HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Սևանի յուրաքանչյուր սմ-ը 13 մլն խորանարդ մետր ջուր է»

Սևանի ջրով հետաքրքրված են անգամ Քուվեյթում «Եթե մենք 4,5 մ Սևանը բարձրացնում ենք, (1903,5 մ բարձրացրինք` հասանք այդ նիշին) ուրեմն տարեկան շուրջ 500 մլն խոր. մ ջուր, որը կլցվի Սևան, կարող ենք օգտագործել արդեն ոռոգման համար: Այդ նիշին հասնելուց հետո տարեկան մուտքը, որը կավելանա, կօգտագործվի ոռոգման նպատակով և էներգիա կարտադրի մեր Սևան-Հրազդան կասկադով»,- այսօր կազմակեպված մամուլի ասուլիսին ասաց «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի» գլխավոր մասնագետ, հիդրոտեխնիկ-ճարտարագետ Գեորգի Գևորգյանը: Բնապահպանները հաստատել են, որ 1903 մ նիշի վրա Սևանն արդեն ապահովում է իր բնապահպանական պայմանները: Բացի դրանից` Արփա-Սևան թունելի շեմքը արդեն այդ նիշի վրա է, և լճի մակարդակը դրանից ավելի բարձրացնելու դեպքում ջուրը հետ կգնա: Սևանում 45 մլրդ խոր. մ ջուր է պարունակվում: «Այդ ջուրը մեր սերունդների համար ամենամեծ պաշարն է և էներգետիկ առումով, և գյուղատնտեսության, և ամեն ինչի համար: Սևանի յուրաքանչյուր սմ-ը 13 մլն խոր մ ջուր է, և ամեն մի մետրը 1 մլրդ 300 մլն խոր. մ ջուր է հավաքվում Սևանում»,- ասաց Գեորգի Գևորգյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը, նշեց, որ բարձրացնելով Սևանի մակարդակը` մենք ավելացնում ենք մեր ստորգետնյա ջրային ավազանի պաշարները: Իսկ լճի մակարդակի իջնելու դեպքում մեր խմելու ջրի աղբյուրները պակասում են: «Մի 2 տարի առաջ դեռ Սևանը այդքան չէր բարձրացել: Ես եղա Եղեգնաձորի շրջանում: Այնտեղի ժողովուրդը ասում էր, որ աղբյուրները առատացել են, որովհետև Սևանը սկսել է բարձրանալ: Սևանը բարձրադիր իր վիճակից թելադրում է այդ աղբյուրների թե որակը, թե քանակը: Մենք դա պիտի հստակ պատկերացնենք, որովհետև ապագայում խմելու ջրի մեծ աղբյուր է նույնպես և Սևանը ոչ միայն մեր Հայաստանի համար, այլ ամբողջ ռեգիոնի համար: Մենք ունենք տարբեր երկրներից, անգամ Քուվեյթից առաջարկներ` մեր խմելու ջրերը շշալցնելով` վաճառել նրանց: Խմելու ջուրի պրոբլեմը շատ ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք: Հիմա ասում են, որ ջուրը նավթից էլ թանկ է: Ոչ, այն հիմա հավասարվում է ոսկու գնին»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը: Անդրադառնալով նրան, որ Սևանի մակարդակի բարձրացմանը զուգահեռ անտառածածկ տարածքներ են ջրի տակ մնում` բնապահպանն ասաց, որ նախկինում Սևանի մակարդակը եղել է ավելի բարձր, քան մենք այժմ ակնկալում ենք բարձրացնել, և ծառը, ջրի տակ մնալով, ճահճացման վտանգ չի ստեղծում: Շատ ավելի հեշտ է կոճղերը արմատախիլ անել, ջրի տակ մնացած ճանապարհի փոխարեն նոր ճանապարհ կառուցել, քան պահպանել Սևանը: Քնարիկ Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ ճահճացման մասին լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր շենքեր ունեն Սևանի ափին: «Սևանն է պետք պահել»,- ասաց նա: Իսկ Գեորգի Գևորգյանը նշեց, որ Կառավարության վերջին որոշմամբ` արդեն պայմանագրեր են կնքվում ոչ միայն շինարարական և այլ կազմակերպությունների, այլև համայնքերի հետ, որ համայնքները մաքրեն կոճղերը, հատեն ծառերը: Բնակչի կտրած, տեղափոխած ծառերի որոշակի մաս տրվում է այդ բնակչին, համայնքին: Հետագայում կարելի է կանաչապատել այնքան տարածք, որքան մնացել է ջրի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter