HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

2008-ի համեմատ տրանսֆերտները կրճատվել են 25-30%-ով

Պարենային զամբյուղը տարեվերջին կթանկանա մոտ 15 %-ով: Այսօր այսպիսի կանխատեսում արեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Մեր բնակչության 70 %-ի եկամուտները պարենային զամբյուղի ծավալի չափ են: Այսինքն` մեր բնակչության 70 %-ը մոտավորապես 15 % աղքատանալու է: Տարվա վերջում կունենանք գեղեցիկ թվեր, որոնք չեն արտացոլում մեր իրականությունը: Մենք կունենանք էլի համատարած դժգոհություն, համատարած աղքատություն: Դրա մասին վկայում է ինֆլյացիայի այսօրվա պատկերը. 7,5 %-ը փոքր թիվ չէ»,- ասաց նա: 2010 թ. առաջին 5 ամսվա տնտեսական աճի տեմպը 8,8 % էր, որը հետո դանդաղեց: Հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 19,2 % տնտեսական անկում: «Եթե իշխանությունները ընդունում են, որ 20 % անկում է, ես կարծում եմ` իրականությունը շատ ավելի դաժան է»,- նշեց Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա` պատճառն այն է, որ պաշտոնական վիճակագությունը չի արտացոլում իրականությունը: ԿԲ նախկին նախագահի խոսքերով` վերջին տարիներին զարգացման հիմնական ձև են նախանշվել տրանսֆերտները և դրանց միջոցով հիմնականում շինարարության ոլորտում ներդրումները, սակայն այս եղանակը չի աշխատի: 2010 թ. 2009 թ.-ի համեմատ տրանսֆերտների աճ է արձանագրվել, սակայն 2008 թ-ի համեմատ 2010-ի առաջին 6 ամսվա դրությամբ տրանսֆերտները նվազել են մոտ 25-30 %ով: «Այն կապիտալ ֆինանսական ներհոսքը, որ մենք ունեցել ենք 2004-2008 թթ.-ին, այսօր չկա, առաջիկայում մենք չենք ունենալու: Եվ այս պարագայում իսկապես լուրջ վճիռներ պետք է կայացնենք: Տրանսֆորմացիա, տնտեսության դիվերսիֆիկացիա պետք է լինեն երկրում: Կարծես դրա մասին խոսվել է, բայց ես պնդում եմ, որ ոչ մի բան չի արվում»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով` Հայաստանը հակաճգնաժամային ծրագիր երբեք չի ունեցել: «Եղել է մի հատ ելույթ` վարչապետի ելույթը էն պայմաններում, երբ պառլամենտը ընդունեց ծրագիր, որ տնտեսական աճը պետք է լինի 9%: Հետո ասացին, որ այդ ելույթը հակաճգնաժամային ծրագիր է: Էդ ծրագրով բերեցին բավական ծավալուն միջոցներ: Էդ ծավալի միջոցների կարիքը մենք չենք ունեցել: Օրինակ, պառլամենը թող պահանջի, որ կառավարությունը մի հատ հաշվետվություն ներկայացնի, թե ոնց էին այդ ներգրավված միջոցները ծախսվում»,- նշեց Բագրատ Ասատրյանը: Մամուլի ասուլիսի մյուս բանախոսի` Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի համոզմամբ` կառավարության հակաճգնաժամային ծրագիրն աշխատում և իր ազդեցությունն ունի, քանի որ եթե այդ ծրագիրը չիրականացվեր, մենք կունենայինք «ավելի վատթար թվեր, ինչը պրն Ասատրյանը նկարագրեց` հետևությունները կատարելով` «բնականաբար, դե, վատ կապրենք, էլի»»: Վարդան Այվազյանը համաձայնեց, որ 2010-ին 2008-ի համեմատ տրանսֆերտների ծավալը կրճատվել է մոտ 20-30%-ով, ինչը կազմում է մոտ 1 մլրդ դոլար: «Ի՞նչ պետք է աներ էստեղ կառավարությունը: Բնականաբար, որոշակի առումով մեծացներ իր ներդրումային մասնակցության ծավալը: Ինքը չպետք է պակասեցներ: Դրա համար ինքը էդ գումարները ներգրավեց: Կառավարությունը սոցիալական պաշտպանվածության հայտարարված պետության այն ծավալը, որը ինքը ներկայումս ապահովում է, չկրճատեց, որովհետև ամենամեծ գնորդը նաև շուկայում նույն կառավարությունն է: Որպեսզի քո շուկան պասիվացներ ամբողջապես, ինքը պետք է նաև այդ ծավալնե՞րը քչացներ: Ընդհանրապես պարալիչի վիճակում կլինեին»,- ասաց Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով` Հայաստանում տնտեսական աճի դանդաղումը պայմանավորված է միջազգային տնտեսության պասիվությամբ: Պատգամավորի համոզմամբ Հայաստանը 2010 թ. վերջում միանշանակ տնտեսական աճ կարձանագրի, որը կկազմի մոտ 8 %: Սրան, Վարդան Այվազյանի խոսքերով, կնպաստի լեռնամետալուրգիայի միջազգային շուկայում գների աճը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter