HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մոր ու դստեր դատավարությունը շարունակվում է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վոլգոգրադ քաղաքի բնակիչներ Ելենա Կալյակինայի եւ նրա դստեր` Վերայի դատավարությունը: Նրանք մեղադրվում են մեկ այլ վոլգոգրադցու` Վադիմ Տարանովի հետ ՌԴ քաղաքացիներին Երեւան փոխադրելու, հարկադիր աշխատանքների եւ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ ներգրավելու համար: Դատարանն անցել է ապացույցների հետազոտմանը` ուսումնասիրելով գործում եղած փաստաթղթերը: Ամբաստանյալները պատասխանում են այս կամ այն փաստաթղթի վերաբերյալ դատավորի, մեղադրողի կամ տուժողների ներկայացուցչի հարցերին: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` եռյակի` Վերայի, նրա մոր` Ելենայի եւ վերջինիս հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող Վադիմի գործունեության հետեւանքով 24 ռուս կին բռնության կամ դրա սպառնալիքի տակ Երեւանի տարբեր գիշերային ակումբներում հարկադրաբար աշխատել է որպես մերկապարուհի, իսկ նրանց վաստակը «աշխատանքի կազմակերպիչները» յուրացրել են: Թե Ելենան, թե Վերան մեղադրանքը չեն ընդունում, իսկ Վադիմի նկատմամբ ժամանակին հայտարարվել էր հետախուզում: Սակայն ամբաստանյալների պաշտպան Մարինե Թովմասյանը, հղում անելով ռուսական թերթերից մեկին, նշում է, թե Վադիմին ՌԴ-ում հարցաքննել են իբրեւ վկա, ու վերջինս, բնականաբար, ազատության մեջ է: Այսօրվա նիստում ամբաստանյալ Ելենա Կալյակինան, ի պատասխան հարցադրումների, մանրամասնում էր, թե ինչի համար են նշանակվել տույժ-տուգանքները, ինչի հիման վրա են դրանք սահմանվել, եւ արդյոք աղջիկների մեջ եղել են այնպիսինները, որոնք պարտք ու պահանջ չեն ունեցել: Ըստ նրա` 3-ից 250 հազար դրամ կազմող տույժ-տուգանքները (ակումբի ղեկավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, մարզումներին չմասնակցելու, մաքրությունից խուսափելու եւ այլնի համար) սահմանված են եղել պայմանագրի հավելվածում, որին դեռ Ռուսաստանում աղջիկները ծանոթացել են ու ստորագրությամբ հավաստել իրենց համաձայնությունը: Ելենայի մատուցմամբ` տուգանտները ոչ թե պատժելու միջոց են եղել, այլ սթափեցնող նպատակ են հետապնդել: «Ի վերջո, դատարանում 6 տուժողներից միայն մեկն է նշել, որ իրեն տուգանել են»,- ասաց ամբաստանյալ Ե. Կալյակինան: Անդրադառնալով գործին կցված տետրին, որտեղ ձեռագիր նշված են, մասնավորապես մաքրության համար նշանակված տուգանքների մասին տեղեկություններ, Ելենա Կալյակինան նախ զարմացավ, թե դա ինչ կապ ունի թրաֆիքինգի համար առաջադրված մեղադրանքի հետ, այնուհետեւ դատարանին խնդրեց, որպեսզի այն ուղարկվի ձեռագրաբանական փորձաքննության` վստահեցնելով, որ այն ինքը չի գրել: Վերջինիս ներկայացմամբ` տետրում արձանագրված է, թե մաքրության պատասխանատուն` տվյալ օրվա հերթապահը, կամ աղջիկների ավագն ում է տուգանել ինչ խախտման համար: «Երբ նոր աղջիկներ էին եկել, նրանք առաջարկեցին պահել տուն մաքրողներ: Բայց քանի որ վերջիններիս պետք էր վճարել, ընդհանուր ժողովի ժամանակ որոշվեց, որ նրանք, ովքեր չեն ուզում մասնակցել մաքրությանը, պետք է վճարեն նրանց, որոնք իրենց փոխարեն մաքրություն են անում»,- մանրամասնեց ամբաստանյալը` ընդգծելով, որ, ի վերջո, այդ ամենի նպատակն այն էր, որ տանտերը, ումից վարձակալել էին բնակարանը, իրենց «խոզանոցի» համար չվռնդեր: Մեղադրող Արթուր Ղամբարյանը հետաքրքրվեց, թե արդյոք գործով տուժող ճանաչված 24 աղջիկների մեջ եղե՞լ են այնպիսիք, ովքեր պարտք ու պահանջ չեն ունեցել: Ելենան նկատեց, որ հիշատակված աղջիկները նորեկներ են, իսկ նրանք, ովքեր եկել են 2005 թվականին կամ դրանից առաջ, ոչ մի պարք չեն ունեցել: Նա թվարկեց պարտք չունեցողների մի շարք անուններ, նույնիսկ առանձնացրեց մեկին, որը, ըստ ամբաստանյալի, վերցրել է իր եւ աղջիկների գումարները, հանգիստ վերադարձել ՌԴ, ու կրկին հետ եկել Երեւան: «Եթե մարդը չէր ուզում աշխատել, նրան ոչ ոք չէր ստիպում դա անել: Նա ուղղակի խզում էր պայմանագիրը` նշելով, թե ինչու է այդպես վարվում»,- ասաց Ելենա Կալյակինան: Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն` մայր ու աղջիկ գործով անցնող տուժողների նկատմամբ մտացածին տուգանքներ նշանակելով` գոյացրել են արհեստական պարտքեր եւ այդ պատրվակով չեն վճարել վերջիններիս հասանելիք գումարները: Աղջիկներից ոմանք էլ, չդիմանալով նշված պայմաններին, դիմել են փախուստի: Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter