HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Եթե փոխվի Արգիճի գետի հունը…

Շինարարությունը սկսել են «օրենքից վեր կանգնած» մարդիկ Բնապահպանները մտավախություն ունեն, որ Արգիճի գետի հունը փոխելուն ուղղված շինարարական աշխատանքները, որոնք այս պահին դադարեցված են, կարող են վերսկսվել: Արգիճին Սևանը սնուցող ամենաջրառատ գետն է, և բնապապանների համոզմամբ` գետի հունը փոխելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ և գետի մոտ ապրող բնակչության, և Սևանա լճի համար: «Այդտեղ ոչ թե միայն Արգիճի գետի էկոհամակարգն է խախտվում, և նրա կենսաբազմազանության խնդիրը կա, այլև այստեղ Սևանի խնդիրն է: Սևանը մեզ մի քանի անգամ փրկել է սովից, մթությունից: Հիմա մենք պիտի վերադարձնենք մեր պարտքը Սևանին, իսկ մենք հակառակն ենք անում` ամենաջրառատ գետի ջուրը վերցնում ենք ինչ-որ նպատակներով»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը: Հետևանքները Արգիճի գետին հարակից տարածքում ապրող բնակչության համար Ասուլիսի մյուս բանախոսը` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի» գլխավոր մասնագետ, հիդրոտեխնիկ-ճարտարագետ Գեորգի Գևորգյանն, ասաց, որ Արգիճի գետի հարակից տարածքը բավականին խիտ է բնակեցված: Շուրջ 10.000 բնակիչ ունի Ներքին Գետաշենը, շուրջ 6.000` Վերին Գետաշենը: Այս և հարևան մյուս գյուղերի բնակչության միակ ապրուստը գյուղատնտեսությունն է: Ամբողջ տարածքը սնվում է Արգիճի գետի ջրերով: Արգիճիի տարեկան հոսքը մեծ է, սակայն ամռանը գետում ջրի հոսքն այնքան է պակասում, որ հազիվ է բավականացնում գյուղերի ոռոգմանը: Արգիճիի վերին հոսանքներում ջուր վերցնելու դեպքում Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն գյուղերում ոռոգման ջուր չի լինի: Ջրի համար գյուղերի միջև արդեն իսկ թշնամանք կա: Օրինակ` Ներքին Գետաշենը թույլ չտվեց, որ Վերին Գետաշենի համար ոռոգման ջրի խողովակաշար անցկացնեն, և հասավ նրան, որ խողովակաշարի շինարարությունը դադարեցվեց: Գյուղացիները վախենում են, որ առանց Արգիճիի ջրի չեն կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել և ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրը: «Նրանք հարց տվեցին` ի՞նչ կորակավորվի իրենց` այդ տարածքի լքումը` որպես տեղահանո՞ւմ, թե՞ որպես գաղթ: Մենք լսում ենք մի բան ղեկավար անձերից, իսկ հետագայում տեսնում ենք, որ պատկերը լրիվ ուրիշ է»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը: Տարածքի բնակչության ահազանգով «Էկոլոգիական դաշինք» կազմակերպության անդամները հանդիպել են բնակչության հետ, քննարկել խնդիրը: Բնակչությունը տեղեկություններ ունի, թե պետք է հէկ կառուցվի: Գյուղացիները մտավախություն ունեն, որ հէկ-ի պատվարի կառուցումից հետո Արգիճի գետը կմնա առանց ջրի: Գյուղացիները նաև տեսնում են, որ գետից ջուր վերցնելու համար նախատեսված խողովակները հայտարարվածից ավելի մեծ են` 250 մմ-ի փոխարեն 530 մմ տրամագիծ ունեն: Տեղացիները չեն հավատում, որ գետից կվերցվի 87 լ/վրկ ջուր, թեև դա էլ փոքր ցուցանիշ չէ: 530 մմ տարագիծ ունեցող խողովակով արդեն կարելի է 7-800 լ/վրկ ջուր վերցնել: «Տեսնելով այդ խողովակները, որոնք շատ ավելի են գերազանցում հայտարարված 230-ը կամ 87-ը` նրանք մտավախություն ունեն, որ պատվարը կառուցվում է ձկնաբուծության նպատակով: Տեղացիների խոսքերով` ինչպես երևում է, հէկ-ի պատրվակով այդ ջրամբարը կօգտագործվի այլ նպատակներով: Ի՞նչ է պատահել` հոյակապ տեղ է, հոյակապ բնություն, սառը ջուր, և այդտեղ կլինի և ձկնաբուծական ջրամբար և հիանալի ռեկրեացիոն տեղ է. վաղը, մյուս օր այդ ափերը կկառուցվեն, կլինեն կեմպինգներ, մոթելներ: Բայց Սևանը կտուժի, ինչ խոսք: Լինի դա ձկնաբուծություն, հէկ, միևնույն է` դա բիզնեսի աղբյուր է»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը: Հետևանքները Արգիճի գետի և Սևանա լճի համար Արգիճիի 2 ափին ապրոող մարդիկ չունեն կոյուղի, մաքրման կայան, և բոլոր կոյուղաջրերը լցվում են Արգիճի գետ: «Եթե վերցնենք այդ ելքը, չթողնենք` անցնի, ապա այն մնացած հոսքը, որը կանցնի դեպի Սևան, կլինի տասնյակ անգամ ավելի կեղտոտ, աղտոտվածության բեռնվածությունը կմեծանա, և Սևանի ափամերձ տարածքը կտուժի»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը: Գեորգի Գևորգյանը մտավախություն ունի Արգիճիի ոչ միայն մակերեսային հոսքի, այլև գետահունային ավազանի հետ կապված: Այդ ավազանը իր ամբողջ տարածքով սնում է Սևանը, սակայն Սևանից չի սնվում: Ստորջրյա ավազանը` խորքային ջրերը, արտեզյան ջրերի ինքնաբուխ աղբյուրներ են: Սևանի հորիզոնից 100-150 մ բարձրության վրա հորատանցքեր են արված, և այդտեղ արտեզյան ինքնաբուխ ջրերն են դուրս գալիս (օրինակ` Մարտունու տարածքում): Այդ ավազանն ունի 2 տեսակի ջրեր` քաղցրահամ (Արգիճիի գետահունի աջ ափին) և հանքայնացված (Արգիճիի գետահունի ձախ ափին` Ներքին Գետաշեն, Լիճք տարածքներում): «Եթե Արգիճի գետի վերին հոսանքներում ջրի հոսքը փոխենք, մենք արդեն կխախտենք նաև ստորերկրյա ջրերի մեր պաշարները, որը բավականին վտանգավոր է այդ տեղամասի համար: Մինչև հիմա կարծիք կար, որ Սևանի ավազանը սնվում էր Սևանի ջրերից, բայց հիմա կարծիք կա, որ չի սնվում Սևանի ջրերից: Եվ այդ ջրերը մենք կարող ենք որակազրկել, կորցնել դրանք»,- ասաց Գեորգի Գևորգյանը: Նա նշեց, որ նախկինում այդ տարածքում գտնվող Մադինա գյուղը հէկ է ունեցել, սակայն միայն փոքր հատվածում, բնապահպանական հոսքը պահպանելով, այդ ջուրը վերցնում էին, օգտագործում հէկ-ի և ոռոգման համար և նորից ջուրը հետ գցում գետ: Գեորգի Գևորգյանը պարզաբանում է, որ եթե գետահունը փոխվի, գետի ամբողջ էկոլոգիան կփոխվի: Սևանի ձկնատեսակները (իշխան, բախտակ, կարմրախայտ) իրենց գարնանային ձվադրումը հիմնականում անում են Արգիճի գետում, քանի որ գետի ջրերը համեմատաբար ավելի մաքուր և արագահոս են, և ձկնատեսակի բնական զարգացումը կարևոր է ապահովել: Ովքե՞ր են ուզում փոխել Արգիճի գետի հունը Քնարիկ Հովհաննիսյանն ասաց, որ շինարարությամբ ՀՀ օրենքներ են խախտվել, առաջին հերթին` «Սևանի մասին» օրենքը: «Բնապահպան բոլոր օրենքները պահանջում են, որ գետի ջրհավաք ավազանը օգտագործվի խելացիորեն: Բացի դրանից` խախտվում է Ջրային օրենսգիրքը նույնպես, քանի որ մենք չգիտենք` ինչպիսի՞ ջրային հաշվեկշիռ է արված, ինչպիսի՞ ջրատնտեսական խնդիրներ կան այնտեղ, արդյոք հէկ-ից հետո ապահովվո՞ւմ են մնացած տարածքների ոռոգման պահանջները, հաշվարկվա՞ծ է, թե՞ ոչ գետի բնապահպանական հոսքը»,- ասաց նա: Քնարիկ Հովհաննիսյանի ունեցած, մեկ ամիս վաղեմության տեղեկություններով` Բնապահպանության նախարարությունը փորձաքննություն չի արել և գետի հունը փոխելու թույլտվություն չի տվել: Բնապահպանը Մարտունիում տեղեկացել է, որ Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը ևս հունը փոխելու թույլտվություն չի տվել, և հանձնաժողովն անգամ տեղյակ չէ խնդրից: Քնարիկ Հովհաննիսյանի խոսքերով` շինարարությունն իրականացնում էին «բարձր դասի» մարդիկ, ովքեր վեր են կանգնած օրենքից և կարիք չունեն թույլտվություն ստանալ խողովակներ բերելու և շինարարություն սկսելու համար: Բնապահպանը չգիտի այդ մարդկանց անունները, կարծում է, որ կարևոր է շինարարության փաստը, ոչ թե անունը: Սակայն կգա ժամանակը, և շինարարությունն իրականացնողների անունները ևս հայտնի կդառնան: Գեորգի Գևորգյանի կարծիքով` և Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը, և Սևան ազգային պարկը պետք է խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն: Բանախոսները կարծում են, որ համապատասխան պետական մարմինները չեն համաձայնի գետավազանային փոփոխության` մանավանդ հաշվի առնելով այն, որ, օրինակ, ժամանակին չթույլատրվեց Արգիճի գետից ջուր տեղափոխել Մարտունի գետի հունի տարածքի հողերի ոռոգման համար: Բանախոսները մտավախություն ունեն, որ շինարարությունը կվերսկսվի: Գեորգի Գևորգյանը նշում է, որ պատվարի կառուցվելուց հետո խնդիրը վերցնելը դժվար կլինի, և շատ ավելի հեշտ է կանխելը: «Հիմա արդեն, երբ հարցը դեռ ստույգ, հաստատ չէ, պետք է աղմկել, որպեսզի որոշում ընդունող այդ մարդիկ զգաստանան, որովհետև սա, փաստորեն, այդ ժողովրդին վնաս բերող ակցիա է: Սա մեր հողի, մեր երկրի դեմ է ուղղված»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքը ներկայացնում է «Էկոլոգիական դաշինքը», որի մեջ 47 բնապահպանական կազմակերպություն է մտնում: «Էկոլոգիական դաշինքը» պատրաստվում է խնդիրը քննարկել նաև Բնապահպանության նախարարության հետ և ԲՆ-ից պահանջել տեղեկություններ ու փաստաթղթեր: «Այդ հարցը քննարկվում է և չի կանգնելու»,- ասաց բնապահպանը: «Հուսով եմ, որ այդ խնդիրը պիտի շատ լավ ուսումնասիրվի, մասնագիտորեն հիմնավորվի, և եթե ջուրը վերցնելու խնդիր կա, ապա կատարվի հոսքի կարգավորում այդ մասում, ջրամբար կառուցվի, նոր նրանից ջուր վերցվի, այլապես եթե մենք վերցնում ենք հոսքը, հետագայում կունենանք լուրջ խնդիրներ»,- ասաց Գեորգի Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter