HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մայր ու աղջիկ մեղադրվում են թրաֆիքինգի հոդվածով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մոտ 1 տարի է՝ քննում է Վոլգոգրադ քաղաքի բնակիչներ Ելենա Կալյակինայի եւ նրա դստեր՝ 27-ամյա Վերայի գործը: Մայրն ու աղջիկը մեղադրվում են 24 ռուս կնոջ Երեւան տեղափոխելու, տարբեր գիշերային ակումբներում հարկադրաբար՝ որպես մերկապարուհի աշխատեցնելու եւ նրանց վաստակը յուրացնելու մեջ: Աղջիկներից 15-ը ներկայացրել են քաղաքացիական հայցի պահանջ՝ խնդրելով ամբաստանյալներից հօգուտ իրենց բռնագանձել, ընդհանուր առմամբ, մոտ 11 մլն դրամ, 34 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար ՌԴ ռուբլի: Ըստ մեղադրանքի՝ Ելենա Կալյակինան պարուհիներին շահագործելու միջոցով վաստակած գումարների ծագումը թաքցնելու համար դեռ 2006 թ. 7,5 մլն դրամով Երեւանի Րաֆֆու փողոցում գնել է կիսանկուղային տարածք, 2005-ի փետրվարից 3 տարվա ընթացքում բանկային փոխանցումներով 11 հազար 250 ԱՄՆ դոլար է ուղարկել իր փաստացի ամուսնու՝ Վադիմ Տարանովի եւ տարբեր ժամանակահատվածներում Վոլգոգրադ վերադարձած դստեր՝ Վերայի անունով: Բացի այդ, հայաստանյան բանկերից մեկում ներդրել է 12,5 մլն դրամի ավանդ: Իսկ նրա դուստրը՝ Վերան, դարձյալ նույն պարուհիների վաստակած գումարները յուրացնելով, ձեռք է բերել մոտ 3,3 մլն դրամի ոսկյա զարդեր, բանկում ներդրել է 6,5 մլն դրամի ավանդ, 2006-2008 թթ. երբեմն-երբեմն Վոլգոգրադ վերադարձող մորը եւ վերջինիս ամուսնուն ուղարկել է 12,4 հազար ԱՄՆ դոլար: «Ես 17 տարեկանից աշխատում եմ, եւ այդ գումարներն ու ոսկեղենն իմ աշխատանքով եմ ձեռք բերել: Ոսկեղենի մի մասը բերել եմ Վոլգոգրադից՝ տատիկիս նվիրածն է, մի մասն էլ Երեւանում գնել եմ կամ նվեր ստացել»,- նախորդ՝ հուլիսի 6-ի նիստի ժամանակ հայտարարեց Վերա Կալյակինան ու մանրամասնեց, որ բանկային համակարգով Վոլգոգրադ փոխանցած գումարները եղել են ոչ թե իր, այլ մոր՝ Ելենայի փողերը, եւ երբեմն վերջինիս խնդրանքով փոխանցումներն արել է իր խորթ հոր՝ Վադիմ Տարանովի անունով: Վերայի պատմելով, երբ ինքը 10 տարեկան էր, Վադիմը սկսել է ապրել իրենց տանը, եւ քանի որ վերջինիս հետ իր հարաբերություններն այդպես էլ չեն կարգավորվել, ընդունել է Երեւան տեղափոխվելու առաջարկը եւ իբրեւ պարուհի անցել աշխատանքի. «Ես գումար էի հավաքում, որպեսզի այստեղ բնակարան, գոնե 1 սենյակ գնեի, որովհետեւ ուզում էի մշտապես ապրել Երեւանում»: Նրա մայրը՝ 1962 թ. ծնված Ելենա Կալյակինան, 2003-ից դստեր եւ այլ աղջիկների մասնակցությամբ բեմադրել է շոու-ծրագրեր: 2005 թ. նա նույնպես աշխատանքի հրավերք է ստացել Հայաստանից եւ նույն թվականին Վադիմի հետ Վոլգոգրադում հիմնել է «Ելենա» ՍՊԸ-ն: Ընկերությունը լրատվական միջոցներով, մասնավորապես «Վսյո դլյա վաս» թերթով հայտարարություն է տվել Երեւանում բարձր աշխատավարձով աշխատանք տրամադրելու վերաբերյալ: «2005 թ. փետրվարից մինչեւ 2008 թ. մարտ Ելենա եւ Վերա Կալյակինաները, Վադիմ Տարանովը նշված հայտարարությամբ ՍՊԸ դիմած ՌԴ քաղաքացիներ 24 կանանց խարդախությամբ` անվճար պարուհու մասնագիտության ուսուցում, անվճար կամ մասնակի վճարովի փոխադրում, բնակության վայր տրամադրելու, բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու վերաբերյալ կեղծ խոստումներով, վերջիններիս հետ պայմանագրեր կնքելով՝ շահագործման նպատակով հավաքագրել են ու փոխադրել Երեւան: Այստեղ Ելենան եւ Վերան, կանանց «ստանալով», նրանց պահել են վարձակալած տարբեր բնակարաններում` վերցնելով վերջիններիս անձնագրերը: Այնուհետեւ, սահմանափակելով հավաքագրված կանանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու այդպիսին գործադրելու սպառնալիքներով, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը՝ Ելենան եւ Վերան հավաքագրված կանանց ներգրավել են հարկադիր աշխատանքի եւ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ»,- նշված է մեղադրական եզրակացությունում: «Ամբողջ խնդիրն այն է, որ աղջիկները 24-ից շատ են եղել: Ուղղակի մյուսները նորմալ աշխատել են, եկամուտ ստացել ու վերադարձել Ռուսաստան»,- ասում է ամբաստանյալների պաշտպան Մարինե Թովմասյանը: Նա նշում է, որ Ելենան եւ Վերան, Րաֆֆու փողոցում գնելով կիսանկուղային տարածք, մտադրվել են առանձին բիզնես սկսել եւ շոու ծրագրերը բեմադրել արդեն սեփական ակումբում: Սա ենթադրում է, որ Վոլգոգրադից եկած աղջիկների առնվազն մեծամասնությունը կաշխատեր հենց այդ ակումբում, ինչը չէր կարող ձեռնտու լինել Երեւանի այն գիշերային ակումբներին, որոնք եկամուտ են ստացել նույն այդ ռուս աղջիկների շնորհիվ: «Երեւի ինչ-որ մարդկանց պետք էր նման գործ սարքել»,- ասում է փաստաբան Թովմասյանը եւ հավելում, որ ինքը նախաքննական մարմնին չի մեղադրում, քանի որ «քննիչներն այսօր գործիքներ են»: Մինչ Մարինե Թովմասյանը, ամբաստանյալները մի քանի փաստաբան են փոխել: Թովմասյանը նշում է, որ երբ ստանձնել է մոր եւ դստեր պաշտպանությունը, վերցրել է դատավարության ձայնագրառումներն ու պարզել, որ տուժողներից շատերի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ, սակայն ոչ մեղադրող-դատախազը, ոչ պաշտպանական կողմը չեն միջնորդել դրանց շուրջ հրապարակել նախաքննական ցուցմունքները: Պաշտպանի խոսքերով՝ դատարանը եւս հակասությունները անուշադրության է մատնել: «Օրինակ՝ մեկն ասում է՝ մենք սոված էինք մնում, շաբաթն ընդամենը մեկ անգամ էին սնունդ գնում: Մյուսն էլ ասում է՝ լավ էլ կերակրում էին,- ավելացնում է փաստաբանը,- Նրանք բոլորով մի տան մեջ են ապրել՝ նույն պայմաններում, ինչ-որ Կալյակինաները: Ներքին կանոնակարգով հերթապահություն են նշանակել, աղջիկներից մեկն ամեն օր պատասխանատու է եղել մաքրության, օրվա սննդի համար: Ես նույնիսկ գնացել եմ այն խանութ, որտեղից նրանք մշտապես առեւտուր են արել: Ամեն երեկո օրվա հերթապահն աղջիկներից մի քանիսի հետ Քանաքեռի «Սիթի»-ից գնումներ է կատարել»: Մարինե Թովմասյանը զարմանում է, թե ինչպես կարող էին մայր եւ դուստր, հատկապես փոքրամարմին Վերան, ծեծել աղջիկներին, այն դեպքում, երբ վերջիններս՝ «17-18 հոգով, ցանկացած պահի կարող էին նրանց հախից գալ»: «Ո՞նց եք պատկերացնում՝ բոլորով ամիսներով շահագործվել են ու ոչինչ չե՞ն արել: Անգամ կան մարդիկ, որ գնացել են Վոլգոգրադ, բայց նորից, չգիտես ինչու, հետ են եկել: Կամ վերադարձել են քրոջ հետ, որ նա նույնպես աշխատանքի տեղավորվի: Մարդ կա՝ մեկ տարի հետո է վերադարձել, մարդ էլ կա՝ 3 տարի»,- մանրամասնում է պաշտպանը: Տուժող Աննան իրավապահներին պատմել է, որ Հայաստան տեղափոխվելու իր որոշմանը նպաստել է նաեւ Վերան: Նա ասել է, թե գիշերային ակումբներում ամսական վաստակում է 2-3 հազար դոլար, ցույց է տվել պարուհի աղջիկների լուսանկարները, որտեղ նրանք պատկերված են եղել գեղեցիկ պարային զգեստներով, ծաղիկներով ու նվերներով, ինչից ինքը գայթակղվել է: Երբ 2005-ի հունիսին տեղափոխվել է Երեւան, նույն բնակարանում ապրել է 16 աղջիկների հետ եւ հաջորդ օրվանից սկսել է պարել: «Ելենան ինձ բացատրեց, որ թեյավճարների 50 տոկոսը մնալու է ակումբին, մյուս 50-ը՝ իրեն՝ պարտքը մարելու համար, որը գոյացել էր ճանապարհածախսի, սննդի, տան եւ կոմունալ վճարումների, պարային հագուստների ու կոշիկների վարձի, ինչպես նաեւ դրանց վերանորոգման գումարներից,- պատմել է Աննան:- Ելենան եւ Վերան չէին թույլատրում ինքնուրույն տնից դուրս գալ, պահում էին փակի տակ եւ չենթարկվելու դեպքում կիրառում էին իրենց կողմից հորինված տուգանքներ, այսինքն` պարտքին ավելացնում էին որոշակի գումար: Ինձ մասնավորապես տուգանել են հերթապահության օրն իբր թե բնակարանը վատ հավաքելու, հերթապահությունից հրաժարվելու, մարզմանն ուշանալու կամ քնած մնալու համար: Պատճառաբանելով, որ կարող եմ գիրանալ, նրանք ստիպում էին սնվել օրական մեկ անգամ: Ելենան ծեծի էր ենթարկում աղջիկներին խմիչք օգտագործելու, վատ հերթապահելու համար եւ բոլորին պահում էր վախի մթնոլորտում: Սպառնալիքներ էր տալիս, որ չենթարկվելու կամ փախուստի դեպքում կօգտագործի իր կապերը Հայաստանում եւ Ռուսաստանում, հետ կվերադարձնի անհնազանդ պարուհիներին ու կպատժի»: Փաստաբան Թովմասյանը նշում է, որ աղջիկները դեռ Վոլգոգրադում շատ լավ իմացել են, որ այստեղ ապրելու են փակ համակարգում, քանի որ նրանց անվտանգության համար պատասխանատու էր ՍՊԸ-ն. «Պայմանագրում կան նաեւ այլ կետեր, որ չի կարելի օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հաճախորդի հետ հաստատել շփումներ, ինչը խախտելու դեպքում նշանակվել են տուգանքներ: Բացի այդ, ակումբն ինքը նախատեսել է կետեր ու սահմանել տույժ-տուգանքներ, սակայն դրա մասին ոչ ոք չի խոսում»: Իսկ Վերա Կալյակինան դատարանում ասաց, թե որոշ աղջիկների պարտքը հիմնականում ավելացել է նրանց գնումների պատճառով, քանի որ վերջիններս, եթե ինչ-որ բան են հավանել՝ սկսած կոսմետիկայից, վերջացրած հագուստով, միանգամից գնել են, չնայած իրենց զգուշացումներին, որ դրանք կարելի է զեղչերի շրջանում ձեռք բերել շատ ավելի մատչելի գնով: Ու քանի որ աղջիկների վաստակը նրանց առձեռն չի տրվել, այլ հաշվարկվել է ամսվա կտրվածքով, նրանց ծախսերը գերազանցել են եկամուտները: Շարունակելով իր ցուցմունքը՝ տուժող Աննան հայտնել է, որ 5 ամիս անց՝ 2005-ի նոյեմբերին, Ելենան ասել է, որ իր պարտքը մարված է, սակայն իր հաշվարկներով՝ այն մարված է եղել առաջին ամսից հետո: «Ես խնդրեցի Ելենային թույլատրել վերադառնալ Վոլգոգրադ, քանի որ այլեւս չէի ցանկանում ապրել եւ աշխատել այդպիսի պայմաններում: Ելենան խաբեց, թե իբր տոմսեր չկան: Միայն մորս զանգից ու պահանջից հետո նա թույլատրեց ինձ վերադառնալ՝ գնելով ինքնաթիռի տոմս ու տրամադրելով ընդամենը 100 դոլար»: Ուշագրավն այն է, որ Աննան մեկ տարի չանցած՝ կրկին դիմել է «Ելենա» ՍՊԸ-ին՝ իր համար արդեն Վոլգոգրադում աշխատանք գտնելու խնդրանքով: Բայց Ելենան իրեն պարուհու աշխատանք է առաջարկել Շվեդիայում, փաստաթղթերի ձեւակերպմամբ զբաղվել է Վադիմը: 2006-ի նոյեմբերին վերջինս ասել է, թե փաստաթղթերը պատրաստ են, սակայն Շվեդիայում աշխատանքի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, ուստի առաջարկել է 3 ամսով մեկնել Երեւան, այնուհետեւ՝ Շվեդիա: Ինքն էլ, թեեւ արդեն նույն մարդկանց կողմից շահագործվել էր, նորից հավատացել է ու մեկ ամսից կրկին ժամանել Երեւան: Այստեղ, ըստ Աննայի ցուցմունքի, իրեն դարձյալ խաբել են: «Այլեւս չդիմանալով Ելենայի եւ Վերայի հոգեբանական ճնշմանը, փակի տակ մնալուն, անհիմն ու պայմանագրով չնախատեսված տուգանքների նշանակմանը, ստիպողական աշխատանքին՝ 2008-ի հունիսի 18-ին գիշերային ակումբից դիմեցի փախուստի»,- պատմել է նա: Աննայից բացի, փախուստի են դիմել այլ աղջիկներ եւս: Դատավոր Գագիկ Ավետիսյանը հարցնում էր, որ եթե շահագործում չի եղել, ամեն ինչ նորմալ էր, ինչո՞ւ էին աղջիկները դիմում փախուստի: Կամ եթե նրանց անձնագրերն իրենց մոտ էր, ինչպե՞ս է ստացվել, որ նրանցից մեկը դիմել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ հայրենիք վերադարձել դեսպանատնից ստացած վերադարձի վկայականով: Վերան պատասխանում էր, որ փախչողները սիրահարված էին եւ փախել են կամ իրենց ընկերների հետ, կամ էլ նրանց մոտ: Դատավորը հետաքրքրվեց նաեւ, թե ինչո՞ւ պետք է աղջիկները մեղադրող սուտ ցուցմունքներ տային մոր եւ դստեր դեմ, ո՞րն էր նրանց շահը, հատկապես եթե հաշվի առնենք, որ նրանցից ոմանք ՀՀ իրավապահների հետ չեն առնչվել եւ հարցաքննվել են Վոլգոգրադում: «Որովհետեւ ես պրոֆեսիոնալ էի, ավելի շատ էի վաստակում, քան իրենք: Իսկ եթե մեկը շատ է վաստակում, բոլորը հարձակվում են նրա վրա»,- ասաց Վերա Կալյակինան՝ միաժամանակ թվարկելով մի քանի անուններ, ովքեր իր պես ամսական վաստակել են 2-3 հազար ԱՄՆ դոլար: «Այդ դեպքում ինչո՞ւ նրանց դեմ ցուցմունքներ չեն տվել»,- հարցրեց դատավոր Ավետիսյանը: Ի պատասխան` Վերան հայտարարեց. «Որովհետեւ այս պահին ես եմ այստեղ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter