HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Շուշի. պատերազմը շարունակում է մնալ երեխաների մեջ

Հուլիսի 12-ին Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնում բացվեց «Արամ Մանուկյան» 6-րդ ճամբարը, որը տեւեց 2 շաբաթ: Այս տարի ճամբարին մասնակցում էր մոտ 100 երեխա, հիմնականում` Շուշիից, նաեւ հարակից շրջաններից, ինչպես նաեւ` մոտ 30 կամավոր: Ճամբարում երեխաները խաղում են, զբաղվում սպորտով, ձեռարվեստով, ներկայացում բեմադրում: Ճամբարը ստեղծվել է կանադաբնակ Հայդուկ եւ Աիդա Շամլյանների նախաձեռնությամբ: «Հետքի» հարցերին պատասխանում է ամերիկաբնակ հոգեբան Դիանա Դանիելյանը, ով եւ անցյալ, եւ այս տարի` ճամբարի օրերին, աշխատել է երեխաների հետ:

Ի՞նչ հոգեբանական խնդիր ունեն պատերազմական տարածքում,` կոնկրետ Շուշիում ապրող երեխաները:

Ուղղակի երեխա լինելու, ամենօրյա պրոբլեմների մասին չանհանգստանալու, վախերից ազատվելու: Ինձ համար շատ ցավալի էր տեսնել, որ յուրաքանչյուր խաղալիքից, յուրաքանչյուր լեգոյից, որ տալիս էինք երեխաներին, իրենք սարքում էին զենք, զինվորներ: Շուշիում մեր երեխաների մեջ շատ ագրեսիա կա, որը ինչ-որ տեղ բնական է. դա, փաստորեն, պատերազմի գոտի է: Երեխաները իրար հետ խոսելիս հաճախ հրում են, խփում` իրար շատ սիրելով, միեւնույն ժամանակ իրար ձեռք բռնած: Շատ քիչ է լինում, որ եթե ազատ խաղում են` առանց ինստրուկցիայի, խաղում են ուղղակի ուրախ մի բան: Շատ ժամանակ կռիվ կամ ինչ-որ ջղայնություն եւ ագրեսիա եմ ես տեսնում երեխաների մեջ, որը նաեւ միատեղ է շատ ուժեղ սիրո եւ իրար մեջքի կանգնած լինելու հետ: Իրական պատերազմի ժամանակ այս երեխաները չկային, բայց նրանք ունեն ընտանիքներ, եւ ընտանիքներում նկարներ են կախված, գիտեն, որ այս մարդուն կորցրինք պատերազմի ժամանակ, ընտանիքի անդամներ, հայրեր, հորեղբայրներ, եւ մինչեւ հիմա էլ կան եւ զոհեր, եւ կրակոցներ, եւ վախ:

Եթե նայենք հենց այդ ամենի տեսանկյունից, գումարած ադրբեջանցիների գրեթե ամենօրյա սպառնալիքները, թե հարձակվելու են, արդյոք բնական չէ՞ լեգոյից զենք սարքելը:

Իհարկե, բնական է, բայց ցանկալի չէ: Ամեն մարդ, ամեն սերունդ ունենում է ինչ-որ ազդեցություններ: Հիմա այդ սերունդն ունի վախի, սպառնալիքի եւ պատերազմի ազդեցությունը, բայց իդեալական ձեւով ես կուզեի, որ երեխաները չունենային դա եւ ավելի շատ մտածեին երեխա լինելու մասին: Այո, պետք է լինեն արթուն, պետք է իմանան` ինչ վիճակում են, բայց ես ուզում եմ մտածել, որ երեխաների խնդիրը չպետք է լինի պաշտպանվելը կամ հաց հայթայթելը: Երեխայի նորմալ զարգացման համար կարեւոր են խաղը, ազատությունը եւ հանգստությունը, ապահովությունը: Բայց, իհարկե, նրանք չեն կարող չապրել այն, ինչ իրենց ծնողն է ապրում:

Ո՞րն է պատերազմական տարածքի երեխաների բնավորության հիմնական գիծը:

Շուշիի երեխաների մեջ զարմանալի ճկունություն կա, այսինքն` թե ինչպես են նրանք ի վիճակի հոգեպես անցնելու այդ բոլոր պրոբլեմները եւ շարունակել լինել ուժեղ, բարի: Բարի եւ հոգեպես ուժեղ երեխաներ են: Ես մտածում էի, թե ինչն է, որ այս երեխաներին օգնում է այդքան ուժեղ լինել: Կարծեմ, որ նրանք ժամանակ չունեն խիղճ զգալու իրենք իրենց հանդեպ: Ուրիշ տեղ ժամանակ ունենք երեխաներին ասելու, որ «սխալ էր` ինչ եղավ քո հանդեպ» եւ այլն: Իսկ Շուշիի երեխային ժամանակ չունենք ասելու, որ «համաձայն եմ քեզ հետ, որ այսպես պետք է չլիներ» (ես չեմ ասում, որ դա ճիշտ է):

Շուշիի ռմբակոծված շենքերը, քարուքանդ փողոցները հոգեպես ազդո՞ւմ են երեխաների վրա:

Երբ անցյալ տարի առաջին անգամ Շուշի եկա, ես հիացած էի Շուշիի բնության գեղեցկությամբ, մագնիսական մի էներգիա ունի Շուշին: Բայց երբ տեսա փլատակները եւ քանդված շենքերը, առաջինը մտածեցի, որ դրանք թե երեխաներին, թե մեծերին ամեն վայրկյան հիշեցնում են, որ սա պատերազմի դաշտ է, որ այստեղ մարդիկ են սպանվել: Այս տարի մեծ փոփոխություն կար. արդեն շինարարություն են սկսել եւ այդ քանդված շենքերի վրա ուղղակի կառուցում են նոր շենքեր: Հիմա կարծես տեսնում ենք կիսասպանված ինչ-որ քաղաք: Վերակառուցումից հետո շատ դրական կլինի:

Որպես հոգեբան` ի՞նչ աշխատանք էիք տանում երեխաների հետ:

Ես երեխաների եւ ընտանիքների հետ զրույցներ էի անցկացնում, փորձում, որ իրենք իրենց զգացմունքները եւ մտքերը խոսքերի վերածեն: Կար մի աղջիկ, որի աչքի առաջ մորը սպանել էին տան մեջ, եւ ինքը թաքնված տեսել էր սպանությունը: Դա եղել է մի քանի տարի առաջ, բայց աղջիկը առաջին անգամ խոսեց ինձ հետ դրա մասին անցյալ տարի: Երբ ես իրեն հարցրի` որեւիցե մեկի հետ խոսե՞լ ես, թե ինչ ես տեսել, ինչ ես զգացել, ինքն ասաց` չէ: Վստահ եմ, որ աղջկան ուշադրություն էին դարձրել, տարել էին, ապահովել էին եւ այլն, բայց հոգեկան զգացմունքներին ուշադրություն չէին դարձրել: Հաճախ երեխաները մոտենում եւ ասում են` ինձ հետ մի քիչ կխոսե՞ք: Ինձ 14-15 տարեկան երեխաներ մոտեցան, ասացին` խնդրում ենք, մեզ ժամանակ կհատկացնե՞ք: Աթոռները պատրաստել էին թաքուն մի տեղ, որտեղ ոչ ոք չէր տեսնում իրենց, եւ ընդամենը ուզում էին խոսել իրենց կարիքի, տղաներ-աղջիկներ ընկերություն անելու, հանդիպելու, դեռահաս լինելու մասին, բողոքում էին, որ ընդունված չէ, թույլ չեն տալիս: Ընդամենը կարիք ունեին դրա մասին խոսելու մեկի հետ, ով չեզոք, ուղղակի օբյեկտիվ ձեւով կարող է իրենց լսել եւ ասել. «Շատ նորմալ է 15 տարեկանում սիրահարված լինելը, շատ նորմալ է 15 տարեկանում ծնողի հետ համաձայն չլինելը»:

Դա է, որ բացակայում է: Շատ պահված բաներ ունեն եւ շատ զարմանալի էին Շուշիի երեխաները: Լինելով այդ պայմաններում` իրենք այնքան հասունություն եւ այնքան պատասխանատվություն ունեն թե իրենց զգացմունքների, թե իրենք իրենց, թե ծնողների հանդեպ: Շատերի մեջ տեսնում եմ այդ փակվածությունը, որովհետեւ չեն ուզում նաեւ ավելորդ բեռ լինել ծնողների համար, այլ իրենք իրենց զգացմունքները ներսում են պահում, միայն զբաղվում են ամենօրյա խնդիրներով, ինչով իրենց ընտանիքն է զբաղվում:

Երբ խոսում էի Շուշիի ճամբարի երեխաներից ոմանց հետ, զգում էի, որ այս երեխաների նպատակն է ինչ-որ մի բան հայթայթել, տուն տանել: Եվ ցավոք, լսեցի դեպքեր, եւ խոսեցինք Շուշիի ոստիկանության հետ, որ ունենք երեխաներ, որոնք արդեն գողության են դիմում կամ գնում են եկեղեցիների շուրջը փող են խնդրում մարդկանցից: Ես տեսնում եմ, որ այդ երեխաները շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն, բայց իրենց կարծիքով` իրենք պետք է օգնեն ընտանիքին, եւ ընտանիքն էլ չի ասում, որ «չէ, դու զբաղվիր քո երեխա լինելով»:

Շուշիի ընդհանուր հասարակությունը շատ ծանրաբեռնված է ամենօրյա սոցիալական խնդիրներով: Այս մարդիկ գոյատեւության մեջ են դեռ թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե սոցիալապես: Երբ երեխան տեսնում է` ծնողը անընդհատ անհանգիստ վիճակի մեջ է, միայն գումար է որոնում, կերակուր եւ այլն, արդեն շատ քիչ տեղ է մնում կամ երեւի թե տեղ չի մնում մտածելու նրանց ցանկությունների, զգացմունքների, ապագային նայելու մասին եւ այլն: Իմ կարծիքով` ծնողների մեծամասնությունը կարծում է, որ երեխան կերավ, հագավ, ինչ-որ կոնկրետ մի տեղում է գտնվում, այդքանը բավարար է:

Ո՞րն է այն արդյունքը, որին այս 2 տարվա ընթացքում հասել եք` Շուշիում աշխատելով:

Արդյունքն այն է, որ երեխաներն ուղղակի ունեցան մի պահ, մի շանս, որ արտահայտվեն, խոսեն, իրենց հարգված, կարեւոր զգան: Կարեւորության պահն է, որ չունեն այդ երեխաները, քանի որ այդքան խրված են իրենց ամենօրյա պրոբլեմների մեջ: Այս տարի հասկացա, որ երբ վերադառնամ, իմ աշխատանքը պետք է լինի ծնողների հետ: Շատ կուզեի, որ ծնողները խմբով ուղղակի լսեին երեխայի հետ վարվելու, երեխաների զարգացման մասին, թե մեր` մեծերիս վերաբերմունքը, օրինակ` ֆիզիկական բռնությունը, ինչքան է ազդում երեխաների, նրանց` մարդ դառնալու, հոգեկան առողջության վրա: Վստահ եմ, որ եթե բռնություն բառը օգտագործեմ Շուշիում, կասեն, որ ես խենթ եմ: Այդ խնդիրն այնքան նորմալ է այդ հասարակության մեջ, այնքան տարածված է: Բայց լսելուց հետո, եթե մի բան էլ մնա, ինձ թվում է` դա ավելի արագ կազդի երեխաների վրա, քան եթե մենք մեկ առ մեկ աշխատենք երեխաների հետ:

Անձնապես Ձեր մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է Շուշիի երեխաների հետ աշխատելուց հետո:

Անպայման: Ես ուղղակի վերհիշեցի, թե ինչքան դժվարություններ կան կյանքում: Շուշիի երեխաներին համեմատելով այն երեխաների հետ, որոնց հետ ես աշխատում եմ Նահանգներում` ես ուղղակի զարմացած էի եւ սկսեցի ավելի մտածել իմ աշխատանքի ձեւերի մասին: Հաշվի առնելով այն ամբողջ աշխատանքը, որ Ամերիկայում մի երեխայի համար է արվում, եւ մի շուշեցի երեխա, որի վրա աշխատանք չի արվում` ես նայում էի արդյունքները, վարքային ինչ-որ տարբերություններ, եւ ինձ համար մեծ դասեր էին դրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter