HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդության միայն 5 տոկոսն է ակտիվ

Այսօր «Հենարան» ակումբում «Երիտասարդական ակումբների դաշնություն» հկ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը և ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը քննարկում էին, թե ինչպիսին է հայ երիտասարդների դերը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում:

Ա. Դավթյանը նշեց, որ հաշվի առնելով, որ մեր ազգային անվտանգության ապահովման համար մեկ ու ամենակարևոր գրավականը հայկական բանակի առկայությունն է, իսկ հայկական բանակում ծառայողների հիմնական կորիզը կազմում են երիտասարդները` պարզ է դառնում, թե ինչ կարևոր դերակատարություն ունեն երիտասարդները` մեր ազգային անվտանգության ապահովման համատեքստում:

«Երիտասարդները պետք է փոխարինելու գան ավագ սերնդի ներկայացուցիչներին քաղաքական, պետական կառավարման ասպարեզում: Դիվանագիտական ասպարեզում նույնպիսի հաջողություններ պետք է արձանագրել, և այս առումով ևս այսօրվա երիտասարդները բավականաչափ անելիքներ ունեն»,- ասաց նա:

Ա. Դավթյանը կարծիքով` վատ է, որ այս ասպարեզում պետական քաղաքականություն` օրենքի տեսքով, չունենք: Առանձին կուսակցություններ նման քաղաքականություն վարում են, սակայն ամբողջ պետության առումով օրենսդրական դաշտում անելիքներ կան: Ներկայումս, սակայն, երիտասարդներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել Ազգային ժողով:

Այն, ինչպես տեղեկացրեց Ա. Դավթյանը, ամենայն հավանականությամբ կքննարկվի ԱԺ առաջիկա նստաշրջանին: Ատոմ Մխիթարյանն էլ հավաստիացրեց, որ միջազգային կառույցները քաղաքականություն են վարում տարածաշրջանում` գումարներ հատկացնելով որոշակի երիտասարդական ծրագրերի համար: Նա նշեց, որ ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանը դեռևս 1990-ականներից նպատակաուղղված քաղաքականություն է վարում երիտասարդության ոլորտում` նույնիսկ կազմակերպված երիտասարդությանը ստիպելով, որ տարբեր ծրագրեր իրականացնեն տարածաշրջանում:

Ատոմ Մխիթարյանի խոսքերով` վերջին տարիներին Հայաստանում երիտասարդները, ովքեր ընդգրկված են տարբեր երիտասարդական կազմակերպություններում, կուսակցություներում, որոշակի ակտիվություն են ցուցաբերում միջազգային ասպարեզում:

«Վերջին 5 տարիների ընթացքում միջին կտրվածքով Եվրախորհրդի կողմից Կովկասին հատկացվել է 400-500 հազար եվրո` երիտասադրական ծրագրեր իրականացնելու համար: 2006-ին դրա 55-60 տոկոսը Ադրբեջանին է բաժին հասել: Հետո պատկերը մի քիչ փոխվել է` ի օգուտ Հայաստանի և Վրաստանի»: Ունե՞նք արդյոք ակտիվ երիտասարդություն. Ա. Մխիթարյանի հավաստմամբ` իրենք ուսումնասիրություն են կատարել` պարզաբանելու համար, թե ինչ է նշանակում ակտիվ երիտասարդ:

«Մենք հաշվել ենք այն երիտասարդների թիվը, որոնք ընդգրկված են երիտասադրական կազմակերպություներում կամ կուսակցությունների երիտասարդական թևերում: Արդյունքում պարզ դարձավ, որ նրանց 5 տոկոսն է ընդգրված կազմակերպված երիտասարդության շարքերում: Օրինակ, Լեհաստանում այդ թիվը տատանվում է 20-22 տոկոսի շրջանակներում: Ամենաակտիվը Եվրոպայում Դանիայում է, որտեղ կազմակերպված երիտասարդները 50 տոկոսից ավելի են»:

Այդուհանդերձ, տարեցների համեմատ` Հայաստանում երտասարդներն ավելի ակտիվ են: «Մեր խնդիրն է` ինչքան հնարավոր է շատ երիտասարդների ակտիվացնելը: Մեր նպատակն է, որ երիտասարդները մասնակցեն բոլոր մակարդակների որոշումների կայացման գործընթացին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter