HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրան»-ից «Սպիտակ ծիրան»

Սոնա Քյուրքչյան Հուլիսի 27-ի առավոտյան, մտնելով «Ակումբ» սրճարան, արտասովոր մի բան նկատեցի. պատից կախված դեմքեր էին ինձ նայում: Ուզում էի հայացքս թեքել, բայց արդեն զգացել էի, որ ծանոթ դեմքեր են այնտեղ: «Ոսկե ծիրանի» հյուրերի լուսանկարներն էին` Լեոն Կակոֆ, Ատոմ Էգոյան, Ալեն Թերզյան, Ալեն Հյուզ և մնացած բոլոը: Նկարները մեկ ընդհանրություն ունեին. բոլորի հետևում սպիտակ ֆոն էր: Սև ու սպիտակ էին լուսանկարները: Մի պահ թվաց, թե լուսանկարի մարդիկ դիմացդ կանգնած են: Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ ցուցահանդեսի շնորհանդեսը: Լուսանկարների շարքը կոչվում է «Սպիտակ ծիրան»: Մտահղացումը  լուսանկարիչ Վահան Ստեփանյանինն է: Նա պատմեց իր մտահղացման և լուսանկարների մասին: Վ.Ս. - Ես շատ ափսոսում էի, որ արդեն 7-րդ «Ոսկե ծիրանն» է տեղի ունենում, սակայն ոչ ոք նման ձևով չի ներկայացնում ռեժիսորներին և դերասաններին, և որոշեցի ինքս անեմ նման լուսանկարների շարք: Մի լուսանկարը կարող է մարդու մասին շատ ավելի բան պատմել, քան մի ամբողջ ֆիլմը: Ես ուզում եմ, որ այս լուսանկարները պատմեն այս մարդկանց մասին: Ուզում էի բոլորին իրար հետ հավաքել, բոլորին միաժամանակ ներկայացնել: Նման բան անելիս նաև շատ կարևոր է, որ ոչ մեկին չմոռանաս, ոչ մեկին բաց չթողնես: Սակայն ես իմ ասածին հակասում եմ, քանի որ այս լուսանկարներում պակասում է մեկի լուսանկարը` երևի հենց ամենակարևոր հյուրինը: Այստեղ չկա Կլաուդիա Կարդինալեի լուսանկարը: Երկու անգամ փորձել եմ նրան լուսանկարել, սակայն երկու անգամ էլ շատ գլամուրային լուսանկարներ են ստացվել, և ոչ մի կերպ չստացվեց նրան լուսանկարել սպիտակ պատի մոտ: Ինչո՞ւ որոշեցիր նկարները սև ու սպիտակ անել: Սև ու սպիտակում մարդուն ավելի հեշտ է ընկալել. ուշադրությունը շեղող գույներ չկան: Ինձ համար ամենակարևորը մարդուն ներկայացնելն է, իսկ դրա համար ինձ գույն պետք չէ: Կարևորը մարդն ու էմոցիան են: Չնայած ես գույնին դեմ չեմ` սակայն կարծում եմ, որ սև ու սպիտակն ավելի արտահայտիչ է: Սպիտակ ֆոնը ես ընտրել եմ մի պատճառով, որ մարդիկ կարողանան մաքսիմալ կենտրոնանալ մարդու վրա: Բոլորին մե՞կ օրում եք նկարել: Ոչ, նկարել ենք ամբողջ «Ոսկե ծիրանի» ընթացքում: Առաջինը նկարել ենք Ատոմ Էգոյանին: Ո՞ւմ եք ամենահեշտը նկարել: Բոլորը կամ դերասաններ, կամ ռեժիսորներ են` մի խոսքով, կինոյի հետ կապ ունեցող մարդիկ: Նրանց շատ ավելի հեշտ է լուսանկարել, քան կինոյի հետ կապ չունեցող մարդկանց: Ճիշտ է, դերասանների հետ ավելի հեշտ էր աշխատել, որովհետև նրանք արդեն գիտեն ինչ անել, ինչ դիրքով նկարվել, սակայն ռեժիսորներն էլ աշխատում էին ինձ հետ, որ ստանանք այն, ինչ մեզ պետք է: Դերասանները փորձում էին խաղալ, իսկ ռեժիսորներն` աշխատել: Սակայն մի կարևոր բան կար. բոլորն էլ ուզում էին աշխատել, նրանք բոլորն էլ պատրաստ էին իրենց ամբողջությամբ նվիրել այդ մի քանի րոպեներին: Իրենք էլ էին փորձում ներկայացնել իրենց: Ես ուզում եմ, որ այս լուսանկարները պատմեն այս մարդկանց մասին: Լուսանկարը պետք է իմաստ ունենա և ոչ միայն ուղղակի գեղեցիկ լինի: Հ.Գ. Մոտ երկու ժամ անց ցուցահանդեսի շնորհանդեսն արդեն վերջացել էր, հյուրերը գնացել էին, սակայն մինչև «The Club»-ի փակվելը չէր դադարում «Սպիտակ ծիրանը» տեսնել ցանկացող մարդկանց հոսքը: Այս լուսանկարները դարձան «Ոսկե ծիրանի» պատմության մի մասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter