HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսաշրջիկը հյուրընկալ Հայաստանում

Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացման համար կարծես թե մեծ աշխատանքներ են տարվում. կառուցվում են նոր հյուրանոցներ, բացվում են տուրիստական նոր կազմակերպություններ, թվում է` զբոսաշրջիկների տեղատարափ է լինելու, սակայն հուլիսի սկզբին լինելով Գառնի-Գեղարդում` ընդամենը մի քանի ծեր զբոսաշրջիկ գտանք:

Պատճառն այն է, որ Հայաստան գալիս են այսպես կոչված ինտելեկտուալ զբոսաշրջիկները, որոնց հետաքրքիր են հայկական հին մշակույթն ու պատմությունը: Վերջիններս այն զբոսաշրջիկների տեսակին են պատկանում, որոնց գրպանին այնքան էլ հարմար չեն մեր նորաբաց թանկ հյուրանոցներն ու տուրիստական կազմակերպությունների առաջարկած թանկարժեք շրջագայությունները: Փոքր-ինչ հետաքրքրվելով վերջիններիս առաջարկած պայմաններով եւ պահանջած գումարով` կարող ես պատկերացում կազմել այսօրվա ներգնա տուրիզմի մասին:

Զբոսաշրջիկն օդանավակայանում

Կան հատուկ ծառայություններ, որոնք ապահովում են զբոսաշրջիկների փոխադրումը օդանավակայանից դեպի նախատեսված վայրը: 3-4 անձի փոխադրումը մարդատար մեքենայով 6000 դրամ է, իսկ միկրոավտուբուսով` 16000: Այն զբոսաշրջիկները, որոնք մինչ գալը դիմել են տուրիստական կազմակերպությունների ծառայություններին, ունեն դիմավորողներ օդանավակայանում:

Որտեղ է մնում զբոսաշրջիկը

Զբոսաշրջիներին առաջարկվում են մնալու հետեւյալ տարբերակները` հյուրանոց, բնակարանի վարձույթ եւ առանձնատան վարձույթ: Հայաստանում միջին կարգի հյուրանոցների պակաս է զգացվում: 16 հարմարավետ սենյակ առաջարկող «Մաստեր-Կլաս» հյուրանոցում էկոնոմ երկտեղանոց սենյակը 18000 դրամ է: 6 սենյակ առաջարկող «Վիլա Դելենդայում» մեկտեղանոց համարն արժե 22000 դրամ: Բոլորին հայտնի հայաստանյան բարձրակարգ հյուրանոցներում գները շատ ավելի թանկ են: «Երեւան Գոլդեն Թուլիփ»-ում գները 62000-115000 դրամի սահմաններում են: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գները տատանվում են` 72000-240000 դրամ` ըստ համարների տեսակների:

Երեւանից դուրս գտնվող հյուրանոցները նույնպես մատչելի չեն: Լոռու մարզի Դեբեդ գետի ափին գտնվող «Ավան Ձորագետ» հյուրանոցում երկտեղանոց համարն արժե 39000 դրամ, իսկ Գյումրի քաղաքում գտնվող «Արաքս» հյուրանոցում` 30000 դրամ:

Իտալիայի չքնաղ քաղաք եւ տուրիստների «տուն» Վենետիկի երեքաստղանի հյուրանոց «Ֆոնտանա» հյուրանոցում գները սկսվում են 64 եվրոյից, իսկ Կատալոնիայի հրապարակում գտնվող «Մարվի» հյուրանոցում գները սկսվում են 83 եվրոյից:

Հայաստանյան հյուրանոցային գները պետք է շատ տարբերվեին նման երկրների հյուրանոցների գներից: Սակայն, տարբերությունն այդքան էլ մեծ չէ, եթե հաշվի առնես Վենետիկի եւ Կատալոնիայի պես տուրիստական կենտրոնները: Զբոսաշրջիկների մի մասը բոլոր հարմարություններով ապահովված բնակարան է վարձում, լավագույն դեպքում` առանձնատուն Երեւանի կենտրոնում: Մեկ ննջասենյակ ունեցող բնակարանի օրավարձը 60 դոլարին համարժեք դրամ է: Առանձնատան օրավարձը 23000-53000 դրամ է:

Հունաստանից Հայաստան 60-ամյա Անաիտիս Լեմոնիսը եկել է իր ընկերուհի հունահայ Մարիամ Վանյանի հետ եւ ապաստան գտել Մարիամի բարեկամների տանը:

«Եթե չլիներ Մարիամը, չէի գա Հայաստան եւ կկորցնեի նման գեղեցկություն տեսնելու հնարավորությունը: Ընկերուհուս բարեկամների տանը մնալը հաճելի է, գումար էլ չեմ ծախսում հյուրանոցների եւ բնակարանների վարձման համար»,- ասում է Անաիտիս Լեմոնիսը:

Ով է ցուցադրում զբոսաշրջիկին Հայաստանը

Տեղեկատուներում կարելի է գտնել բազմաթիվ տուրիստական գործակալություններ, որոնք շրջագայություններ են կազմակերպում հատուկ արտասահմանցիների համար: Ամենատարածվածը ամենօրյա շրջագայություններն են: Ամեն շաբաթվա համար կազմված են գրաֆիկներ, ըստ որոնց կարելի է վերցնել նախընտրած ուղղությունը: Օրինակ, ըստ «Հյուրսերվիսի» առաջարկած պայմանների` Գառնի-Գեղարդ մեկօրյա շրջագայությունը 5000 դրամ է, Խոր Վիրապն ու Նորավանքը` 8000 դրամ:

Կան նաեւ թանկ շրջագայություններ: Գործակալությունները մոտավոր գին չեն կարող ասել: Գները տարբեր են, բայց աշխատակիցներից մեկը խոստովանեց, որ զբոսաշրջիկի համար դա այդքան էլ ձեռնտու չէ: Այս շրջագայությունները մասնագիտացված են եւ թանկ, ու թեեւ դիմողները քիչ չեն, զբոսաշրջիկների համար ավելի լավ է դիմել ամենօրյա շրջագայությունների եւ գոնե մակերեսորեն ծանոթանալ Հայաստանին: Տուրիստական գործակալությունները, ցանկության դեպքում, առաջարկում են նաեւ էքսկուրսավար-թարգմանչի ծառայություն: Էջմիածին-Զվարթնոց ուղերթն առանց էքսկուրսավարի 13000 է, էքսկուրսավարով` 20000 դրամ:

«Մասնագիտությամբ պատմաբան եմ: Միշտ մտածել եմ գալ Հայաստան, բայց չեմ եկել: Այսօր այստեղ եմ իմ ինտերնետային ընկերուհու շնորհիվ: Նա այսօր իմ էքսկուրսավարն է եւ կարիք չեմ ունեցել դիմել տուրիստական գործակալություններին»,- ասում է գերմանացի Գարի Էբերհարթը:

Մեքենաներ զբոսաշրջիկների համար

Էքսկուրսիաներ եւ շրջայցեր անցկացնելու համար գործակալությունները տրամադրում են մոտ 4 տեսակի մեքենաներ: «Հյուրսերվիսի» առաջարկած «Շկոդա Օկտավիայի», որը նախատեսված է 3 հոգու համար, 10 րոպեն Երեւանում 1000 դրամ է, իսկ Երեւանից դուրս` 8000-14000: 27 ուղեւորի համար նախատեսված մեքենան Երեւանում 10 րոպե վարելը 4000 դրամ է, իսկ Երեւանից դուրս` 17000 դրամ: Տարեկան Հայաստան է գալիս 60000-70000 ոչ հայկական ծագում ունեցող մարդ: Նրանք հիմնականում մեծահասակներ են. մարդիկ, որոնք արդեն ազատ են եւ կարող են իրենց թույլ տալ բացահայտել աշխարհի գողտրիկ անկյունները, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Հայաստանում մենք ունենք բազմաթիվ տուրիստական կազմակերպություններ, հյուրանոցներ, հ/կ-ներ, Հայաստանի տուրիզմի ինստիտուտ, միեւնույն ժամանակ բազմաթիվ խնդիրներ եւ աշխատանք Հայաստանում տուրիզմը զարգացնելու համար: Այսօր զբոսաշրջիկը Հայաստան գալու համար ծախսում է գրեթե նույնքան գումար, որքան կծախսեր Եվրոպայով շրջելիս: Սա տարօրինակ է, քանի որ Հայաստանը, որպես զբոսաշրջության երկիր, վտանգավոր գոտի է` առաջին հերթին իր հարեւանների հետ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով: Զբոսաշրջիկներին գրավելու կամ գոնե չկորցնելու համար պետք է առնվազն մատչելի գներ ապահովել, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա ինքնուրույն գալ Հայաստան, իսկ հետո բերել նաեւ այլ հետաքրքրասերների:

Մարինե Քոչարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter