HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

«Դիփունքս էլ խաբում ինք ու խաբվում ինք»

Օգոստոսի 27-ին Իջեւանում կայացած ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ արծարծվեցին  Տավուշի  մարզի հանրակրթության ոլորտի  բազմաբնույթ խնդիրներ: Մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի տվյալներով` վերջին 13 տարում մեծ չափով կրճատվել է սահմանամերձ մարզի դպրոցականների թիվը. 1997-98 ուսումնական տարում մարզի դպրոցների 1200 դասարաններում սովորել է 26 700 աշակերտ:

Նախատեսվում է, որ 2010 թ. սեպտեմբերին մարզի հանրակրթական դպրոցների 925 դասարաններում կընդգրկվի 16 720 աշակերտ: 1998-1999 ուս. տարում Տավուշի դպրոցներում աշխատում էր 2219 ուսուցիչ: Չնայած վերջին տասնամյակում աշակերտների թվի նվազմանը, մարզի ուսուցիչների թիվը մնացել է նույնը: Այնուամենայնիվ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը դպրոցների տնօրեններին կոչ արեց հաստիքների կրճատում չկատարել` նկատի ունենալով, որ առաջիկայում ուսուցիչների ատեստավորում է կատարվելու: Մարզպետարանի կրթության վարչության պետը հայտնեց, որ հիմնական խնդիրը կրթության որակն է, այս առումով նոր մարտահրավերներ են ծառացած: Կրթության որակի մասին վկայում են առարկայական օլիմպիադաները եւ միասնական քննությունները:

Որքան էլ զարմանալի թվա, առարկայական օլիմպիադաներում հաջողության են հասել ոչ թե մարզի քաղաքների դպրոցների(որոնք ավելի հագեցած են տեխնիկապես եւ ուսուցչական կադրերով),այլ` հեռավոր եւ սահմանամերձ դպրոցների աշակերտները: Վրաստանին սահմանակից Պտղավանի դպրոցի սանը հաղթելով կենսաբանության օլիմպիադայի հանրապետական փուլում` Հարավային Կորեայում մասնակցել է միջազգային օլիմպիադային,Ադրբեջանի հետ սահմանամերձ Այգեպարի դպրոցի աշակերտն էլ մրցանակ է շահել «Կենգուրու» խաղ-մրցույթում: Մտահոգիչ են միասնական քննությունների արդյունքները:

Մարզի  դպրոցների 1700 շրջանավարտներից 700-ն է մասնակցել միասնական քննությունների: Ցածր գնահատականները շատ են հայոց լեզվից, կենսաբանությունից, աշխարհագրությունից, հայոց պատմությունից, մաթեմատիկայից:

«Աշխարհագրության  եւ ռուսերենի միասնական քննությունից 17-ից բարձր գնահատական ոչ ոք չի ստացել: Այն դեպքում, երբ Դիլիջանում եւ Իջեւանում գործել են ռուսական դպրոցներ, եւ հիմա էլ դիլիջանցի ծնողներից անընդհատ դիմումներ են ստացվում ռուսական խմբեր ձեւավորելու խնդրանքով, որպեսզի այնտեղ ուսումը շարունակեն իրենց երեխաները»,- ասաց մարզպետ Ա.Ղուլարյանը:

Հատկապես վատ է ֆիզիկայի միասնական քննության արդյունքը. մասնակիցների մեկ երրորդը ստացել է անբավարար, 17-ից բարձր գնահատական է ստացել ընդամենը երկու հոգի: Այս առթիվ Աշոտ Փաշինյանը պարզաբանեց. «Գիտենք, որ անհրաժեշտ մոտեցումներն ու գրականությունը դեռեւս դպրոցներում ճիշտ չեն օգտագործվում: «Ֆիզիկա» առարկայից քննություն հանձնողների մի ստվար մասը համարվում էր «լավ պարապած», սակայն մեծ մասը ձախողվել է, որովհետեւ  ուսուցիչը ծանոթ չէր թեստային եղանակին, այդ եղանակով մրցույթին աշակերտներին նախապատրաստելուն, օգտագործում էր իր իմացած հին գրականությունը»: Նա ձախողման պատճառների թվում հավելեց գնահատման թեստավորման կենտրոնի առաջարկած հարցաշարերը, կրկնողության նյութերը, տարբերակները պատշաճ ձեւով չօգտագործելը: Մասնագիտություն ընտրելու առումով էլ շրջանավարտներին վատ են կողմնորոշել, այսինքն` աշակերտը, որ մաթեմատիկա չգիտի, չպիտի այնպիսի մասնագիտություն ընտրեր, որի համար այդ քննությունը պարտադիր է:

Մարզպետը հետաքրքրվեց նշված առարկաների միասնական քննությունների ցածր արդյունքների պատճառներով` կարծիք հայտնելով, որ դա դպրոցում կազմակերպչական խնդիրների, նաեւ կրկնուսույցների աշխատանքի հետ է կապված: Կրթության վարչության պետն այդ ժամանակ հայտարարեց. «Ստվերային դպրոցի արդյունքներն առկա են»: Վերջինիս արտահայտած մյուս միտքը պատճառային առումով այնքան էլ համահունչ չէր դրան` «ամենախոցելի օղակը միջին դպրոցն է, եւ ոչ մի կրկնուսույց, ոչ մի պարապող ուսուցիչ չի կարող 1-2 տարում ետ բերել 4-5 տարում կորցրածը»: Աշոտ Փաշինյանն ասաց, որ դպրոցների տնօրենները հիմնականում զբաղվում են դպրոցների փաստաթղթերով, ֆինանսատնտեսական գործունեությամբ` կրթական խնդիրները թողնելով փոխտնօրեններին եւ ուսուցիչներին:

Մարզի բոլոր ուսուցիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացների, սակայն կրթության վարչության պետի խոսքերով` կարիք կա վերապատրաստման գործընթացի մեխանիզմները կամ վերապատրաստվող կադրերը փոխելու, որովհետեւ մարզում քիչ չեն այն ուսուցիչները, որոնց ոչ մի վերապատրաստում օգուտ չի տալիս: Կրթության վարչության պետը դպրոցների տնօրեններին կոչ արեց դասարանները կոմպլեկտավորելիս ընդգրկել միայն այն աշակերտներին, որոնց անձնական գործերն իրենց մոտ են, մարզպետն էլ դպրոցների տնօրեններին կոչ արեց աշակերտների թվի հավելագրումներ չկատարել, ինչպես անցյալ ուսումնական տարում:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն, կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը տնօրեններին առաջարկեց  ներկայացնել դպրոցներում ուսման առաջադիմության իրական, թեկուզեւ ցածր տոկոսները:

Այս ոլորտում աշակերտից մինչեւ նախարարություն տիրող աչքակապությունը բնութագրելու համար նա մեջբերեց «Խաթաբալայի» Զամբախովին. «Դիփունքս էլ խաբում ինք ու խաբվում ինք»: Եվ պարզաբանեց, որ  դպրոցում աշակերտը ձեւացնում է, թե դաս է սովորել: Ուսուցիչն էլ գիտի, որ այդպես չէ, սակայն ձեւացնում է, թե հավատում է: Ուսուցիչն էլ իր հերթին ստուգողականների, քառորդային, տարեկան աշխատանքների խեղաթյուրված արդյունքներ է ներկայացնում: Ուսմասվարը գիտի, որ դա կեղծիք է, բայց ցույց է տալիս, որ հավատում է: Ընդ որում` ուսուցիչը լավ գիտի, որ ուսմասվարը տեղյակ է իրական պատկերին:

«Դա Երեւանո՞ւմ է այդպես»,- կես-կատակ հարցրեց մարզպետ Ղուլարյանը: «Այստեղ էլ է այդպես, ցանկացած դպրոցում պատկերն այդպիսին է: Եթե էդ կեղծիքը դուրս չեկավ մեր միջից, մենք ոչ մի ուրիշ պրոբլեմ չենք կարողանա լուծել»,- պատասխանեց Մանուկ Մկրտչյանը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը խորհուրդ տվեց  առաջիկա տարիներին միասնական քննությունների արդյունքով չգնահատել ոչ դպրոցը, ոչ էլ ուսուցչին, որովհետեւ այդ քննությունները այլ նպատակ են հետապնդում, մրցույթ անցկացնելու համար են, դրա համար էլ թեստերը հատուկ նպատակով եւ հատուկ ոճով են կազմված: Նրա խոսքերով` այդ քննությունների արդյունքներով դժվար է գնահատել դպրոցը,  որովհետեւ քննությունների գնահատականի վրա մի քանի գործոններ են ազդում: Դրա փոխարեն գնահատման եւ թեստավորման կենտրոնը արդեն երկու տարի դպրոցներում ուսուցման արդյունքների արտաքին գնահատում է կատարում:

ԵՊՀ Իջեւանի մանաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն ասաց, որ իրենք պարզել են, թե ինչու են դիմորդները ցածր առաջադիմություն ցուցաբերում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաներից. դպրոցներում այդ առարկաների ժամաքանակը քիչ է, եւ ֆինանսական խնդիրներից ելնելով` դպրոցների  համար շահավետ չէ այդ առարկաների առանձին ուսուցիչ պահելը: Լավագույն դեպքում քիմիայի ուսուցիչը նաեւ կենսաբանություն է դասավանդում, պատմության ուսուցիչը` աշխարհագրություն, մաթեմատիկայի ուսուցիչը` ֆիզիկա: Որքան էլ այդ նպատակով ուսուցիչների վերապատրաստումներ արվեն, այնուամենայնիվ, ուսուցիչների բազային կրթությունը կարեւոր է: Մասնաճյուղի տնօրենի խոսքերով` իրավիճակից ելք կարող է լինել նաեւ այն, որ  ինչպես 50-60 տարի առաջ, մանկավարժական բուհերում ֆակուլտետները լինեն պատմա-աշխարհագրական, ֆիզիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական, որպեսզի շրջանավարտները այդ ֆակուլտետներում   ուսանելով`  կարողանան դպրոցներում բարձր որակով դասավանդել երկու առարկաներն էլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter