HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արցախի հարցն ու գերմանական պատի փլուզումը

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը որևէ նմանություն չի տեսնում Արցախի հարցի և գերմանական պատի փլուզման միջև: Այս մասին դեսպանն ասաց այսօրվա մամուլի ասուլիսին, երբ լրագրողը նշեց. «Ղարաբաղը խորհրդային տարիների արդյունքում առանձնացվել է, Ղարաբաղն էլ իրավունք ունի միանալ: Նմանություններ չե՞ք տեսնում»:

«Ես չեմ կարծում, որ դա կարելի է որևէ կերպ համեմատել: Մենք բախտ ենք ունեցել նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում ունենալու իսկապես խիզախ քաղաքացիներ, ովքեր քաջություն են ունեցել ցույցերի միջոցով հաջողության հասնել: Գերմանացիներն այնքան էլ հեղափոխական չեն իրենց էությամբ, բայց Բեռլինի պատի անկման ժամանակ գերմանացիներն իսկապես ապացուցեցին, որ նույնպես կարող են հեղափոխական ոգի ունենալ և ցույցերի միջոցով փորձել հասնել հաջողության: Հրաշալի իրադրություն էր: Նրանք մեծ ռիսկի էին գնում, քանի որ մի քանի հազար խորհրդային զինվոր կար, և մինչև վերջին պահը հայտնի չէր` նրանք միջամտելո՞ւ են, թե՞ ոչ, այսպես կոչված ներքին զորքերը կկրակե՞ն ցուցարարների վրա, թե ոչ՞: Դա եզակի պահ էր, երբ իսկապես շատ քաղաքացիներ իրենց ձեռքը վերցրին քաղաքական ճակատագիրը և ռիսկի դիմեցին: Նրանք դանդաղ, բայց անընդհատ ուժեղացրին կառավարության վրա ճնշումը: Եվ կառավարությունը ի վերջո չհամարձակվեց ուժ կիրառելու հրաման տալ»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը: Նա նշեց, որ դեռ պետք է սպասել` տեսնելու համար, թե Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը որքանով կազդի Արցախի կամ Մերձդնեստրի հակամարտության զարգացումների վրա: «Բայց շարունակում են կարևոր մնալ այն դրույթները, որոնք նաև պաշտպանում են Մինսկի խմբի համանախագահները, և նրանք ժամանակ առ ժամանակ վերահաստատում են այդ դրույթների կարևորությունը: Կարևոր է ԼՂ հակամարտության լուծումը փնտրել մադրիդյան սկզբունքների հիմա վրա, ինչը ենթադրում է տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և որ ամենակարևորն է` ուժի չկիրառում կամ ուժի սպառնալիքի բացառում: Կրակի վրա յուղ լցնել կամ ուժի սպառնալիքի դիրքերից խոսելը ես համարում եմ քաղաքական առումով ոչ արդյունավետ և վտանգավոր»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը: Անդրադառնալով այն տեսակետին, որ Եվրամիությունն Արցախի հակամարտության կարգավորման հարցում ակտիվ դեր կարող է ունենալ` դեսպանը նշեց, որ հայկական կողմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջև համաձայնություն կա առ այն, որ հայկական կողմը առաջնություն է տալիս Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: «Քաղաքական առումով նպատակահարմար չեմ համարում Մինսկի խմբի համանախագահների ստանձնած առաքելությունը ընդլայնել որևէ այլ գործիքներով: Այստեղ անգամ քննարկումներ ծավալվեցին ԼՂ հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին, և բնականաբար, եզրահանգումն այն էր, որ Թուրքիայի մասնակցությունը չի կարող նպաստել բանակցությունների արդյունավետ շարունակմանը»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter