HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հարկայինը` ընդդեմ փաստաբանների

Մյասնիկյանի հարկային տեսչությունը «Կարախանյան եւ ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին տուգանել է ավելի քան 8 մլն դրամով, սակայն վարչական դատարանն ընկերությանն ազատել է հիշյալ գումարը վճարելուց: Հարկայինը ներկայացրել է վճռաբեկ բողոք, բայց դրան զուգահեռ քրեական գործ հարուցել ՍՊԸ-ի տնօրեն Արամ Կարախանյանի նկատմամբ:

«Հարկայինի ենթադրությամբ` հնարավոր է, որ ես չարամտորեն խուսափել եմ հարկերը վճարելուց, դրա համար նրանք քրեական գործ են հարուցել, որպեսզի իրենց ենթադրությունները ստուգեն: Բայց խնդիրն այն է, որ առանց փաստի, ենթադրություններով քրեական գործ չեն հարուցում»,- ասում է «Կարախանյան եւ ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Կարախանյանը: Այն, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել, վերջինս իմացել է ՊԵԿ քննչական վարչության բաժնի պետ Արշակ Գասպարյանի գրությունից: Դրանով քննիչը տնօրենին խնդրել է առգրավման տրամադրել ՍՊԸ-ի 2004-2009 թթ. հաշվապահական բոլոր փաստաթղթերը: Ստացվում է, որ ՊԵԿ-ն իրականում վերստուգում է նշանակել` հարուցված քրեական գործը հիմնավորելու ակնկալիքով: Խնդիրը հրապարակայնացնելու նպատակով հուլիսի 27-ին «Կարախանյան եւ ընկերներ իրավաբանական գրասենյակ»-ը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էր նաեւ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Արսեն Նիկողոսյանը: Քննարկման ժամանակ նա լրագրողներին վստահեցրեց, որ ՊԵԿ-ի խնդիրը տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելն է, եւ որեւէ ընկերության հետապնդելու կամ ճնշելու մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է քրեական գործին, Արսեն Նիկողոսյանն ընդգծեց, որ այն հարուցվել է փաստի առթիվ, եւ որեւէ դատավարական սուբյեկտ դեռեւս առկա չէ. «Չգիտեմ` որտեղի՞ց է վերցրել պարոն Կարախանյանը, որ հենց ինքն է այս պարագայում (դատավարական սուբյեկտը)...»: «Հետքը» փորձեց հստակեցնել, թե կոնկրետ ո՞ւմ նկատմամբ է հարուցվել քրեական գործը:

Ա. Նիկողոսյան - Քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ, քրեական գործը չի հարուցվում անձի առթիվ:

«Հետք» - Խոսքը մեղադրյալի մասին է: Քննիչի գրության մեջ նշված է, որ ընկերության տնօրենը, հաշվետվություններում ակնհայտորեն խեղաթյուրելով տվյալները, չարամտորեն խուսափել է հարկերը վճարելուց: Սա չի՞ նշանակում, որ քրեական գործն իր դեմ է:

«Ես որեւէ կերպ չեմ կարող խոսել, որովհետեւ կստացվի... »,- ասաց Արսեն Նիկողոսյանը, ու անմիջապես նրա խոսքն ընդհատեց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը` շեշտելով, թե Նիկողոսյանն ինչ պետք է ասեր, արդեն ասել է: «Բայց գործի մասին, ըստ էության, ոչինչ չասվեց»,- նկատեցինք:

Ա. Նիկողոսյան - Գործի մասին չի կարելի խոսել` նախաքննության օբյեկտիվությունը չկորցնելու համար:

«Հետք» - Բայց նախաքննության գաղտնիությունից ոչինչ չենք հարցնում: Ուղղակի խնդրում ենք պարզաբանել, թե ինչո՞ւ է քրեական գործը հարուցվել մոտ 6 ամիս անց, եթե այն, իրոք, ակտի հետ կապ չունի:

Ա. Նիկողոսյան - Ես այստեղ հանդես եմ գալիս որպես ՊԵԿ ներկայացուցիչ եւ կարող եմ ասել այնքան, ինչքան ասացի: Պատճառն էլ այն է, որ դա, ըստ էության, նախաքննության գաղտնիք է:

«Հետք» - Իսկ որպես իրավաբան` տարօրինակ ոչինչ չե՞ք տեսնում:

Ա. Նիկողոսյան - Ես հանդես կգամ միայն որպես իրավաբան եւ ոչ ՊԵԿ-ի ներկայացուցիչ, եւ մենք Ձեզ հետ կքննարկենք յուրաքանչյուր տեսակի իրավաբանական հարց:

«Հետք» - Այդ դեպքում, որպես իրավաբան խնդրում եմ բացատրեք, թե ինչպե՞ս կարելի է քրեական գործ հարուցել, հետո նոր միայն փաստաթղթերն ուսումնասիրել:

«Ես չեմ կարող հիմա որպես իրավաբան տալ որեւէ տեսակի հարցազրույց,- ասաց Արսեն Նիկողոսյանն ու եզրափակեց:- Բայց ես լավ իրավաբան եմ: Ես հիմա չունեմ ըտենց բաներ քեզ ասելու, որովհետեւ չի կարելի խոսել այդ մասին` օբյեկտիվությունը չկորցնելու համար: Մի քանի անգամ էդ նախադասությունը կրկնեցի»:

Մյասնիկյանի հարկային տեսչությունը «Կարախանյան եւ ընկերներ իրավաբանական գրասենյակ»-ում ստուգումների արդյունքում մոտ 8 մլն դրամի ակտը կազմել է անցյալ տարվա հոկտեմբերին: Նոյեմբերին ՍՊԸ-ն հայցով մտել է վարչական դատարան` վիճարկելով նշյալ ակտը: Հարկայինն էլ որպես պատասխան` արգելանք է դրել ընկերության հաշիվների վրա` 41 օր կաթվածահար անելով նրա աշխատանքը:

«ՍՊԸ-ն գույք ունի, նորմալ միջոցներ, ու դրանից առաջ 40-50 մլն դրամ պետությանը հարկ ենք վճարել,- ասում է ընկերության տնօրեն Արամ Կարախանյանն ու շեշտում,- ՍՊԸ-ն իր գործունեության 5 տարվա ընթացքում երբեւէ որեւէ հարկային պարտավորություն չի ուշացրել: Ավելին` եղել են դեպքեր, երբ նույն Մյասնիկյանի հարկայինի աշխատակիցների խնդրանքով կանխավճար ենք տվել»:

Ասվածի համատեքստում Արամ Կարախանյանը եզրակացնում է, որ արգելանքով ՊԵԿ-ը պարզապես փորձել է իրենց ճնշել, քանզի կասկածներ, որ իրենք ակտի գումարը չէին վճարի (եթե դատարանն այդպես վճռեր), ուղղակի չկային: Վարչական ակտը կազմելուց հետո գործի նյութերով սկսել է զբաղվել ՊԵԿ հետաքննչական բաժինը: Բայց, ըստ էության, քրեորեն պատժելի որեւէ արարք չի հայտնաբերվել: Այլապես անհասկանալի է, թե ինչո՞ւ շուրջ 6 ամիս քրեական գործ չի հարուցվել: Վարչական դատարանը հիշյալ ակտն անվավեր է ճանաչել այս տարվա մայիսի 5-ին: Դրանից մոտ մեկ ամիս անց ընկերության տնօրենը ՊԵԿ քննչական վարչության գրությունից հանկարծ տեղեկացել է, որ իր նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չնայած գրավոր խնդրանքին` նրան այդպես էլ չեն տրամադրել քրեական գործ հարուցելու որոշման պատճենը:

Արամ Կարախանյանը հիշում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալներից մեկի (Կարախանյանը նախընտրում է վերջինիս անունը դեռեւս չհրապարակել) հետ թեմայի շուրջ ունեցած զրույցը. «Նրա մոտեցումը հետեւյալն էր. այո, ակտը սխալ է, բայց դուք մի մոռացեք, թե ում հետ գործ ունեք: Հետեւանքները ձեզ համար շատ ավելի ծանր կարող են լինել, եթե հիմա չդադարեցնեք բողոքարկումները: Դրա համար խորհուրդ ենք տալիս վճարել ակտի գումարը, որի դեպքում քրեական հետապնդում չի լինի»: ՊԵԿ-ը վարչական դատարանի վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: Սակայն դեռեւս տեղեկություններ չկան` բողոքը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ:

Հ. Գ. Ակտը կազմվել է Մյասնիկյանի ՀՏ-ի նախկին պետ Աշոտ Արզումանյանի օրոք: Ներկայիս պետ Արթուր Հարությունյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե պատրաստ է մեկնաբանություններ տալ, ուղղակի անհրաժեշտ է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի թույլտվությունը: Այստեղից էլ հայտնեցին, որ ՊԵԿ ղեկավարության որոշմամբ` մեկնաբանություններ կտա ՊԵԿ այն ներկայացուցիչը, ով կմասնացի հուլիսի 27-ի քննարկմանը: Ինչպես պարզվեց, այդ ներկայացուցիչն Արսեն Նիկողոսյանն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter