HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վրաց իշխանություններն ուղղակի չափն անցնում են

Ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը եւ վերջին շրջանում Վրաստանում արձանագրվող երեւույթները բնորոշում իբրեւ հայերի հանդեպ սպիտակ եղեռն կամ մի քաղաքականություն, որը միտված է մարդկանց հայրենի բնօրրանից հեռացնելուն եւ ազգային ինքնությունը կորցնելուն: Սեպտեմբերին սկսվում է նոր ուսումնական տարին, ինչի կապակցությամբ «Թիֆլիսից իջել է դասաբաշխման մի ծրագիր», որով Ջավախքի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերը հասցվել են նվազագույնի: Դրանք 5 անգամ կրճատվել են, քան խորհրդային շրջանում էր, իսկ հետխորհրդային շրջանի համեմատությամբ` կրճատվել են 2 անգամ: Ջավախքի դպրոցներում խորհրդային շրջանում հայերենը դասավանդվել է շաբաթական 8 ժամով: Հետխորհրդային շրջանում հայերենի դասաժամերը դարձել են շաբաթական 6, այնուհետեւ վրաց իշխանություններն այս թիվն իջեցրել են 4-ի, իսկ նոր ուսումնական տարում հայերենին շաբաթական հատկացվելու է արդեն 2 ժամ: «Պատկերացնո՞ւմ եք` հայ երեխան սովորելու է հայկական դպրոցում, բայց ամենաքիչ ժամաֆոնդը հատկացված է հայերենին: Ավելին` ավարտական քննություններից մայրենի լեզվի` հայերենի քննությունը հանված է: Սա քամահրական վերաբերմունք է հայոց լեզվի նկատմամբ եւ նաեւ հնարավորություն, որ երեխաներն առարկային լուրջ չվերաբերվեն` պատասխանատվություն չկրելով առարկայի նկատմամբ` որպես քննություն»,- ասում է պատգամավոր Թորոսյանը եւ շեշտում, որ նպատակը հայերենն արմատախիլ անելն է: Ըստ նրա` նախկինում էլ մեր հարեւան երկրում որդեգրված էր վրացերենն ամրապնդելու քաղաքականությունը, որին ոչ ոք դեմ չէ, բայց խնդիրն այն է, որ այդ քաղաքականությունն իրականացվում է հայերենը ոչնչացնելու հաշվին. «Մինչդեռ մենք պայքարում ենք, որ հայերենը տարածաշրջանում ճանաչվի իբրեւ երկրորդ պետական լեզու, որը բխում է միջազգային պրակտիկայից, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող ցանկացած միջազգային իրավական նորմից»: Շիրակ Թորոսյանի խոսքերով` մյուս կեղտոտ երեւույթը, որ վերջին օրերին նկատվում է Ջավախքում, հատեւյալն է. Թբիլիսիում հատուկ ծառայությունները կազմել են Ջավախքի հայ մանկավարժների սեւ ցուցակ, որն իջեցվել է Ջավախքի կրթական համակարգեր, մասնավորապես տրվել է բոլոր դպրոցների տնօրեններին: Դրանում ընդգրկված են հիմնականում պատմության եւ հայոց լեզվի այն ուսուցիչների անունները, ովքեր ծավալում են հայապահպանությանը միտված գործունեություն: «Այսինքն` այն մարդիկ, ովքեր ապրում են որպես հայ: Այն մանկավարժները, ովքեր աշակերտների շրջանում քարոզում են, որ հայերենը, հայը, ազգայինը, սեփական դիմագիծը պահելն անհրաժեշտություն է»,- նշում է «Ջավախք» հայրենակցական միության նախագահն ու տեղեկացնում, որ հիշյալ անձանց արդեն արգելել են աշխատել ոչ միայն Ջավախքի, այլեւ Վրաստանի որեւէ դպրոցում: Իսկ պատճառաբանություն, թե ինչու են այդ մարդկանց աշխատանքից ազատել, չի բերվել: «Ուղղակի ասվել է` պատճառը փնտրեք ձեր մեջ եւ բողոքեք, ում ցանկանում եք»,- նշում է պատգամավորը: Նա շեշտում է, որ Վրաստանի այս քայլը միտված է հայկական դիմագիծը խեղելուն, վախի ու սարսափի մթնոլորտ ձեւավորելուն` բոլոր այն մարդկանց շրջանում, որոնք կփորձեն հանդես գալ հայկական ինքնության շահերից: «Ես ձեզ վստահեցնում եմ` Ջավախքում այսօր ներդրված է ավելի սարսափելի համակարգ, քան Բերիայի եւ Ստալինի համակարգն էր: Մարդիկ վախենում են խոսել, շփվել, արտահայտվել, իրենց հայ ինքնության մասին բացահայտ խոսել: Նույնիսկ կա ավելի վտանգավոր միտում. մարդիկ սկսել են տեղի-անտեղի գովաբանել այս կամ այն պաշտոնյային, քաղաքականությունը` ելնելով այն հանգամանքից, որ կարող է հաջորդ զոհն ինքը լինել` վրացական իշխանությունների ձեռնակած այս ահաբեկչական, գերշովինիստական քաղաքականության ընթացքում»,- ասում է Թորոսյանը: Այս տարվա սկզբին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ջավախքի հայ մանկավարժները պետք է վերապատրաստվեին Հայաստանում: Վերապատրաստման գործընթացն արդեն սկսվել է, բայց առանց ջավախքցի ուսուցիչների: «Վրացական կողմը հայտարարել է, թե իբր վերապատրաստում կկազմակերպվի տեղում»,- հեգնում է Շ. Թորոսյանը եւ մանրամասնում մեկ այլ պատմություն: Ջավախքում մի քանի թիմ պատրաստվել է մասնակցել «Հայ ասպետ» հեռուստախաղին: «Առաջին փուլում 3 թիմ մասնակցեց: Երկրորդում սպառնալիքների արդյունքում մնաց 1 թիմ: Եվ վերջին փուլում այդ թիմին էլ գերագույն դժվարություններով կարողացանք հասցնել Հայաստան, որը, ի դեպ, դարձել է «Հայ ասպետի» հաղթող»,- ասում է պատգամավորը: Ըստ նրա` վրաց իշխանությունները կարծում են, թե քանի Հայաստանը կոմունիկացիոն կախվածության մեջ է Վրաստանից, կարող են Ջավախքը հայաթափել, իսկ մենք չպետք է քննադատենք վիրահայերի նկատմամբ վարվող քաղաքականությունը: Այնինչ, Ջավախքը հայաթափելուց հետո Վրաստանը Հայաստանի հետ կարող է վարվել ուզածին պես: «Սա ակնհայտ է, աքսիոմա է: Այսինքն` Հայաստանն այլեւս չի ունենա մի գործոն, որի հետ Վրաստանը ստիպված կլինի հաշվի նստել: Եվ նրանք բացեիբաց էլ ասում են, որ ով խոսում է Ջավախքի հիմնախնդիրների մասին, սրում է հայ-վրացական հարաբերությունները: Պատկերացնո՞ւմ եք` ինչ սոփեստական մոտեցում է: Այսինքն` դուք ոչնչացնեք, ճզմեք ժողովրդին, եւ ոչ ոք չխոսի դրա մասին, թե սրվում են հայ-վրացական հարաբերությունները»,- տարակուսում է Թորոսյանը եւ շեշտում, որ իրականում հայ-վրացական հարաբերությունները պետք է խարսխվեն հենց ջավախքահայության վրա: Հիշեցնելով անցյալ տարվա սեպտեմբերին դիվանագիտական կորպուսի հետ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումը, որի ժամանակ Վրաստանի հետ հարաբերություններում կարեւորվեցին հատկապես Ջավախքի հիմնախնդիրները, եւ նշվեց, որ Ջավախքում հայերենը պետք է լինի տարածաշրջանային լեզու, իսկ Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում պետք է ստանա իրավական կարգավիճակ` պատգամավոր Թորոսյանը նկատում է, որ անցել է շուրջ մեկ տարի, բայց այս առումով շոշափելի առաջընթաց չի արձանագրվել: «Իհարկե, հասկանում եմ, որ վրացական իշխանություններն անդրդվելի են, եւ շատ դժվար է նրանց հետ լեզու գտնել այս խնդիրներում, քանի որ նրանք, իրենց կոմունիկացիոն գերազանցությունն անընդհատ շահարկելով, հանդես են գալիս այն քաղաքականության դիրքերից, որն այսօր իրականացնում են: Բայց հայկական իշխանությունները բոլոր մակարդակների շփումներով պետք է ամեն ինչ անեն այս խնդիրները լուծելու համար: Պետք է անընդհատ օրակարգի թիվ մեկ հարցերից լինեն ջավախքահայության հիմնախնդիրները»,- ասում է Շիրակ Թորոսյանը: Նա հատուկ ընդգծում է, որ առաջին հերթին պետք է կարեւորենք մարդուն, ազգն ու ազգայինը, ոչ թե տնտեսական խնդիրները. «Եվ եթե մենք Վրաստանում տեսնում ենք մեր հայրենակիցների նկատմամբ բռնաճնշումներ, բնականաբար, իրական բարեկամություն չի կարող լինել: Կարող է տնտեսական դաշտում լինել համագործակցություն, հարեւանություն, գործընկերություն: Բայց, ի վերջո, մի օր դա ճաքելու է, փլվելու է, պայթելու է: Եվ ավելի լավ է` այս գլխից խնդիրները լուծվեն, քան թողնենք, որ խորանան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter