HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչպե՞ս համատեղել 7 զոհը և դրական դինամիկան

Քիչ առաջ «Հետքը» ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին խնդրեց մեկնաբանել մամուլի տարածած այն տեղեկությունները, որ հուլիսի 28-ին բանակում տեղի ունեցած սպանությունից առաջ զինվորի նկատմամբ վիրավորանաք և ծաղր է եղել: Նա պատասխանեց, որ առանց ծառայողական քննության արդյունքների` ողբերգության հանգամանքները մեկնաբանել չի կարող: «Հիմա անցկացվում է այդ քննությունը: Անմիջապես դեպքից հետո ուղարկվել է ՊՆ հանձնախումբ: Հանձնախմբի աշխատանքից հետո մենք նույնպես կծանոթանանք այդ նյութերին և կարող ենք նաև մեր գնահատականներն ու դիտարկումները կատարել իրավիճակի վերաբերյալ: Նախարարը խիստ հրահանգել է օբյեկտիվորեն քննել բոլոր հանգամանքներն ու պայմանները, որոնք հանգեցրել են այդ միջադեպին: Միևնույն ժամանակ քրեական գործ է հարուցվել: Այսինքն` այնպես չի, որ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում»,- ասաց Գեղամ Հարությունյանը: Նա նշեց, որ ողբերգության զոհերի անունները և զոհերի թիվն իմանալու համար անհրաժեշտ է դիմել ՊՆ լրատվական ծառայությանը: Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ երեկ ՊՆ-ից խոստացան նույն օրը հաղորդագրություն տարածել, բայց չտարածեցին` Գեղամ Հարությունյանն ասաց. «Ուրեմն կտարածեն հաղորդագրություն: Այդ խնդրի հետ կապված` հանգամանքների համար, կարգ կա սահմանված, անհրաժեշտ է դիմել համապատասխան կառույցին` ՊՆ-ին»: Մեկ տարի առաջ ստեղծված Հասարակական խորհուրդը ելք ունի դեպի բոլոր հետաքննությունների նյութերը և կարող է ծանոթանալ դրանց: Խորհրդի նախագահի խոսքերով` իրենք կծանոթանան հուլիսի 28-ի դեպքի հետաքննության ընթացքին և կգնահատեն պատճառները: «Դատելով նրանից, ինչ այս պահին ունենք` 2 օր և տարբեր տեղեկություններով 6-ից 7 զոհ, ո՞րն է բանակի վերաբերյալ այն հարցը, որը դուք առաջ եք քաշելու Պաշտպանության նախարարության առջև» «Հետքի» հարցին Գեղամ Հարությունյանը պատասխանեց. «Մենք կստանանք այդ ծառայողական քննության նյութերը, կուսումնասիրենք հանգամանքներն ու պայմանները մեր կողմից: Իհարկե, էնտեղ վերլուծվում է ամբողջովին, բայց վերլուծման մեջ լինում է նաև, որ ասենք դու էլ ես տեսնում ինչ-որ խնդիրներ, որոնց վերացնելը կարող է բերել վիճակի ավելի շտկման հետագայում: Եվ այդ նյութերը մենք մեր կողմից կուսումնասիրենք և կվերլուծենք ու եթե գտնենք բաներ, որոնք տեղ չեն գտել այդ քննության նյութերում, և կարելի էր այդ հարցերի վրա նույնպես ուշադրություն դարձնել, ուրեմն կներկայացնենք նախարարին: Էսպես է մեխանիզմը»: Անդրադառնալով այն հարցին, թե իր գործունեության մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհուրդը զինվորների նկատմամբ ծաղրի և վիրավորանքի հարցը բարձրացրե՞լ է` խորհրդի նախագահն ասաց, որ ընդհանրապես արժանապատվության, կյանքի պաշտպանության խնդիրը, իհարկե, Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում է և լրջագույն հարցերից մեկն է, որը գտնվում է Պնախարարի ուշադության կենտրոնում: «Պաշտպանության նախարարի ուղերձը եղավ, որը քննարկվեց` հրամանատարը` որպես զինվորի ավագ ընկեր: Այդ հարցերը նույնպես այդ ուղերձի մեջ ամենամանրակրկիտ կերպով արծարծված էին, և հորդոր կար, որ իրոք պատշաճ, լուրջ վերաբերմունք լինի: Այսինքն` այս հարցը այնպես էլ կա հարթությունում, և լուրջ ուշադրություն է դարձվում Պնախարարի մակարդակով: Մենք էլ մեր հերթին փորձում ենք նպաստել զորքերում այնպիսի պայմանների ձևավորմանը, որ այդպիսի երևույթները, այդպիսի դեպքերը հնարավորինս կրճատվեն, հասնեն նվազագույնի»,- ասաց Գեղամ Հարությունյանը: Չնայած 2 օրվա ընթացքում բանակում տարբեր տեղեկություններով 6-7 մարդկային զոհ եղավ` Գեղամ Հարությունյանն ասաց, որ նման դեպքերի քանակի կրճատում կա. «Այո, բարելավում կա: Ցավոք սրտի, ծանր դեպքերը փոխում են մի տեսակ տպավորությունը: Իրար հետևից 2 դեպք եղավ. դա, իհարկե, որոշակիորեն փոխում է տպավորությունը, բայց եթե մի քիչ հետ կանգնենք այդ առաջին զգացական ազդեցությունից ու փորձենք մի քիչ ստատիստիկայով նայել, իհարկե, ես չեմ ասում փիլիսոփայական մոտեցում կամ վիճակագրություն դնենք ամեն անգամ, ընդհանուր առմամբ դրական դինամիկան առկա է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter