HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների կարիքներով մտահոգ կենտրոնը միջոցների կարիք ունի

Նունե Բակունցն ապրում է Վերիշեն գյուղում: Շաբաթը երեք անգամ նա իր երկու երեխաներին տանում է Գորիս քաղաքում գործող «Ռիսկի ենթակա և հատուկ կարիքներով երեխաների խնամքի և զարգացման ցերեկային կենտրոն»: «Երեխաներս մի քանի ժամ հնարավորություն ունեն այստեղ շփվել իրենց հասակակիցների հետ, զբաղվել տարբեր խաղերով, նաև հաճախակի միջոցառումներ են կազմակերպվում: Ուսումնական տարվա ընթացքում նրանց համար նաև պարապմունքներ են անցկացվում»,- ասում է Նունեն: Նրա խոսքով` առողջական խնդիրներ ունեցող իր երեխաները հաճույքով են հաճախում կենտրոն, և չնայած ստիպված է ամեն անգամ Գորիս հասնելու համար վճարել երթուղային տաքսուն կամ ավտոբուսին` այնուամենայնիվ, քանի կենտրոնը գործում է, իր երեխաները չեն դադարի լինել այստեղ, որովհետև, ըստ Նունեի, ոչ միայն երեխաների առողջության բարելավման միտում է նկատվել, այլև նրանց բնավորությունն անհամեմատ փոխվել է, փոքրիկներն ավելի շփվող են դարձել, և կարծես թե ավելի հեշտ են հաղթահարում այն դժվարությունները, որոնք կապված են նրանց սահմանափակ կարողությունների հետ: Երիտասարդ մանկավարժ Դիաննան նշում է, որ սկզբում դժվար էր այդ երեխաների հետ շփվել, սակայն աշխատելով նրանց հետ, տեսնելով ոգևորությունը, որով նրանք հաճախում են կենտրոն և ծնողների հետաքրքրվածությունը, այժմ էլ, թեպետ հասարակական հիմունքներով, շարունակում է ամեն օր հյուրընկալել երեխաներին, նրանց համար զբաղմունքի տարբեր միջոցներ գտնել: «Սյունյաց նախադպրոցականներ» հասարակական կազմակերպության նախագահ Սաիդա Ադունցը պատմում է, որ կենտրոնը ստեղծվել է իրենց նախաձեռնությամբ, 2008թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ` «Երեխաներին հաստատություններ տեղավորման այլընտրանքային  ծառայությունների ընդլայնում» ենթածրագրի շրջանակներում` 18-ամսյա ֆինանսավորմամբ: Այդ ընթացքում կենտրոն է հաճախել մոտ 150 երեխա, որոնք ոչ միայն հաշմանդամ էին, այլև սոցիալական խնամքի կարիք էին զգում: «Ծրագրի իրականացման ընթացքում կենտրոնն ապահովված էր մի շարք մասնագետներով` հոգեբան, բժիշկ, սոց աշխատող: Ֆինանսավորման ավարտից հետո, հաշվի առնելով կենտրոնում գրանցված երեխաների ծնողների խնդրանքը, ինչպես նաև հասարակական այն հնչեղությունը, որ առաջացել էր ձեռք բերված հաջողություններից, կենտրոնն այսօր էլ շարունակում է գործել, այժմ արդեն հասարակական հիմունքներով»,-պատմում է տիկին Սաիդան: Նշված հաջողությունների թվում նա առանձնացնում է, մասնավորապես, կենտրոն հաճախող երեխաների համար մշտապես կազմակերպվող այն միջոցառումները, որոնք հաշմանդամություն ունեցող և ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաներին հնարավորություն են ընձեռում դրսևորել իրենց կարողությունները, բացահայտել նոր ունակություններ, որոնք մինչ այդ անհասանելի էին թվում նրանց: Կենտրոնի տնօրենը նաև տեղեկացնում է, որ իրենց ջանքերի շնորհիվ շահառուներից երկուսն անվճար բժշկական օգնություն է ստացել` վիրահատվել «Արմավենի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս երկու երեխայի համար: Սաիդա Ադունցը կարևորում է նաև տարբեր կազմակերպությունների, մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի, «Վորլդ-Վիժնի» տարածքային գրասենյակի, Գորիսի համայնքային իշխանության (որը որպես ներդրում տրամադրել է կենտրոնի տարածքը) դերը: Սաիդա Ադունցը միաժամանակ մտահոգություն է հայտնում, որ շուրջ երկու տարվա գործունեություն ունեցող կենտրոնն այժմ կանգնած է դժվարությունների առաջ, քանի որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր է, որ առաջիկայում այն դադարի լիարժեք գործելուց: Մինչև կենտրոնի հիմնադրումը «Սյունյաց նախադպրոցականներ» հասարակական կազմակերպությունը կարիքի բացահայտման համար անցկացրել է սոցհարցումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տարածաշրջանում ռիսկի ենթակա և հատուկ կարիքներով երեխաների թիվը մեծ է: Միաժամանակ ծնողները մտահոգված են, որ իրենց երեխաների սահմանափակ կարողությունների կողքին նաև բավարար հնարավորություններ չկան նրանց կրթության, դաստիարակության ապահովման համար: Այս առումով նրանք կարևորում են ռիսկի ենթակա և հատուկ կարիքներով երեխաների խնամքի և զարգացման ցերեկային կենտրոնի դերը և նշում, որ այն հավասար պայմաններ է ստեղծում իրենց երեխաների համար: Սաիդա Ադունցը պատմում է նաև, որ կենտրոնի գործունեությունը շարունակելու համար աջակցության հարցով դիմել են Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: «Ֆինանսական աջակցության դեպքում կենտրոնը, որտեղ առայժմ հաճախում են Գորիս քաղաքի և շրջակա երեք համայնքների երեխաներ, հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալ ապահով ապաստան` հատուկ խնամքի կարիք ունեցող և ռիսկային իրավիճակում գտնվող երեխաների համար»,- ասում է Սաիդա Ադունցը: Նա նշում է, որ եթե երեխաների խնամքն այժմ իրականացվում է հասարակական հիմունքներով, ապա կենտրոնի ջեռուցման, գազաֆիկացման, առանձին մասնագետներով ապահովելը պահանջում է որոշակի միջոցներ, որոնց մի մասը պարտավորվել է հոգալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Վերջին տարիներին Գորիսում շարունակվում են շրջանառվել լուրերն այն մասին, որ Գորիսի հատուկ դպրոցը փոխում է իր կարգավիճակը, ինչպես նաև քաղաքի թիվ 3 դպրոցը այսուհետև իրականացնելու է ներառական կրթություն: Թե որքանով են հավաստի այս տեղեկություններն, առայժմ ճշտել հնարավոր չեղավ, սակայն այն հանգամանքը, որ Գորիսի թիվ 1 նախակրթարանի տարածքում գործող հաշմանդամություն ունեցող և ռիսկային իրավիճակում գտնվող երեխաների ցերեկային կենտրոնը արդեն իսկ հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունն, ակնհայտ է, և աջակցության դեպքում հավակնում է հանրապետությունում սոցիալական ապահովության նախաձեռնությունների բաղկացուցիչ մաս կազմել և որոշ առումով նպաստել նաև մարզերի համաչափ զարգացման ծրագրի կյանքի կոչմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter