HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եթե դատավորն այլ նպատակ չհետապնդեր...

ՀՀ դատական ատյանները երկու տարուց ավելի քննում են Իջևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության, որը դիմել է իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող երկու հրապարակումները` «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» և «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» հերքելու պահանջով:

Դատական մեկ շրջապտույտից հետո կրկին գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 9-ին կայացրած վճռով վեճը լուծեց հօգուտ քաղաքապետի:

Համաձայն վճռի` դատարանի խնդիրն էր պատասխանել երկու հարցի` ա/ հրապարակման հիմքում ընկած տեղեկությունները արատավորո՞ղ են, թե՞ ոչ, բ/ նշված տեղեկությունները իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Անհեթեթությունն էլ սկսվել է հենց նրանից, որ դատարանը խախտել է հարցադրումների առաջնահերթությունը` առանց փաստերը ստուգելու պետք է որոշեր դրանց արատավորող լինելը կամ չլինելը: Այդպես էլ վարվել է, քանի որ դատավորի խնդիրը Իջևանի քաղաքապետի արժանապատվությունը վիրավորված տեսնելն էր, իսկ հրապարակված տեղեկությունների ճշմարտացիության մեջ համոզվելու կամ չհամոզվելու ցանկություն դատավորը չի էլ ունեցել:

«Հետքի» հրապարակումներում հարցը վերաբերել է Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Սպիտակ լիճ» կոչվող ջրամբարից ապօրինի ավազահանմանը: Որ ավազի ապօրինի արդյունահանում է կատարվում նշված վայրում, և այն բավականաչափ գրավիչ բիզնես է որոշ անձանց համար` նկատի ունենալով տարածքում աշխատող տեխնիկայի քանակությունն ու արդյունահանվող ավազի ծավալները, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը այդ փաստը հավաստող լիարժեք ապացույցներ ներկայացրել է դատարանին` լուսանկարներ, ավազ արդյունահանելու վերաբերյալ տեսանյութի կրիչը, որում երևում են նաև վարորդներն ու ավազը տեղափոխող մեքենայի համարանիշները և այլն:

Նշենք, որ հիշյալ երկու հոդվածների հեղինակը հրապարակումները կատարել է լրագրողական մանրակրկիտ աշխատանքի արդյունքում` հանդիպել է մարդկանց, հետազոտել է տարածքը, օգտվել է փաստաթղթերից, պատկան մարմիններին հղած գրությունների պատասխաններից, լրատվության սեփական աղբյուրներից: Լրագրող Ոսկան Սարգսյանը բացատրություն ստանալու համար նաև քաղաքապետին է դիմել, սակայն վեջինս հարկ չի համարել բացատրություն տալ նրան կամ ծանոթացնել դատարան  ներկայացված գրություններին, որով ցանկանում է հավաստել, որ ինքը նույնպես պայքարել է, որպեսզի դադարեցվի ավազի ապօրինի արդյունահանումը:

Հավաքած փաստերը լրագրողին հնարավորություն են տվել որոշակի եզրահանգում անելու, և նա օգտվել է իր իրավունքից` միաժամանակ գաղտնի պահելով լրատվության աղբյուրները: Կարևորն այն է, որ լրագրողն իր աշխատանքը կատարել է բարեխղճությամբ` պահպանելով մասնագիտական վարքագծի կանոնները, և այսքանով նա պաշտպանված է:

«Մեղադրյալը չի կարող պատասխանատվություն կրել այն դեպքում, երբ վիճահարույց հայտարարությունը ճիշտ է կամ վերաբերում է հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող դեպքի, որը հրատարակվել է բարեխղճությամբ` պահպանելով մասնագիտական վարքագծի կանոնները»,- այս մոտեցումը Եվրոպական դատարանն ամրագրել է «Կոլոմբանին ընդդեմ Ֆրանսիայի» 2002 թ. կայացված վճռով:

«Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված բոլոր առարկությունները և հիմնավորումները դատարանը գտավ անհիմն, քանի որ դրանք հերքվեցին դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով»,- ասվում է վճռում: Դատավորի «ձեռք բերած ապացույցները» Իջևանի քաղաքապետի գրություններն են` ուղղված ոստիկանության մարզային բաժանմունքին, որոնք հայցվորը ներկայացրեց դատաքննության ընթացքում` ցանկանալով հիմնավորել, որ քաղաքապետն ինքը շահագրգիռ է եղել հարցի լուծումով, սակայն դա նրան չի հաջողվել: Հավաստի չհամարելով «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության` դատարանին ներկայացված փաստարկները` դատավոր Գ. Խանդանյանը անցնում է իր առաջ քաշած հաջորդ հարցի պատասխանի որոնմանը: Վճռի երկու էջում դատավորը թվարկում է ՀՀ օրենսդրությունը, ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրը և միջազգային այլ նորմերն ու դրույթները, որոնցով անձի արժանապատվության իրավունքը բարձրագույն արժեք է հռչակված:

Այնուհետև «Հետքի» երկու հրապարակումներից առանձնացնում է մեկական նախադասություն («Մեր ունեցած տեղեկությամբ` այս բիզնեսը գտնվում է Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո...» և «Իջևանցի տասնյակ տաքսու վարորդներ, ամեն օր անցնելով մարզկենտրոնի քարուքանդ ճանապարհներով, «բարի խոսքերով» են հիշում քաղաքապետին...»)` հիմնավորելու համար, որ դրանով վիրավորել ենք քաղաքապետի արժանապատվությունը:

Նշենք, որ Իջևանի քաղաքապետի ներկայացուցիչը դատարանում երկար ժամանակ ջանում էր ապացուցել, որ ջրամբարը քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում, սակայն դատարանին ներկայացված գրություններով նրանք ոչ միայն հիմնավորում են, որ ջրամբարի տերն իրենք են, հետևաբար` նաև պատասխանատու այնտեղ կատարվող ցանկացած գործողության համար, այլև ցանկացել են հավաստել, որ քաղաքապետն ինքը ի պաշտոնե միջոցներ է ձեռնարկել ապօրինությունը կանխելու համար: Այսինքն` փաստը, որ «Սպիտակ լիճ» կոչվող ջրամբարից կատարվում է ապօրինի ավազահանում, ընդունում է նաև Իջևանի քաղաքապետարանը:

Սակայն որտեղի՞ց իմանար լրագրողը, որ քաղաքապետը պայքարում է դրա դեմ, եթե վերջինս զլացել է նրան ներկայացնել այդ գրությունները կամ մեկնաբանել հաջողության չհասնելու պատճառները: Եթե նույնիսկ քաղաքապետը նշված գրությունները ներկայացներ լրագրողին, միևնույն է, լրագրողը պատճառ չուներ անտեսելու ինֆորմացիայի իր աղբյուրները և, չբացահայտելով դրանք, ասելու, որ բիզնեսը վերահսկողը քաղաքապետն է:

Ի վերջո, այդ միտքը շարադրելով` Ո. Սարգսյանն այն չի արձանագրել որպես հաստատված փաստ, այլ նշել է, որ կան տեղեկություններ, և իր ունեցած տեղեկության հավաստիությունը փորձել է ստուգել նաև քաղաքապետից: Սակայն վերջինս լրագրողի` մեկնաբանություն ստանալու ոչ գրավոր, ոչ բանավոր խնդրանքին չի ընդառաջել: Լրագրողն էլ տարածել է այն, ինչ իր փնտրտուքի արդյունքում կարողացել է գտնել: Տաքսու վարորդը իրավունք չունի՞ «բարի խոսքերով հիշելու» քարուքանդ ճանապարհների համար պատասխանատու քաղաքապետին, թե՞ լրագրողը իրավունք չուներ գրի առնելու քաղաքացու արտահայտած միտքը:

Համաձայն այս վճռի` իրավունք չուներ ոչ գրի առնելու, ոչ էլ դատողություններ անելու իր հավաքած փաստերի շուրջ: Դատավորը սահմանափակում է այդ իրավունքը, որը լրագրողն ունի մասնագիտության բերումով, այլապես անհնարին կդառնար նրա աշխատանքը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:

Այսօրինակ դատական վեճեր հաճախ են քննվել, և ոչ միայն մեր երկրում: Դատավորն այս վեճը լուծելու համար նոր հայտնագործություն անելու կարիք չուներ, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այս հարցի պատասխանը բազմիցս տվել է իր կայացրած վճիռներով և Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատության իրավունք) կիրառելու իր հանձնարարականով (1994 թ. հունվարի 18): «Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության լրջագույն հիմքերից է, նրա առաջընթացի և յուրաքանչյուր մարդու զարգացման նախապայմանը:

Այն տարածվում է ոչ միայն այնպիսի «տեղեկությունների կամ գաղափարների» վրա, որոնք դրականորեն են ընդունվում կամ վիրավորական չեն, այլև այնպիսիների, որոնք վիրավորական են, ցնցող կամ անհանգստացնող պետության կամ հասարակության որևէ հատվածի համար: Այդպիսին է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չի կարող լինել «ժողովրդավարական հասարակություն»« («Հանդիսայդն ընդդեմ Ավստրիայի»):

«Քաղաքական կամ հասարակական գործիչները, որոնց թվին ՄԻԵԴ-ը դասում է նաև համայնքների ղեկավարներին, պետք է առավել հանդուժող լինեն քննադատության հանդեպ, քան մասնավոր անձինք, քանի որ «ի տարբերություն վերջիններիս` հասարակական գործիչը գիտակցաբար ընդունում է, որ իր յուրաքանչյուր խոսք կամ արարք կարող է լուրջ քննության առիթ հանդիսանալ լրագրողների կամ լայն հանրության համար և պետք է, հետևաբար, դրսևորի տոլերանտության ավելի մեծ աստիճան» («Լինգենսն ընդդեմ Ավստրիայի», 1986 թ):

Այս երկու միտքը, որոնք ՄԻԵԴ-ը արտահայտել է նույնաբնույթ դատական վեճերի առիթով, ուղեցույց են անդամ բոլոր երկրների դատարանների համար: Այլ նպատակներ չհետապնդող դատարանը ընդամենը պետք է կիրառեր այն մոտեցումները, որով պաշտպանության տակ է առնվում լրագրողական աղբյուրները չբացահայտելու կարևորությունը, «հակառակ դեպքում կխաթարվի մամուլի` որպես հասարակության շահերի պաշտպանի կենսականորեն կարևոր դերը», միաժամանակ լրագրողին չէր զրկի հավաքած փաստերի շուրջ դատողություններ ու մեկնաբանություններ անելու  իրավունքից, որը դատավորը  սահմանափակել  է կայացրած վճռով:

Պրն Խանդանյանը գուցե ծանո՞թ չէ Եվրադատարանի այս մոտեցումներին, այդ պատճառով է այլ եզրահանգման եկել: Ավելին, կայացված վճռի բովանդակությունը կասկած է հարուցում, թե դատավորը կարդացել է հրապարակված հոդվածները: Տպավորություն է ստեղծվում, որ Գ. Խանդանյանին մտահոգողը եղել է միայն 930 հազար դրամը քաղաքապետին վերադարձնելը, որը ետ չստանալու դեպքում քաղաքապետն, իրոք, կարող էր պատվի ու արժանապատվության լուրջ խնդիր ունենալ, հատկապես իր ավագանու հետ լարված փոխհարաբերությունների այս շրջանում:

Պրն Ներսիսյանն իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պաշտպանելու համար քաղաքապետարանի բյուջեից դատական ծախսերի համար գումար հատկացնելուն դեմ արտահայտված ավագանուն խոստացել էր, որ այն կվերադարձնի բյուջե:

Այս վճռով, թերևս, շահեկան վիճակում հայտնվեց քաղաքապետը, իսկ ի՞նչ շահեց արդարադատությունը, որին կոչված է ծառայելու դատավոր Գագիկ Խանդանյանը: Միայն այն, որ ևս մեկ վճռով խորացրեց դատական համակարգի նկատմամբ անվստահությունը: Պրն Խանդանյանը, պարզվում է, իր գործունեության ընթացքում հաճախ է հանգում այսպիսի անվերապահ համոզմունքների: Արդարադատության խորհուրդը ամիսներ առաջ նրան նկատողություն հայտարարեց` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25%-ից զրկելով այն պատճառով, որ ԱԽ անդամ դատավորը անվերապահ համոզմունք էր ունեցել, որ մեկ անգամ արդեն Ինտերպոլում հաշվառված անձը, երկրորդ անգամ ձերբակալվելով «հերոին» տեսակի թմրամիջոց պահելու համար, չի թաքնվի քննությունից, և մերժել էր կալանքի թույլտվություն ստանալու քննիչի որոշումը: Այս դեպքով, սակայն, նրան չի հաջողվել շրջապատին փոխանցել իր անկեղծ համոզմունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter