HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ գյուղեր. խնդիրները նույնն են

Մեղրի ենք գնում: Իզուր ենք փորձում համոզել վարորդ Սեւուկին, որ մեքենան վարի Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհով: Չի էլ մեկնաբանում իր որոշումը, բայց գիտենք, որ սիրում է կտրուկ վերելքներն ու վայրէջքները, որոնք Մեղրի տանող ճանապարհին շատ բնորոշ են: Եվ ամեն անգամ, երբ Մեղրիի լեռնանցքի ամենաբարձր կետին ենք հասնում, սկսում ենք հանդիմանել Սեւուկին, որ չի հիշեցրել գլոբալ տեղակողմնորոշման սարքը մեզ հետ վերցնելու մասին, թեպետ առանց դրա էլ գիտենք, որ այն ծովի մակերեւույթից 2535 մ բարձրության վրա է գտնվում, որին հաջորդող ոլորապտույտ ճանապարհով մեքենան Մեղրիի Ալվանք գյուղ հասնում է գրեթե գնդակի նման գլորվելով: Ալվանքի գյուղապետը խոստումներ չի տալիս Ամռան տապի՞, թե՞ այգիների աշխատանքի պատճառով գյուղի փողոցներում ոչ մեկին չենք հանդիպում: Ու մինչ համայնքի ղեկավար Վարուժան Թումանյանին կտեղեկացնեին մեր այցի մասին, «կախվում» ենք առաջին իսկ հանդիպած թթենու ճյուղերից. թեպետ ցրտահարության պատճառով մրգառատ Մեղրիում այս տարի բարձր բերք չի սպասվում, եւ մեղրեցիներն արդեն իսկ անելանելի վիճակում են, որովհետեւ այգիներում ո՛չ արքայախնձոր կա, ո՛չ էլ որեւէ կորիզավոր միրգ: «Մեղրեցու միակ հույսը մնացել է նուռը, որը ցրտահարությունից չի տուժել, քանի որ մի քանի անգամ է ծաղկում, եւ նռնենիներին հաջողվել է խուսափել ցրտահարությունից»,- ասում է Գեւորգ Ստեփանյանը, ով մոտակա ծառի ստվերում օգնում է ալվանքցիներին` ոչխարը խուզել: Նա Ագարակում է ապրում եւ, ինչպես «գործընկերներն» են ասում, տեղում խուզող չունեն. «Հեշտ գործ չի,- ասում է նա եւ, տեսնելով մեր զարմացած հայացքը, շարունակում,- ոչխար խուզելու մեջ ամենակարեւորը կողքից պահողներն են, ես էլ թանկ չեմ վերցնում, ամեն ոչխար խուզելը 1500 դրամ եմ ասում, չնայած էլ ոչխար չի մնացել, լավ գին են տալիս, մարդիկ վաճառում են»: Ալվանքում մանր եղջերավոր անասունների գլխաքանակի տարեցտարի կրճատումը հաստատում է նաեւ համայնքապետ Վարուժան Թումանյանը: «800 հեկտար արոտավայր ունենք, ոչ ոք վարձակալությամբ չի վերցնում, ճիշտ է, ճանապարհն էլ անբարեկարգ է, բայց առանձնապես հետաքրքրվող չկա, չնայած բնակլիմայական բարենպաստ պայմաններին` ոչխարաբուծությունը գյուղում չի զարգանում, ավելին` նահանջում է»,- ասում է Վարուժանը: Նա հավաստում է, որ համայնքային իշխանության լիազորությունների շրջանակում խնդիրները լուծվում են, իսկ «կառավարության կամ այլ կառույցի փոխարեն չի կարող խոստանալ»: Նրա խոսքով` տեղական բյուջեի միջոցներով հնարավոր է համայնքային փոքր խնդիրներ լուծել, բայց մյուսներն այնքան գլոբալ բնույթ են կրում, որ բյուջեն հազիվ կարող է բավարարել այս կամ այն միջազգային կառույցի կողմից պահանջվող ներդրումների ապահովման համար: Ինչպես շատ այլ գյուղական բնակավայրերում, Ալվանքում եւս առաջնայինն աշխատատեղերի բացակայությունն է, խնդիր, որի լուծման համար համայնքային իշխանությունը որեւէ քայլ ձեռնարկել չի կարող: Դա էլ նշանակում է, որ գյուղում արտագաղթի վտանգը միշտ առկա է: Գյուղատնտեսությունից ստացված եկամուտը, որն ուղղակիորեն կախված է նաեւ բնության քմահաճույքներից, սեզոնային բնույթ ունի, բերքահավաքից առաջ կամ հետո մարդիկ ստիպված աշխատանք են որոնում Մեղրի քաղաքում, Ագարակում... Հիմնականում փախստականներով բնակեցված գյուղում տարեցներն ավելի շատ են, երիտասարդները, թեպետ չեն մեկնում, բայց ծնելիությունը մեծ չէ: 40 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցում մասնագետների խնդիր կա: «Կենսաբանություն առարկան ստիպված գյուղի անասնաբույժն է պարապում»,- ասում է Վ. Թումանյանը: Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսության խորհրդատուները պարբերաբար այցելում են գյուղ, սեմինարներ կազմակերպում գյուղատնտեսության տարբեր ոլորտների մասին, սակայն խնդիրներն այնքան շատ են, իսկ միջոցներն` այնքան սուղ, որ գյուղատնտեսությունը չի կարողանում ապահովել մարդկանց բարեկեցությունը: Ըստ գյուղապետի` հավանաբար դա է պատճառը, որ 150 հա սեփականաշնորհված հողատարածքը, որի կեսից ավելին ջրովի է, գրեթե անուշադրության է մատնված հողի սեփականատերերի կողմից: Եթե նախորդ տարիներին հողի սեփականաշնորհման վկայագրերը վերադարձնում էին, հիմա ո՛չ մշակում են, ո՛չ էլ վերադարձնում: Շվանիձորում սպասում են հողերի դիմաց փոխհատուցմանը Գյուղատնտեսության ռիսկայնության մասին խոսում են նաեւ Շվանիձոր գյուղում: Համայնքի ղեկավար Հովհաննես Օհանյանը, նկատի ունենալով այս տարվա ցրտահարությունները, ասում է. «Մարդիկ ամեն ինչ ձեռնարկեցին, որ կարողանան որոշ չափով նվազեցնել ցրտահարության պատճառած վնասի չափը, հետեւեցին Սյունիքի ԳԱՄԿ-ի մասնագետների խորհուրդներին, միջոցառումներ իրականացրին, բայց ոչինչ չօգնեց, այսօր մնացել են առանց բերքի: Խոնավության պայմաններում տարածված սնկային հիվանդությունների պատճառով տասնյակ հեկտարներով այգիներում այլեւս բերք չի սպասվում»: Ցրտահարությունների պատճառած վնասն, այնուամենայնիվ, շվանիձորցիների հիմնական խնդիրը չէ: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ սելավների պատճառով գյուղի կոյուղու կեսը փակված է, ձմռանը երկու տեղից անցք են բացել, կոյուղին թափվել է գետը, հետո էլ` Արաքսը, բայց կրկին խցանվել է, եւ ամռան շոգի պայմաններում գյուղը կանգնել է անկանխատեսելի համաճարակի վտանգի առաջ: Ինքը` գյուղապետը, տեղական միջոցներով խնդրի լուծման համար որեւէ ելք չի տեսնում եւ հորդորում է բնակիչներին, որ այլեւս չօգտագործեն կոյուղին: «Գյուղի խնդիրներն այնքան շատ են, որ միայն դրանց թվարկումը երկար ժամանակ կխլի»,- ասում է համայնքի ղեկավարը` մասնավորապես շեշտելով, որ գյուղն ապահովված չէ խմելու ջրով, անջրդի հողատարածքները չեն մշակվում: Համայնքի զարգացման միակ հեռանկարը, ըստ Հ. Օհանյանի, կապված է գյուղի գազիֆիկացման հետ: Նրա խոսքով` տարին բարենպաստ է միայն մեղվաբուծության առումով, եւ այսօր դա միակ հնարավորությունն է, որով մարդիկ կարող են փոքրիշատե լուծել իրենց սոցիալական խնդիրները: Տարիներ առաջ գյուղում 5 հեկտար ծխախոտի ցանք էին կատարել: Շատերն էին ընդգրկված այդ գործում, բարձր բերք ստացվեց, բայց վերջնական արդյունքում մարդիկ չնչին եկամուտ ստացան, որովհետեւ պատվիրատուն պատճառաբանեց, թե հանձնված հումքը բարձրորակ չէ: «Այսպիսով, նաեւ մարդկանց հավատը կորավ, որ հնարավոր է գյուղում որեւէ գործ ձեռնարկել»,- ասաց համայնքապետը: Նրա խոսքով` ծխախոտը մարդկանց հուսախաբության միակ առիթը չէ. մինչեւ այժմ չի փոխհատուցվել այն մարդկանց, որոնց հողատարածքներն օգտագործվել են հանրային կարեւորության խնդրի լուծման նպատակով` կառուցելով Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհը: Այս փաստարկն օգտագործելով` շատերը հրաժարվում են հողի հարկ վճարել: Գյուղապետի համար անհասկանալի է նաեւ համայնքի տարածքում գտնվող, բայց դեռեւս համայնքային սեփականություն չգրանցված տարածքների համար սահմանված պետական տուրքերի չափը: «Համայնքի պետական լրավճարը չի կարող բավարարել, օրինակ, եռահարկ մանկապարտեզի շենքի պետական գրանցումն ամբողջությամբ ավարտելու համար: Ստացվում է, որ համայնքի մանկապարտեզը կամ որեւէ այլ կառույց մեզ վրա ավելի շատ հոգս է: Գոնե հաշվի առնեն, որ սահմանամերձ բնակավայր ենք, եւ ընթացիկ ծախսերն էլ անհամեմատ մեծ են, քան որոշում ընդունող մայրաքաղաքում, որտեղ անգամ 1լ բենզինը 60 դրամով էժան է, քան Շվանիձորում»,- նշում է գյուղապետը: Իսկ Նռնաձորում սպասում են որեւէ պետական պաշտոնյայի Ասում են` ով գոնե մեկ անգամ անցել է Նռնաձոր տանող ճանապարհի Կապեր կոչվող ութ կիլոմետրանոց հատվածով, նշանակում է կամ գելի սիրտ է կերել, կամ պիտի որ շատ խիզախ մարդ լինի: Այս նախադասությունները հարյուր անգամ սերտած աշակերտի նման, արդեն որերորդ անգամ նաեւ մենք ենք Նռնաձոր հասնում եւ առաջին հարցը, որ ուղղում եմ գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանին, վերաբերում է միջհամայնքային ճանապարհի բարեկարգմանը: «Մինչեւ մայրուղի արդեն վերանորոգվել է, բայց Նռնաձոր-Մեղրի նոր ճանապարհ է կառուցվում, որը կշրջանցի «Կապերի» հատվածը, աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է, կարծում եմ` առաջիկայում ամբողջությամբ կշահագործվի»,- տեղեկացնում է նա: Նռնաձորցիների մեծ մասի համար, սակայն, ճանապարհը գյուղի ամենակարեւոր խնդիրը չէ: Տարվա մեծ մասը գյուղը զրկված է խմելու ջրից, եւ գրեթե անանցանելի ճանապարհներով մարդիկ ամռանը եւ աշնանը խմելու ջուրը բերում են 3 կմ հեռավորության վրա գտնվող քահրիզներից: Կենցաղային խնդիրների համար չեն կարողանում անգամ ոռոգման ջուրն օգտագործել, որովհետեւ վնասված է նաեւ ոռոգման ներքին ցանցը, որն իր եռաստիճան համակարգով եզակի է հանրապետությունում: Փոխարենը գյուղն ամբողջովին ապահովված է գիշերային լուսավորությամբ. «Շատ դռներ եմ թակել համայնքի խնդիրների լուծմանն աջակցելու համար, անգամ համապետական հեռուստատեսությամբ եմ ելույթ ունեցել: Շնորհակալ եմ, որ աջակցողներ եղան, Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով գյուղում դպրոց է կառուցվել, ապահովվել գույքով: Նաեւ գյուղին մեկ տրակտոր են տվել, սակայն այս ամենը շատ քիչ է ռազմավարական նշանակություն ունեցող գյուղն ապրապնդելու, մարդկանց կենցաղային պայմանները բարելավելու համար»,- ասում է համայնքի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը: Նրա աշխատակազմի համար որպես աշխատասենյակ է ծառայում անշուք, կիսաքանդ շենքի երկրորդ հարկը, որի առաջին հարկում դեռեւս պահպանվում են Լենինի, Ստալինի կիսանդրիները... «Ամբողջ գյուղում շինարարական աղբ է թափված, հարյուրավոր տոննաներով շինանյութ կա, որը ո՛չ պիտանի է, ո՛չ էլ որեւէ կերպ հնարավոր է մաքրել: Այս խնդիրը, հավանաբար, հանրապետական իշխանությունների մակարդակով միայն կարող է լուծվել, թեպետ վստահ չեմ, որ մոտ ապագայում հնարավոր է դա լուծել»,- ասում է գյուղապետը: Գյուղը չդատարկվելու եւ ծնելիությունը խրախուսելու նպատակով Նռնաձորի համայնքային իշխանությունը տեղական բյուջեից միջոցներ է հատկացնում յուրաքանչյուր երրորդ, չորրորդ եւ ավելի երեխա ունեցողներին: Ավագանու անդամ Արայիկ Ազիզյանի կարծիքով, Նռնաձորի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով` այդ գյուղի համար պետությունն առանձին միջոցառումների ծրագիր պիտի կազմի: Նույն կարծիքին է նաեւ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Գրիգորյանը, ով ցավով նշում է, որ բարեկարգ դպրոցը գրադարան ու գիրք չունի, իսկ աշակերտների թվի պատճառով ուսուցիչները վճարվում են ոչ ամբողջ դրույքով: Նռնաձորում չեն հավատում, որ լրագրային հոդվածով հնարավոր է իրենց գյուղի խնդիրները լուծել, նրանք շարունակում են սպասել, որ մի օր, ի վերջո, պետական մի պաշտոնյա նաեւ իրենց գյուղ կհասնի, իր աչքով կտեսնի, թե ինչ խնդիրներ ունեն երկրի դարպասը պահող մարդիկ, ովքեր նաեւ այդ պայմաններում 5-6 երեխա են ունենում, որ Նռնաձորն ապագա ունենա: Լաուրա Խաչատրյանը ութ երեխա ունի, երկու տղաներն արդեն պիտի ամուսնանան, բայց բնակարանային պայմաններ չկան: Եւ եթե այսպես շարունակվի, նրանք ստիպված կլինեն հեռանալ Նռնաձորից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter