HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ամենապարզ ռամիկն էլ սիրել է զարդարել իր տունը

Ատոմ Էգոյանի խոսքերով` «Հայկական զարդարվեստ» գիրքը էգո-ի մասին չէ «Արևմտյան Հայաստանում քուրդ մը ըսավ` միայն դու մոտեցիր, ես քեզի մեկ հատ շատ հետաքրքրական քար մը ցույց պիտի տամ: Ըսավ` 10 հզ. դոլարով կվաճառեմ քեզի: Ըսի` կներեք, 10 հզ. դոլար չունիմ` մեկ, երկրորդ` սահման անցնելու նպատակ չունիմ այսպիսի մեծ տապանաքար մը, բայց եթե կուզեք, այս նկարը կարելի է նկարել և ցույց տալ մեկու մը, որ կրնա ըլլալ հետաքրքրվե: Քուրդը, անշուշտ հեռանկար ունենալով, թողեց, որ նկարեմ»,- այսօր պատմեց «Հայկական զարդարվեստ» գրքի հեղինակ Հրայր Բազէ Խաչերեանը: Տապանաքարի վերևի հատվածի այդ նկարն ընդգրկված է գրքում: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը և «Քաունթերփարթ ինթերնեշնլը» կազմակերպել էին «Հայկական զարդարվեստ» գրքի շնորհանդեսը: Գրքի մյուս հեղինակը Արմեն Քյուրքչյանն է, ով արել է հայկական զարդարվեստի հազարից ավելի նմուշների գծային վերամշակումը: Հրայր Բազէ Խաչերեանը 800-ից ավելի լուսանկարի հեղինակ է: Գրքում ներառված է նաև CD, որը պարունակում է գրքում ներկայացված զարդարվեստի գծային նմուշները: Գրքի գաղափարը պատկանում է Արման Քյուրքչյանին: Նա և Հրայր Բազէ Խաչերեանը գիրքը պատրաստելու համար համագործակցել են 10 տարի, ճամփորդել ՀՀ-ում, Արցախում, Արևմտյան Հայաստանում: Հրայր Բազէ Խաչերյանը ՀՀ-ում ու Արցախում եղել է 70, իսկ Արևմտյան Հայաստանում` 20 անգամ: Խորանաշատի եկեղեցու զարդաքանդակներից մեկը` մի առյուծ, նկարելու համար գրքի հեղինակները վտանգել են իրենց կյանքը: Խորանաշատը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շատ մոտ: Նախորդ օրը հրաձագություն էր եղել հայերի և ադրբեջանցիների միջև: Առյուծի զարդաքանդակը նկարելու համար գրքի հեղինակներին ուղակցել են տարածքի հրամանատարը, մեկ դիպուկահար և մեկ զինվոր: «Իրենց ջիպով արագ մը փորձեցինք հասնիլ այդ վանքին նկարելու համար: Եվ ռիսկը միշտ մեծ էր այդ ժամանակ, որովհետև թիրախը վերևից էր, մենք ներքևն էինք. շատ հեշտ էր մեզ խփելը: Շատ արագ նկարեցինք այդ նկարը ու վերադարձանք»,- պատմեց Հրայր Բազէ Խաչերեանը: Մինչդեռ շատ այլ դռներ գրքի հեղինակներ առջև բաց են եղել: Շատ եկեղեցիներ հեշտությամբ հնարավոր է եղել նկարել: Հրայր Բազէ Խաչերեանը շնորհակալություն հայտնեց Էջմիածնին, Մատենադարանին, Վենետիկին, որոնք թույլ են տվել նկարել իրենց նաշխերը, ձեռագրերը: Արմեն Քյուրքչյանի խոսքերով` Հայաստանում միայն արվեստագետները չէ, որ զբաղվել են զարդարվեստով: Ամենապարզ ռամիկն էլ սիրել է զարդարել իր տունը, գերեզմանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են գրքում ներկայացված արվեստը ներկայացնելու համաշխարհային հանրությանը` նա նշեց, որ գիրքում ամփոփված զարդերը պետք է հասանելի լինեն նաև ինտերնետով, և յուրաքանչյուրը կարող է զարդերն օգտագործել ուր ցանկանա: «Հեղինակային իրավունքի խնդիր չի՞ առաջանում» հարցին նա պատասխանեց. «Ոչ, հեղինակը մենք չենք, մենք ուղղակի ներկայացնում ենք»: Գրքում ներկայացված բոլոր զարդերը հայկական են: Արմեն Քյուրքչյանի խոսքերով` քանի որ Հայաստանը Արևելքի և Արևմուտքի հենց խաչմերուկում է, հայերը շատ բան են տվել Արևելքի ու Արևմուտքի արվեստներին և շատ բան վերցրել նրանցից: «Անգամ Հայաստանը այնքան փոքր է, որ վերևից ներքև իջնես, մի քանի կմ-ի մեջ կհանդիպես մի քանի արվետի տեսակների: Գրքում ներկայացված բոլորը զարդերը իսկապես հայկական են: Ասենք, Արևմտյան Հայաստանում շատ կան մզկիթներ, ուրիշ կառույցներ, որոնք արել է հայ վարպետ, բայց այլ պատվերով: Անգամ դրանք բացառել ենք, գրքի մեջ չկան»,- ասաց Արմեն Քյուրքչյանը: Հրայր Բազէ Խաչերեանը նշեց, որ գրքում փորձել են հնարավորինս քիչ դիմել ֆոտոշոփ ծրագրին և առանց այլաձևելու են ներկայացրել հայկական զարդարվեստը: Շնորհանդեսի մասնակից, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն ասաց, որ «Հայկական զարդարվեստ» գիրքը մանրամասների, մանրուքների շտեմարան է: «Հայ արվեստագետը մանրուքների մեջ գերազանցության է հասել` առանց էգոյի: Մենք ժողովուրդն ենք, որի տաղանդը ուղղել է անձից ավելի վեր դասվող գաղափարների: Այժմ մենք այս մանրուքներին ուշադրություն չենք դարձնում: Մենք հետամուտ ենք արագ և հեշտ բաների: Այս գիրքը հիշեցնում է, որ որպես մշակույթ` մենք ժամանակ ենք ծախսել, ուշադրություն ենք դարձրել մանրուքների, ոգեղենի վրա: Իսկ ոգեղենը համբերություն է պահանջում: Այս գիրքը մեզ ասում է, որ պետք է դանդաղել և մտածել, թե որտեղից ենք գալիս: Արվեստը էգո-ի մասին չէ` չնայած դա իմ անունն է: Դա մի բանի մասին է, ինչը շատ մաքուր է»,- ասաց Ատոմ Էգոյանը: Արմեն Քյուրքչյանն ու Հրայր Բազէ Խաչերեանը գիրքը հրատարակել են իրենց անձնական միջոցներով: Շնորհանդեսին ներկաներից մեկն ասաց, որ 3 ամիս առաջ Վիենայի կենտրոնական գրախանութում հայկական արվեստի մասին գիրք է փնտրել ու չի գտել, մինչդեռ գրախանութում եղել են գրքեր` թուրքական, արաբական, առհասարակ իսլամական զարդանախշերի մասին: Նա կարծում է, որ Արտգործնախարարությունը կարող է օժանդակել, որ «Հայկական զարդարվեստ» գիրքը հասանելի լինի Վիենայում և այլուր: Ատոմ Էգոյանն ասաց, որ եթե շնորհանդեսին ներկա անձնացից յուրաքնաչյուրը էլ. նամակ գրի կամ գրություն ուղարկի կառավարության ներկայացուցչին, ասի, որ այս գիրքը օժանդակության կարիք ունի, ապա արդյունք կլինի: Արմեն Քյուրքչյանի խոսքերով` ապագայում ևս ծրագրեր կան` կապված հայկական արվեստի հետ: «Չեմ ուզում շատ պատմել պլանների մասին: Ուզում եմ` նման անակնկալներ լինեն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter