HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աֆրիկյան ժանտախտի դեմ միակ «պատվաստանյութը» խոզերի պահվածքի ճիշտ կազմակերպումն է»

Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղի անունը վերջին օրերին հայտնվել է հանրապետական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. հուլիսի սկզբին գյուղում բռնկված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով անկել կամ հարկադիր սպանդի է ենթարկվել 60 խոզ: Գյուղի անասնաբույժ Նելսոն Ներսիսյանի խոսքով` հիվանդության ախտանիշերը նկատելու հենց առաջին օրերին ինքն ահազանգել է սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոն: «Հիվանդ խոզերից մեկը ծննդաբերեց: Այդ պատճառով չէինք հավատում, որ կարող է աֆրիկյան ժանտախտ լինել, թեպետ ախտանիշերը նման էին»,- ասում է Նելսոն Ներսիսյանը: Նա նշում է նաև, որ դժվար է ենթադրել, թե ինչպես են խոզերը վարակվել, և շարունակում թվարկել մի քանի պատճառ. անտառամերձ տարածքում գտնվող գյուղի անասունները հաճախ են անտառ մտնում, և հնարավոր է, որ հարուցիչն այնտեղից է թափանցել: Մասնագետը չի բացառում նաև հիվանդությամբ` տզի միջոցով վարակվելու հնարավորությունը: Գյուղի բնակիչ Սլավիկ Սարգսյանի կարծիքով, ում տնտեսության 60 խոզը ոչնչացվեց դեռևս 2008 թ.-ին գյուղում բռնկված նույն հիվանդության պատճառով, աֆրիկյան ժանտախտի տարածման հիմնական պատճառը շարունակում է մարդկանց անհայտ մնալ: Նա նշում է, որ մարդիկ մի տեսակ անորոշության մեջ են, չգիտեն, որ եթե նորից սկսեն խոզ պահել, արդյոք հիվանդությունը կրկին գլուխ չի՞ բարձրացնի: Գյուղի անասնաբույժը վստահեցնում է, որ հիվանդության «հետքերը» վերացվել են, անասնագոմերը` ախտահանվել, ինչպես նաև շարունակում են հետևել, որ այլ կենդանիներ չմոտենան հորերին, որոնց մեջ թաղվել են անասունները: Ըստ անասնաբույժ Նելսոն Ներսիսյանի` կարևոր է նաև խոզերին պահելու ձևը. «Մասնավորապես անտառամերձ բնակավայրերում խոզերը պետք է պահվեն միայն փակ պահվածքով, քանի որ միշտ վտանգ կա, որ տարբեր հիվանդություններ կարող են թափանցել»: Մեկ այլ բնակչի` Սիրուշ Գևորգյանի խոսքով` հնարավոր է, որ խոզերը վարակվել են թթի միջոցով: Նա ափսոսանքով է պատմում, որ 5 մայր խոզ ունեին, որոնց խոճկորների հետ կենդանի թաղեցին հորերում: «Նպատակ ունեինք աշնանը խոզերից ստացված եկամուտն օգտագործել մեր ընտանիքի խնդիրների լուծման համար, բայց հիմա գոմը դատարկվել է: Հազիվ թե ռիսկ անենք նորից խոզաբուծությամբ զբաղվել»,- ասում է Սիրուշը: Այս առումով Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը նշում է, որ մարդկանց շրջանում խուճապն անտեղի է, քանի որ արդեն որևէ վտանգ չկա: Միաժամանակ տեսչության պետն ասում է. «Վտանգ կարող է լինել միշտ, եթե մարդիկ խոզաբուծությամբ զբաղվելիս չհետևեն զոոտեխնիկական կանոններին: Աֆրիկյան ժանտախտի դեմ միակ «պատվաստանյութը» խոզերի պահվածքի ճիշտ կազմակերպումն է: Ուստի, որևէ դեղամիջոց չի կարող ոչ կանխարգելել և ոչ էլ բուժել այս հիվանդությունը: Դրա համար ինչպես գյուղատնտեսության այլ ոլորտում, խոզաբուծության մեջ ևս որևէ քայլ ինքնանպատակ չպիտի կատարվի»: Էդգար Թոխսանցը նաև հավելում է, որ աֆրիկյան ժանտախտի դեմ պետպատվերի շրջանակներում որևէ պատվաստում նախատեսված չէ, որովհետև այն կանխարգել պարզապես հնարավոր չէ, և հիվանդության դեպքում միակ հնարավոր միջոցը հիվանդ խոզերը խոր փոսում թաղելն է, տարածքն ախտահանելը: Աֆրիկյան ժանտախտից տուժած անասնատերերը հույս ունեն, որ, չնայած 2008թ. այդ հիվանդության պատճառով կրած վնասի դիմաց պետությունը դեռևս որևէ փոխհատուցում չի հատկացրել` գոնե այս անգամ աջակցություն կստանան: «Հեռուստատեսությամբ լսեցինք, որ այլ մարզերում աֆրիկյան ժանտախտից կրած վնասի համար պետությունը յուրաքանչյուր 1 կգ մսի համար 1005 դրամ է նախատեսում: Հույս ունենք, որ երկրորդ անգամ այսպիսի կորուստ կրելուց հետո գոնե մեզ էլ կփոխատուցեն»,- ասում է Սիրուշ Գևորգյանը: Էդգար Թոխսանցը նշում է, որ երբ հիվանդությունը հաստատվել է լաբորատոր հետազոտությամբ, իրենք մասնագիտական ակտ են ներկայացրել Սյունիքի մարզպետարան, որը սահմանված կարգով պետք է հաշվարկի ֆերմերների կրած վնասը: Առհասարակ, գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար Էդգար Թոխսանցը կարևորում է ոչ միայն իրենց տեսչության աշխատանքը, այլև, ըստ նրա, այդ գործում հետաքրքրվածություն պետք է հանդես բերեն նաև համայնքների ղեկավարները, որպեսզի համատեղ ուժերով հնարավոր լինի կանխել հիվանդության տարածումը, թեպետ աֆրիկան ժանտախտի պարագայում նա կրկին շեշտեց, որ չկա որևէ պատվաստում, բուժման մեթոդ, դեղորայք, որը կարող է վիճակը փոքր ինչ թեթևացնել: Միակ միջոցը հիվանդ կենդանուն ոչնչացնելն է. թեպետ կան կանխարգելիչ միջոցառումներ, որոնցից ամենակարևորն այն է, որ խոզերը պահվեն փակ տարածքում, խնամքի հետ կապված աշխատանքներն իրականացնի մեկ անձ, անասնագոմը պարբերաբար ախտահանվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter