HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՀՀ գլխավոր նարկոլոգն` ընդդեմ խաղատան գովազդի

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում ասուլիս տվեց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Նա, մտնելով մամուլի ակումբ, պահանջեց տեղափոխել սեղանը, որի առջև նստելու էր, քանի որ սեղանի հետևում փակցված էր խաղատուն գովազդող պաստառ: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք խնդիրն ա՞յն է, որ գովազդը լատինատառ է` Պետրոս Սեմերջյանը պատասխանեց, որ ինքը չի ուզում նկարահանվել խաղատան գովազդի ֆոնին:

Ասուլիսի վերջում լրագրողներից մեկն ասաց, որ գնահատեց Պետրոս Սեմերջյանի կեցվածքը: «Հետքի» հետ զրույցում «Արմատ» մամուլի ակումբի ղեկավար Վահրամ Միրաքյանը նշեց, որ առանց գովազդի` մամուլի ակումբները պարզապես կփակվեն: Եթե հյուրն է դիմում մամուլի ակումբին` ասուլիս տալու համար, հյուրն է վճարում: Տվյալ դեպքում Պետրոս Սեմերջյանը չէր վճարել, քանի որ ակումբն էր նրան հրավիրել, և հյուրը պետք է նախօրոք հայտներ ակումբին, որ համաձայն չէ նկարահանվել գովազդի ֆոնին: «Մենք ծառայություն ենք մատուցում և հյուրերին, որ հրավիրում ենք (նրանք իրենց ասելիքն են ասում), և ծառայություն ենք մատուցում լրագրողներին, որ հետաքրքիր թեմաների քննարկում ենք կազմակերպում: Բայց ծառայության համար պետք է տարածքի փող վճարենք, աշխատողին վարձատրենք, և բազմաթիվ նմանատիպ ծախսեր կան: Իսկ այդ ամենը առանց գովազդի ինչպե՞ս կարող ենք հոգալ»,- ասաց Վահրամ Միրաքյանը: Նա նշեց, որ այլ ակումբներում ևս եղել են դեպքեր, երբ լրագրողները հրաժարվել են գովազդը նկարահանելուց: Բայց ակումբը հենց գովազդի հաշվին է գոյատևում: Վահրամ Միրաքյանի խոսքերով` իրենց ակումբը միակն է, որը հաճախ ազգային խնդիրներ է արծարծում, հայ ժողովրդի հերոսների ծննդյան և մահվան տարելիցներին կազմակերպում նրանց նվիրված ասուլիսներ: «Խաղատան գումարը հնարավորություն է տալիս մեզ այդ ոլորտում աշխատել: Այս պահի դրությամբ հազար տեղ դիմել ենք, բայց ոչ մի կազմակերպություն մեզ չի հովանավորել, որ ազգային խնդիրներին նվիրված ասուլիսներ անենք»,- ասաց Վահրամ Միրաքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter