HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Երբ միակ իշխանությունը դառնում է փողը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուսումնասիրելով օղու շուկան, 6 անգամ վարույթ է հարուցել եւ տուգանել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս Գրուպ» ընկերությանը: Բոլոր հեռուստաընկերություններն այս վարույթների մասին նյութեր են հեռարձակել, բայց երբեք չեն նշել, որ Սամվել Ալեքսանյանը չի վճարում այդ տուգանքները:

Ներկայացնենք հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից մի հատված. «Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Բոժկոն եւ «Իմիջ հոլդինգ» ընկերության տնօրեն Ա. Գուսակը դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որ «Սալեքս Գրուպ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «Хлопцы» («Խլոպցի») անվանումով օղու արտաքին ձեւավորումը (շիշը, խցանը եւ պիտակները) գործնականում ամբողջությամբ նմանեցված են «Իմիջ հոլդինգ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «Хортица» («Խորտիցա») անվանումով արտադրանքի արտաքին տեսքի տարբերակիչ առանձնահատկություններին: Ներկայացվել են նաեւ ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում գրանցված ապրանքանիշի վկայագրերի պատճենները»: Օղու շուկայում հանձնաժողովի անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Սալեքս Գրուպ»-ի կողմից արտադրվում եւ իրացվում է նաեւ «Moskovskaya» («Մոսկովսկայա»), «Staraya Stolitsa» («Ստարայա Ստոլիցա») եւ «Гжелка» («Գժիլկա») ապրանքային անվանումներով օղի: Այդպիսի ապրանքանիշներ «Սալեքս Գրուպ»-ի անունով գրանցված չեն, դրանք սեփականության իրավունքով պատկանում են այլ ընկերությունների: «Այսպիսով, «Սալեքս Գրուպ»-ը օղու միանգամից 4 տեսակի արտադրանքով խախտել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը` թույլ տալով անբարեխիղճ մրցակցություն: Ընդ որում, ընկերությունը նույն տեսակի խախտումը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է թույլ տվել, ինչի համար օրենքով նախատեսվում է 1 մլն դրամի տուգանք»,-նշված է հանձնաժողովի 2007 թ. օգոստոսի 22-ին տարածած հաղորդագրության մեջ: Մեկ այլ վարույթ հանձնաժողովը հարուցել է «Մանուկյան եւ գործընկերներ» ՍՊԸ դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում:

«Համաձայն դիմումի` «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» եւ «Ռուսսկի Բրիլլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին: Ըստ դիմումի` տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել եւ ենթակա են պահպանման նաեւ Հայաստանի Հանրապետությունում: 2009 թ. նոյեմբերի 5-ի նիստում հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության վերոհիշյալ վարքագիծը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն եւ յուրաքանչյուր դեպքի համար տուգանել 500 000 դրամով (ընդհանուր առմամբ` 1 500 000 դրամ): Այս տարվա մայիսի 19-ին էլ հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության նկատմամբ սահմանեց 3 մլն դրամ տուգանք: Այս անգամ էլ «Ալեքս Գրիգ»-ի «Ուկրաինա»-ն նման է ուկրաինական «Ուկրաինկա»-ին, «Խլոպցի»-ն` «Խորտիցա»-ին, «Պրեմիում»-ը` «Պրայմ»-ին, «Մեդոֆե»-ն` բրիտանական «Մեդոֆֆ»-ին: Իսկ «Խլեբնիյ Դար» անվանումով օղու պիտակների վրա Սամվել Ալեքսանյանը գրառումները կատարել է ուկրաիներենով: ԱԺ պատգամավորը, որի առաքելությունը կարծես թե ամրագրված է օրենքով, գիշեր-ցերեկ մտածում է, թե ինչպես խաբի սպառողներին, ընկերություններին, պետական մարմիններին: Երեի թե ժամանակն է սա ավելացնել օրենքում, որ պատգամավոր դառնալիս այլ ելույթների կարիք չլինի:

Այսօր էլ Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի»-ներում կարելի է տեսնել այլ օղիներ, ընկերությունը այժմ արտադրում եւ իրացնում է «Журавль» յուրահատուկ շշով օղի, եւ նույն շշով ու նույն գույնի պիտակով «Лебедь» անվանումով օղի: Հանձնաժողովին կարող ենք մի խորհուրդ տալ միայն` չուսումնասիրել այն ոլորտները, որտեղ գործում է Սամվել Ալեքսանյանը, եթե, իհարկե, գտնեն այդպիսի ոլորտ: Իսկ գուցե հանձնաժողի գործունեությունը դադարեցվի ու արմատապե՞ս լուծվի հարցը: Որեւէ սովորական գործարար կարո՞ղ է շարունակ նման բան անել` չվճարել հանձնաժողովի նշանակած տուգանքները, իհարկե ոչ: Իսկ եթե աներ, 6-րդ վարչության հյուրը կդառնար: Իսկ ահա Աժ պատգամավոր, «Ալեքս Գրիգ»-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը որոշել է չվճարել: Դիմել է դատարան, բողոքարկել հանձնաժողովի որոշումները: Մի կասկածեք, որ նա դատարաններում հաղթանակ է տանելու. ԱԺ պատգամավորի համար չկան փակ դռներ, քանի որ միակ իշխանությունը Հայաստանում դարձել է փողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter