենդեյլում օրենք է ընդունվել, ըստ որի` ծխել կարելի է միայն տանը կամ այն վայրերում, որտեղ հատուկ թույլատրվում է ծխել: Արա Նաջարյանի կարծիքով` Երևանում ծառերը քիչ չեն: «Մենք ասչափ ծառեր չունինք Գլենդեյլում: Թերևս եղանակը կապ ունի, որ Երևանեն շատ ավելի անձրև կուգա: Մենք Գլենդեյլը ծրագիր ունինք, որ եթե 10 դոլար վճարեք, քաղաքապետարանը կուգա և ծառ մը կտնկե` ուր որ ուզեք` այգիի մեջ, փողոցի կողքին: Ձեր ազգականի կամ ուզածդ մեկուն անունը կգրեն վրա, որ «աս ծառը կպատկանի Գրիգոր Գրիգորյան»»,- ասաց Արա Նաջարյանը` հավելելով, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ասելու է, որ Գլենդեյլում ընդունված է ծառեր տնկելու նման տարբերակ: Արա Նաջարյանն արդեն հանդիպել է Գագիկ Բեգլարյանին և քննարկել Երևանի Կենտրոն վարչական շրջանի հետ Գլենդեյլի համագործակցության հարցը: Սակայն Երևանն ու Գլենդեյլը քույր քաղաքաներ չեն դառնա, քանի որ Գլենդեյլն արդեն քույր քաղաք է Կապանի հետ: «Ի՞նչ լավ, օրինակելի բան կա Երևանում, որ կուզենայիք Ձեզ հետ տանել Գլենդեյլ» հարցին Արա Նաջարյանը պատասխանեց. «Առաջին գիշեր ուշ եկա «Զվարթնոց» օդանավակայանը` ժամը 3-ին: Տեսա Օպերայի շրջանը` լեցուն մարդիկ: Կեսգիշեր: Ամենը ապահով, հանգիստ նստած են ընտանիքով, տղա-աղջիկով, մեծահասակներով: Ադի կյանք է: Գլենդեյլը մինչև հիմա կուզե ադ տեսակ կյանք: Մեր կենտրոն կփակի ամեն ինչ ժամը 10-ին. փողոցները պարապ են, սրճարանները ամեն փակ են: Կուզենք ադ կյանքը և ադ կյանքի ձևը քաշենք տանենք Գլենդեյլ: Ադ ուրախություն, որ ես կտեսնեմ առավոտ ժամը 3-ին, ես քաղաքապետ Գագիկին պիտի հարցնեմ` ինչպես է ասի, և եթե կարող եմ փոխադրել Գլենդեյլ, կանենք»: Արա Նաջարյանը Երևանում եղած օրերին հանրային տրանսպորտից չի օգտվել: Սակայն նա նշեց, որ Լոս Անջելեսում ավտոբուսներն աշխատում են բնական գազով, ոչ թե բենզինով, ինչը խորհուրդ տվեց անել նաև Հայաստանում: Դա մաքուր կպահի օդը: «Եվ եթե քիչ ավելի մեծ կարող են սարքել ձեր ավտոբուսները, ավելի մարդիկներ կարող են գործածել, և պետք չէ մեկ-մեկուն վրա կանգնել»,- ասաց քաղաքապետը: Արա Նաջարյանը 1981թ.-ին Լոս Անջելեսում` Օքսիդենթալ քոլեջում (Occidental College), սովորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: «Ինքը վերջին մարդն է, որ դուք պիտի որոշեք, որ ինքը Միացյալ Նահանգների նախագահ դառնա: Ասպես չէ, որ ինքը շատ լավ խոսքեր կրնա տալ և զորավոր, ուժեղ իմաստներ, խորհուրդներ բերե: Ինքը մազի ձևով խոշոր սևերի բնական գանգուր տեսակ էր: Բայց ինքը շատ խելացի մարդ մըն էր»,- ասաց Արա Նաջարյանը: «ԱՄՆ վերջին ընտրություններին Օբամայի՞ օգտին եք քվեարկել» լրագրողի հարցին Արա Նաջարյանը պատասխանեց, որ դա գաղտնիք է: Քաղաքապետը այս հարցի առթիվ միայն մեկ բան կարող է ասել` ինքը հանրապետական է, իսկ Օբաման` դեմոկրատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter