HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Գերմանիայի դեսպանի` Հայաստանում հաճախ իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»

Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ն սկսել է համագործակցել իր 6 գործընկերոջ հետո: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ինչ-որ իքս կետում ԵՄ-ն Հարավային Կովկասը տեսնում է հենց իր կազմում: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին, անդրադառնալով այս հարցին, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը նշեց, որ տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանն անդամակցի ԵՄ-ին:

Սակայն պետք է հաշվի առնել, որ շուտով նախկին Հարավսլավիայի մաս կազմող երկրները կմիանան ԵՄ-ին, և այդպիսով ԵՄ անդամ երկրների թիվը կգերազանցի 30-ը: Սա ինստիտուցիոնալ իմաստով բեռ է ԵՄ-ի համար: Այդ պատճառով ԵՄ-ն ներկայումս ավելի շատ ձգտում է սկսել նոր գործընթացներ, ինչպիսիք են, օրինակ` Արևելյան գործընկերության ծրագիրը, ասոցիացիոն համաձայնագրերի կնքումը Հարավային Կովկասի երկրների հետ և այլն: «Շատ բան կախված է ձեր երկրի ջանքերից, թե որքանով այդ ջանքերը կնպաստեն այս գործակցության հաջող մեկնարկին»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը: Նա անդրադարձավ մի քանի բարեփոխումների, որոնք Հայաստանը պետք է իրականացնի: Հայաստանում իշխանության 3 ճյուղերը տարանջատված չեն իրարից Գերմանիայի դեսպանի խոսքերով` Հայաստանում ընդունված չէ քննադատաբար խոսել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատվածության մասին: «Դրա մեջ ամենակարևոր տեղը զբաղեցնում է դատական իշխանության անկախությունը: Արտերկրում բավականին շատ են շեշտում այն, որ այստեղ դատական համակարգը անկախ չէ, այն քաղաքականցված է և հաճախ իրականացվում է այսպես կոչված «հեռախոսային արդարադատության» շրջանակում»,- նշեց Հանս-Յոխեն Շմիդթը: Նա ասաց, որ «հեռախոսային արդարադատություն» արտահայտությամբ շեշտում է Հայաստանում արդարադատության անկախության մակարդակը: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը զարգացել է հիմնականում իշխանության 3 թևի հստակ բաժանման շնորհիվ: Լավ արդարադատությունը պահանջում է նաև բարձր որակավորում ունեցող դատավորների առկայություն: Երկու Գերմանիաների վերամիավորումից հետո երկար ժամանակ պահանջվեց նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում դատական համակարգի լիարժեք անկախության հասնելու համար: Գերմանիայում ևս առաջնային խնդիր էր լավ որակավորում ունեցող մասնագետների առկայությունը: «Դուք հիանալի դատավորներ ունեք Հայաստանում: Ես որոշ դատավորների հետ հանդիպել եմ, բարձր որակավորում ունեցող դատավորներ են: Օրինակ` Սահմանադրության ընդունման հոբելյանական միջոցառման ընթացքում ՍԴ նախագահը հիանալի զեկույց կարդաց` ներկայացնելով Հայաստանում այդ ոլորտի մասնագետների գործունեությունը»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը: Հայկական կողմի առջև խնդիր է դրված մարդու հիմնարար ազատությունների` հանրահավաքների, ցույցների, խոսքի ազատությանը վերաբերող օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, «որպեսզի որքան հնարավոր է հաջող և շուտափույտ տեղի ունենա համաձայնագրի ստորագրումը»: Գերմանիայում ևս շատ երկար ժամանակ է պահանջվել, մինչև քաղաքացին սկսել է ապրել երկրի մայր օրենքով` Սահմանադրությամբ: Գերմանիայում ևս լուրջ խնդիրներ են եղել, օրինակ 1968-ին` կապված ցույցերի ազատության և ոստիկանական ուժերի միջամտության հետ: «Այդ պատճառով շատ ողջունելի է, որ Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ նաև իրավական ոլորտում, կամ, օրինակ, ԵԱՀԿ-ի շրջանակում իրականացնում է ոստիկանության բարեփոխումներ»,- ասաց դեսպանը: Փոքր ու միջին ձեռնարկատերերը պետք է կարողանան իրենց տեղը գտնել օլիգարխների հետ պայքարում Հանս-Յոխեն Շմիդթի խոսքերով` կարևոր է բարեփոխել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, ինչը փոքր ու միջին ձեռնարկատերերին հնարավորություն կտա «իրենց տեղը գտնել օլիգարխների հետ պայքարում»: Պետության կողմից կազմակերպվող մրցույթները ևս պետք է հարմարեցվեն եվրոպական չափանիշներին: Մաքսային օրենսդրությունը, մաքսային ոլորտում սանիտարական չափանիշները ևս պետք է եվրոպական լինեն: «Սրանք տեխնիկական բնույթի հարցեր են, բայց չպետք է թերագնահատել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ձգտում է նաև ապրանքներ արտահանել, և որ արտերկրում գործում են այդ խիստ չափանիշները: Հայաստանը պետք է փորձի տեղում արտադրությունը կազմակերպել այդ չափանիշներին համապատասխան»,- նշեց Հանս-Յոխեն Շմիդթը: «Առողջ պետական համակարգը կարիք ունի քննադատ լրատվամիջոցների» Երկրում կատարվող բարեփոխումների գործում դեսպանը մեծ տեղ է տալիս ԶԼՄ-ներին: «Ես կարծում եմ, որ առողջ պետական համակարգը կարիք ունի քննադատ լրատվամիջոցների»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը: Ըստ նրա` աա է պատճառը, որ Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն և առհասարակ միջազգային հանրությունը մեծ ուշադրությամբ էր հետևում Հայաստանում «ԶԼՄ-ների մասին» օրենքը փոփոխելու գործընթացին: «Հատկապես աբսուրդ և քաղաքականորեն անարդյունավետ է թվայնացման գործընթացի արդյունքում ունենալ ավելի քիչ թվով հեռուստաընկերություններ, քան եղել է նախկինում: Սահմանափակվում են մասնավոր հեռուստաընկերությունների հնարավորությունները` ավելի լայն լուսաբանելու քաղաքական գործընթացները տարբեր տեսանկյուններից: Կարծում եմ, որ նաև արդյունավետ չէ լիցենզավորման գործընթացն իրականացնել ավելի շուտ նյութական գործոնների հիման վրա, քանի որ, բնականաբար, պետական ֆինանսավորում ստացող հեռուստաընկերությունները ավելի շատ գումարներ ունեն և նյութապես ավելի ապահով կլինեն»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը: Նա նշեց, որ ժամանակին Գերմանիայում ևս թեժ քննարկումներ են եղել մասնավոր հեռուստաընկերություններին եթերի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ: Գերմանիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ հանրային հեռուստաընկերությունների կողքին մասնավորներին ևս հնարավորություն տրվեց մասնակցելու հանրային կարծիքի ձևավորմանը: Առանց Ռեադմիսիայի մասին համաձայանգրի կնքման` վիզայի տրամադրման գործընթացը չի հեշտանալու Հայաստան-ԵՄ բանակցությունների մաս է կազմում նաև վիզային ռեժիմի պարզեցումը: «Այստեղ նույնպես անելիքներ կան հայկական կողմից: Պետք է նախ և առաջ կնքվի Վերադարձի (Ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը: Քանի դեռ կնքված չէ այս համաձայնագիրը, հնարավոր չէ խոսել վիզայի գործընթացի հեշտացման մասին»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը: Նրա կարծիքով` վիզայի հետ կապված վճարները պետք է իջեցնել: «Քանի որ վիզայի հարցը բավականին փշոտ է, մեր դեսպանությունը` իր հյուպատոսական բաժնով փորձում է հնարավորինս հեշտացնել վիզաների տրամադրման գործընթացը և հաշվի առնել նաև դիմողի կարիքները: Կցանկանայի նաև լսել ձեր կողմից առաջարկություններ և բողոքներ, որպեսզի ավելի ու ավելի լավացնենք մեր վիզայի բաժնի մատուցած ծառայությունները»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter